ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԵՐԿԱՄՍՅԱԿ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 10-ին տուն-թանգարանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում տեղի ունեցավ հերթական միջոցառումը: Ինչպես միշտ, տուն-թանգարանը հանդես եկավ հագեցած ծրագրով: Միջոցառման շրջանակներում զեկույցներով հանդես եկան թանգարանի աշխատակիցներ Ն. Դանիելյանը և Ս.Ավոյանը <<Ֆրանսերեն լեզուն>> և <<Աշխարհահռչակ Նապոլեոնը>> թեմաներով: Ֆրանկոֆոնիային նվիրված հետաքրքիր ծրագրով հանդես եկան Ֆրանսիական քոլեջի ուսանողները: <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի <<Հայասա>> թատերախումբը՝ գեղարվեստական ղեկավար Ալլա Թորոսյանի գլխավորությամբ ևս մեկ անգամ զարմացրեց գեղեցիկ բեմականացմամբ և միանգամայն այլ ձևաչափով: Այս անգամ նրանց կողմից ֆրանսերեն լեզվով վայելեցինք Շառլ Պերոյի <<Թութուշիկ Ռիքեն>> հեքիաթի ինտերակտիվ զրույց-ներկայացումը, որը ակնկալում էր հանդիստաեսի պատասխաններն ու մասնակցությունը ներկայացմանը: Միջոցառման ավարտին, ավանդույթի համաձայն, մասնակիցներին հանձնվեց աբովյանական հուշանվերներ:
Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման մասնակիցներին՝ <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի <<Հայասա>> թատերախմբին՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար Ալլա Թորոսյանի և Ֆրանսիական քոլեջին՝ ի դեմս փոխտնօրեն Ռուզաննա Ադոյանի: