ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Խաչատուր Աբովյանը մեր հասարակական մտքի խոշոր դեմքերից է:  Նա  զարգացրել ու բարձրացրել է իր ժամանակի հայ հասարակական միտքը, նպաստել է դեմոկրատական գաղափարների տարածմանը: Նա ոչ միայն խոշոր գրող է և հայ նոր գրականության ու գրական լեզվի հիմնադիր, այլև աչքի ընկնող հասարակական գործիչ:

Աբովյանի մոտ շատ ուժեղ էր նորի զգացումը: Նա միշտ առաջինն է նկատել հասարակական կյանքում առաջացած նոր երևույթները և դրանք արտահայտելով իր ստեղծագործություններում՝ տվել է  ճիշտ գնահատականներ: Նա տեսավ ու ժամանակակիցներին ճիշտ կողմնորոշեց, որ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հայ ժողովրդի համար առաջընթաց խոշոր երևույթ էր: Բայց ճաշակելով նաև ցարիզմի դառնությունները, Աբովյանը գիտակցեց, որ Ռուսաստանին միանալուց հետո էլ հայ ժողովուրդը չհասավ ո´չ ազգային և ո´չ էլ սոցիալ-քաղաքական ազատության:

Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Դորպատում՝ Աբովյանի «մտավոր վերածնության վայրում» անցկացրած ուսումնառության հինգ տարիները նրան գիտելիքների մեծ պաշարի հետ միասին տվեցին նաև քաղաքական որոշակի համոզմունք:

1830-36թթ. Աբովյանի համար մտավոր հասունացման տարիներն էին: Իր զորեղ հիշողության և բնատուր ընդունակությունների շնորհիվ նա ձեռք բերեց ազգային գործչին անհրաժեշտ հմտություններ: Աբովյանի աշխարհայացքի հետագա զարգացմանը և կանխորոշմանը նպաստեցին մի շարք հանգամանքներ՝ համալսարանական ազատությունները, դասախոսների հակացարական տրամադրությունները, ուսանողական հայրենակցական գաղտնի խմբակները և Եվրոպայում տիրող հեղափոխական մթնոլորտը:

Աբովյանի դորպատյան օրագրերը մոտավոր գաղափար են տալիս, թե ինչպիսի ազդեցություն են ունեցել լեհական իրադարձությունները Դորպատի ուսանողության վրա և որքանով են դրանք առնչվել Աբովյանի հետ կամ ինչ ազդեցություն են ունեցել նրա վրա: Իր խոսակցությունները դորպատյան դասախոսների հետ լեհական ապստամբության և դրա հետ կապված հարցերի շուրջ Աբովյանը շատ զգուշավորությամբ է ներկայացնում: Գրառումներից նկատելի է դառնում, որ քաղաքականությունից լավատեղյակ անձինք Աբովյանի ներկայությամբ Լեհաստանում կատարած ավերածությունների մասին քննարկումներ են արել և, ըստ ամենայնի, ի վնաս ցարիզմի: Այս հանգամանքները մեծապես նպաստում էին Աբովյանի ազգային ինքնագիտակցության և նրա գաղափարական զարգացմանը: Ազատամիտ մտավորականների բարեկամական շրջապատում Աբովյանը ստացել է այն ամենը, ինչը չէր կարող տալ ժամանակի ոչ մի համալսարան: Այդտեղի պաշտոնական հավաքույթներում է Աբովյանը լսել արգելված ազատ խոսքը, պատմական ճշմարտություններ, հաղորդակից եղել ժամանակի քաղաքական իրադարձությունների շուրջը ծավալվող բազմաթիվ վեճերի և զրույցների, որոնք աստիճանաբար նպաստել են նրա քաղաքական աշխարհայացքի զարգացմանը: Աբովյանի աշխարհայացքի ձևավորման գործում զգալի դեր է ունեցել նաև ժամանակի առաջավոր երկրների պետական ու ֆինանսական համակարգերին քաջատեղյակ Ֆրիդլենդերը: Նրա շնորհիվ Աբովյանը տեղեկացել է Ֆրանսիայի ու Անգլիայի պետական կառուցվածքի, քաղաքական կուսակցությունների մասին: Ինչպես նաև տեղեկացել, որ բացի իր իմացած բռնապետական կարգերից, կան այնպիսի պետություններ, որտեղ հպատակները ոչ միայն իրավունք ունեն մասնակցելու կառավարության ընտրություններին, այլև իրենց իրավունքների պաշտպանության համար զենք բարձրացնել: Աբովյանի մտավոր զարգացման հարցում մեծ դեր է ունեցել նաև դորպատյան ուսանողությունը:

Աբովյանի գիտական հարուստ գործունեությունը ևս սկսվում է հենց այդ տարիներին և արժանանում բարձր գնահատանքի համալսարանի Տարեգրքերի հրատարակիչ պրոֆեսոր Կ. Բլումի և նշանավոր արևելագետ Խ. Ֆրենի կողմից: «Այժմ իմ առջև ունեմ <Աբովյանի> մի շարք մեծ հոդվածներն իր հայրենիքի մասին,-1835թ. ապրիլին գրում է Բլումը Ֆրենին,-դրանց մեջ շատ ուշագրավ բաներ կան, որոնք ես մի թեթև հղկելուց հետո առաջիկայում կհրապարակեմ մեր Տարեգրքում: Հուսով եմ, որ Ձեր հավանությանն ևս կարժանանան»:

Ցավոք սրտի, խմբագրությունում տարիներ շարունակ մնացած, այնուհետև անհետ կորած արժեքավոր այդ հոդվածներից մեզ են հասել միայն պատառիկներ: Այդ հոդվածները պատմում էին հայոց հին պատմության ու հարյուրամյակներ տևող ողբերգության մասին, հայերի հոգևոր գանձերի, նրանց կատարած քաջագործությունների՝ հանուն գոյատևման և ազգային մշակույթի զարգացման: Աբովյանը խոսել է նաև հայ կենցաղի ու ընտանեկան փոխհարաբերությունների մասին. խնդիրներ, որոնք պատմական հետազոտությունների մեջ չէին մտնում: Դրանք ազգագրության կամ ժողովրդագիտության ոլորտի հարցեր էին, գիտության ճյուղեր, որոնք նոր-նոր էին զարգանում Եվրոպայում ու Ռուսաստանում և որոնք դեռ կյանքի չէին կոչվել հայ գրողների կողմից: Եվ ահա, Աբովյանը հանձն է առնում հայ գյուղացու ընտանեկան փոխհարաբերությունների նկարագրությանը, միաժամանակ այդ աշխատությամբ սկիզբ դնում հայ ազգագրությանը:

1834թ-ին Աբովյանը գնում է Պետերբուրգ, որտեղ ծավալում է բուռն գործունեություն: Նախ ձեռնամուխ է լինում պետության հաշվին սովորելու դիմաց պարտադիր ծառայությունից ազատվելու խնդրին, որը հոգացել էր Պարրոտը: Այնուհետև, մայրաքաղաքում հրապարակային ելույթ է ունենում ժամանակի պատվավոր մարդկանցից բաղկացած հասարակության առաջ, տեղի գերմաներեն լույս տեսնող թերթում հանդես գալիս հոդվածով, շրջաբերական նամակներ գրում և որպես Նոր Տարվա շնորհավորագրեր՝ ուղարկում պետերբուրգաբնակ հայ մեծահարուստներին, կոչ անում օժանդակել հայ ժողովրդի լուսավորության իր ծրագրերին, այդ նպատակով նաև տարբեր այցելություններ կատարում:

Աբովյանի հրապարակային ճառը խիստ ազգասիրական էր: Իր ելույթում նա ներկաներին ծանոթացրել է «հայրենակիցների կրթությունը ամենից ավելի նպատակահարմար ձևով և արագորեն առաջ տանելու» իր ծրագրերին և շարադրել իր հետագա անելիքները: Ամբողջ ելույթը աչքի է ընկնում ընդգծված դեմոկրատիզմով և  զարմացնում հեղինակի քաղաքացիական խիզախումով: «Ես պատրաստվում եմ արդեն թողնել Եվրոպան,-գրում է Աբովյանը:-Հայրենիքիս համար ես հանձն առա այս երկարամյա պանդխտությունը և նեկայումս իմ ձգտումը պիտի լինի հայրենիքիս օգնությանը հասնելը: Ոչ մի բան չի կարողացել սարսափեցնել ինձ առաջին քայլից, առավել ևս չի կարող ինձ ոչ մի բան կասեցնել, որպեսզի ես չկարողանամ իրագործել իմ ցանկությունը»:

Նման համոզվածությամբ կարող էր գրել միայն իր առաջադրած խնդիրների նկատմամբ իր ուժերի վրա վստահ պատմական մեծ անհատը: Այս բոլորը կատարելու համար, ժամանակի առումով, Աբովյանից մեծ քաջություն է պահանջվել:

Դրանից առաջ էլ՝ 1834թ-ի հունիսի 10-ին Ն. Աշտարեկեցուն հղած նամակում Աբովյանը գրել է իր «դիտավորությունը ազգի համար մի հարմար և պիտանի վարժարան բանալու, նրա դասատվության և ուսման կարգի մասին»: Նա մտածում է, որ ազգի լուսավորությունը պետք է սկսել հոգևորականներից, քանի որ ժողովրդի մեջ նրանց հռչակն ու հարգանքը մեծ է:
Վերադարձին Աբովյանը Մոսկվայում մնում է շուրջ 70 օր: Այս ժամանակաշրջանում Աբովյանի զբաղմունքը միայն փոխայցելությունները չէին բարեկամներին և ծանոթներին. նա ուներ կիսակատար գործեր, որոնք լուծման էին սպասում և որը գլխավորապես կախված էր Մոսկվայից դուրս ապրող մարդկանցից:

Մոսկվայում գործող միակ հաստատությունը՝ Բնախույզների կայսերական ընկերությունն էր,  որի նպատակները ինչ-որ չափով առնչվում էին Աբովյանի հետապնդած խնդիրներին, և որը կարող էր աջակցել նրան:  Ընկերության արխիվում պահպանված մի արձանագրության մեջ կարդում ենք. «…Դորպատի կայսերական համալսարանի դասընթացն ավարտած պարոն Աբովյանին, որը վերադառնալով հայրենիք՝ Հայաստան, հոժարություն հայտնեց աջակցել ընկերության նպատակներին՝ այնտեղի երկրամասից բնական առարկաներ հավաքելով,-վերջիններս այստեղ առաքելու համար տրված է 250ռ. թղթադրամ»: Սակայն, ըստ ամենայնի, այս ամենը Աբովյանին որևէ գոհունակություն չի տվել:

Մարտի 29-ին զատկի տոնին Աբովյանը Մոսկվայի հայոց եկեղեցում ելույթ է ունենում հասարակության առջև: Ինքնին, եկեղեցական տոնն իր լուսավորչական հայացքների արտահայտման համար օգտագործելն ուշագրավ  երևույթ էր: Սակայն մոսկվայաբնակ մեծահարուստների շրջանում Աբովյանի ազգօգուտ գործունեության այս կոչերը և լուսավորչական ծրագրերը անարձագանք էին մնում:

Հենց նույն մարտ ամսին Աբովյանը գրավոր ներկայացրել էր նախագիծ Հայաստանի և հայ ժողովրդի տնտեսական ու հոգևոր կյանքը բարվոքելու ուղիների մասին: Ո՞վ էր այդ հանձնարարություն տվողը, որևէ բարձրաստիճան անձ, թե՞ կայսրն անձամբ, դժվար է ներկա հանգամանքներում որոշել: Նախագծի ներածական մասում անհասկանալի ձևով գրված է. «Ես վաղուց ի վեր և անհամբեր սպասում էի այն պահին, որ մի բարձրագույն ձեռք ինձ հնարավորություն տար կարծիք հայտնելու, որի հետ անշուշտ կապված չէ ո´չ մի այլ նպատակ, քան իմ սրտաբուխ ցանկությունը՝ օգտակար լինել իմ հայրենիքին»: Մի բան անվիճելի է, որ դա Մոսկվայից տարբեր պետական հաստատություններին՝ իր լուսավորչական  ծրագրերի իրականացման վերաբերյալ արած դիմումների արդյունքը պետք է լիներ:

Այդ նախագիծը եզակի տեղ է գրավում Աբովյանի մինչ այդ գրածների համեմատությամբ. Աբովյանին խորապես տանջում է իր ժողովրդի ու հայրենիքի հասարակական-տնտեսական ողբերգությունը և իր նպատակն էր վերջ դնելու այդ ամենին:

Նախագիծը կազմելու համար նա կատարել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ, քրքրել է պաշտոնական տպագիր ու ձեռագիր մի շարք հրատարակություններ, ճշգրիտ տվյալներ հավաքել Ռուսիայի արտաքին առևտրի և արտասահմանյան երկրներից ներմուծվող մշակութային բույսերի չափերի ու արժեքների վերաբերյալ: Հանգամանորեն ծանոթացել է նաև Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո երկրի տնտեսական կյանքն ակտիվացնելու համար արված գործնական քայլերին և ձախողման պատճառներին: Հանդիպումներ է ունեցել Անդրկովկասի տնտեսական վիճակին ու կարիքներին լավատեղյակ անձանց հետ, լսել նրանց կարծիքները արդյունագործության և արհեստագործության առանձին ճյուղեր կազմակերպելու շուրջ:

1836թ-ին Աբովյանը վերադառնում է հայրենիք: Նա ցանկություն չուներ աշխատելու պետական դպրոցում, քանի որ այն իր ծրագրերով չէր կարող բավարարել Աբովյանին: Աբովյանն ուզում էր ունենալ իր դպրոցը՝ լայն ծրագրերով և այնպիսի շրջանավարտներով, որոնք կսփռվեին ամբողջ Հայաստանով և կիրականացնեին կյանքի վերափոխման իր լուսավորական ծրագրերը: Այսպիսի նվիրական նպատակներով  նա ներկայանում է կաթողիկոս Հովհաննես Կարբեցուն և ներկայացնում իր ծրագրերը, որը ծանոթանալով դրանց հետ՝ սարսափած մերժում է՝ ասելով, թե նա այդ կերպ միայն խռովել կարող է անմեղ երեխաների միտքը, և նրա գործը չէ երեխաներին դաստիարակելը: Աբովյանին պարզ է դառնում, որ Էջմիածինը ոչ միայն չի հովանավորի և չի ընդառաջի, այլև  իր դեմ է:

1837թ-ի փետրվարի 12-ին Աբովյանը հարկադրված անցնում է պետական ծառայության և նշանակվում է Թիֆլիսի գավառական ուսումնարանի տեսուչ և ուսուցիչ: Աբովյանը դասավանդում էր ռուսաց լեզու, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն: Սրան զուգահեռ Աբովյանը հիմնում է մասնավոր պանսիոն, որտեղ ինչ-որ չափով կարող էր իրականացնել իր լուսավորական ծրագրերը: Պանսիոնը նա բացում է առանց բարձրագույն իշխանությունների թույլատրության, որը ժամանակի առումով կոպիտ խախտում էր: Սկզբում նա պանսիոնի աշակերտներին դասավանդել է անվճար, այնուհետև 1838թ-ի հոկտեմբերին պայմանագիր է կնքել նրանց ծնողների հետ՝ էժան վարձավճարով, իսկ ովքեր ի վիճակի չեն եղել վճարել, սովորեցրել է անվճար:

Իր պանսիոնի միջոցով Աբովյանը նպատակ ուներ ժողովրդական ուսուցիչներ պատրաստել՝ ժողովրդի լուսավորության համար:

Դեռևս Դորպատում Աբովյանը եկել էր այն համոզմանը, որ աշխարհաբարը պետք է դարձնել դպրոցի և գրականության լեզու: Իր պրակտիկ մանկավարժության գործունեության ընթացքում Աբովյանը, երեխաների ուսուցման գործում, բախվում է մեծ արգելակի, երեխաներին անհասկանալի և օտար էր գրաբարը: «Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ՝ ի´նչ Հայի գիրք տալիս էի, չէին հասկանում»: Այս խնդրի լուծման համար էլ, ինչպես Աբովյանն է ասում. «թե այս ծանր դրությունից միայն մի կերպ կարելի է դուրս գալ.- նոր հայերեն մտցնելով այժմյան դպրոցական հիմնարկները»: Եվ նա փայլուն կերպով լուծեց խնդիրը՝ ստեղծելով առաջին աշխարհաբար դասագիրքը՝ «Նախաշավիղը»:     Հայ նոր մանկավարժության մանիֆեստի արժեքը հասկանալու համար՝ բավական է միայն հիշատակել, որ Աբովյանը  մերժեց հայոց տառաճանաչության տասնհինգդարյա քարացած տառահեգական եղանակը և, հիմնավորելով, առաջադրեց և սկզբնավորեց տառահնչական մեթոդը:

Այս մեթոդի շնորհիվ երեխաները ազատվում էին տարիներ տևող անիմաստ ու տանջալից ուսուցումից և չորս-հինգ ամսվա ընթացքում գրագիտություն սովորում: Իսկ այսօր, երբ մի կիսամյակում երեխաները սովորում են այբբենարանը, դա Աբովյանի խոշոր ծառայություններից մեկն է, որի համար պետք է պարտական և երախտապարտ լինենք մեծ լուսավորչին:

Անկասկած, Աբովյանը, որպես մանկավարժ, եզակի երևույթ էր այն ժամանակվա իրականության մեջ: Դժբախտաբար նա ստիպված էր ապրել և գործունեություն ծավալել սահմանափակ, ճղճիմ և նախանձ մարդկանց միջավայրում, որոնք ոչինչ չէին ընդունում և հանդուրժում: Աբովյանի պես գործին նվիրված անձնվեր մարդու համար դժվար էր համակերպվել և դառնալ սովորական մի պաշտոնյա: Առավել ևս, երբ լինում էին դեպքեր, երբ լռելը և չեզոք դիրք բռնելը Աբովյանի համար նշանակում էր ժողովրդի և հայրենիքի մշակութային և հասարակական շահերին ծառայելու իր նպատակին դավաճանել:

Աբովյանի դեմ արգելքներ են դրվում նաև պանսիոնի կապացությամբ: Ցարական պաշտոնեությունը վտանգված էր տեսնում իր շահերը: Իշխանություններին ուղղված Աբովյանի թախանձագին խնդրագրերը, պանսիոնի հետ կապված իր նպատակների մասին բացատրությունները, հայրենիքին և ժողովրդին ծառայելու նպատակների մասին իր հավաստիացումները, պետության համար իր ձեռնարկության միանգամայն անվնաս և նույնիսկ օգտակար լինելու մեկնաբանությունները մնում էին առանց արձագանքի:

Գնալով Աբովյանի մոտ ավելի ու ավելի էր խորանում այն համոզմունքը, որ ինքը չի կարողանալու իրագործել իր նվիրական ծրագրերը. ցարական պաշտոնեության կողքին նա տեսնում էր նաև իրեն հալածող հոգևորականին: 1836-1837թթ. էր, երբ Աբովյանին հնարավորություն է ընձեռնվում վարելու Կազանի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը: Աբովյանի համար սա հնարավորություն էր կադրեր պատրաստել հայրենիքում գործելու համար:

Այս անգամ ևս գործը ձախորդ ընթացք է ստանում Էջմիածնի հոգևորականության հերթական դավադրությունների հետևանքով: Երբ կազանի համալսարանից հարցում են անում Աբովյանի մասին, Էջմիածնից պատասխանում են, որ այդպիսի անձնավորություն չեն ճանաչում:

Հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու համար Աբովյանը գիտությունների ակադեմիա է ներկայացնում «Նախաշավիղը» և «Տեսական  և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց» աշխատությունները: Գրախոս էր նշանակված ակադեմիկոս Բրոսսեն: Սխալ կլիներ ասել, որ Բրոսսեն չէր ընկալել հայ ժողովրդի վերածննդի համար «Նախաշավիղում» և նրա առաջաբանում առադրվող հեղափոխիչ նշանակությունը: Նա շեշտում էր, որ ի դեմս Աբովյանի «հանդես է եկել մի մարդ, որ իր վրա է վերցրել միսիա՝ լուսավորել իր ժողովրդին»: Միաժամանակ Բրոսսեն մեծարում է Աբովյանին, որ նրան իր նպատակից անկարող եղան շեղել հալածանքները: Աբովյանի առավելությունները շեշտելուց հետո, թվում էր, թե Բրոսսեն պետք է նրան հանձներ Կազանի համալսարանի հայագիտության ամբիոնը: Բայց նա կաշկանդված էր իր պաշտոնական դիրքով: Նա իր վրայից նետում է խնդրի լուծումը և կասկածանքով ասում, թե կարելի՞ արդյոք նույնացնել բարձր գիտության և ժողովրդի լուսավորության նպատակները և որ Աբովյանի «չափազանցված սերը դեպի հայ ժողովրդական լեզուն, նրան առավել պիտանի է դարձնում ուսուցչի պաշտոնի համար, որը նա այժմ ունի, քան՝ համալսարանի պրոֆեսորի»:

Եզրակացության վերջում, ամփոփելով Աբովյանի աշխատությունները, Բրոսսեն հետևյալ հարցն է դրել. «Թե երկու մեթոդներից որը պետք է որդեգրվի, թողնենք ղեկավարության բարեհաճությանը. Կամ բարձրագույն ուսուցումը մի քանիսի համար, կամ տարրականը՝ բոլորի համար»:

Այսպիսով՝ մերժվում է Աբովյանի դեմոկրատական հայացքները, նրա պաշտպանած աշխարհաբար լեզուն, նրա մշակած ուսուցման արագ մեթոդը և աշխատությունների գաղափարական բովանդակությունը: Իհարկե, Աբովյանը այս ամենում չի տեսնում միայն Բրոսսեյի մեղքը: Նա գերազանց գիտակցում էր պետական կառավարման համակարգի հետապնդող նպատակները: Այդ առիթով նա գրել է. «Միթե՞ այդ բախտին չեն արժանացել նաև ութ տարի սրանից առաջ հայազգի պատանիների և նույնիսկ ժողովրդի միջին դասի համար գրած մանկավարժական աշխատությունները»: Մեկ այլ առիթով էլ ասել է, որ եթե որևէ մեկը սեփական նախաձեռնությամբ ցանկանում է դասագրքեր կազմել, ապա նրան պատրաստ են ուղղակի խեղդել, փոխանակ աջակցելու և խրախուսելու այդպիսիններին:

2-3 տարի ևս պահանջվեց, այս անգամ Թիֆլիսի մանկավարժների շրջանում, որպեսզի «Նախաշավիղի» որոշ թերություններ շտկելուց հետո, հնարավոր լիներ այն տպագրել: Սակայն տպագրվելուց հետո էլ այն դպրոցներում չթույլատրվեց օգտագործել: Այդ առիթով Աբովյանը գրում է. «…Նույնիսկ տպագրված է, բայց տասը տարի է, ինչ առանց գործածելու անօգուտ ընկած է…գիրքը բաց չեն թողնում հենց միայն նրա համար, որ դա գրված է հասարակ ժողովրդին՝ ընդհանուրին հասկանալի լեզվով…»:

Աբովյանին ուղեկցող ձախորդությունների, հալածանքների, հոգեկան ապրումների թիֆլիսյան յոթ տարիները միաժամանակ հանդիսացան բեղմնավոր ստեղծագործական տարիներ: Չնայած Աբովյանի այդքան զբաղվածությանը դպրոցում և տանը, վարչական-պաշտոնական գործերը, այս աննպաստ պայմաններում Աբովյանը ստեղծում է իր ամենանշանակալից երկերը՝ «Վերք Հայաստանին», «Պարապ վախտի խաղալիքը», լիրիկական բանաստեղծությունների և պատմվածքների մի զգալի շարք, «Հազարփեշեն» սատիրապոեմը, «Ֆեոդորա կամ որդիական սեր» պիեսը, չհաշված մանկավարժական բնույթի աշխատանքները: Աբովյանի ստեղծագործական գործունեությունը կարելի է ասել ավելի էր խորացնում Աբովյանի ողբերգությունը, որովհետև նրա գործունեության ոչ մի բնագավառում այդքան սուր կերպով չի արտահայտվում Աբովյանի հայացքների և ժամանակի ոգու միջև միջև եղած անդունդը, ինչպես այն արտահայտվում է նրա գրական գործունեության մեջ:

1843թ-ին Աբովյանը Անդրկովկասի դպրոցների վերատեսչությանը դիմում է ներկայացնում իրեն Երևանի գավառական դպրոց տեղափոխելու մասին: Աբովյանը ցավով էր գիտակցում, որ ոչինչ չէր փոխվել այն ժամանակից ի վեր, երբ ինքը տառապում էր նույն տիրացուների ձեռքին: Եվ միևնույն ժամանակ հասկանում էր, որ այս ամենը իշխանությունների արհամարհական և անտարբեր վերաբերմունքն է ժողովրդի նկատմամբ: Շատ կարճ ժամանակ հետո Աբովյանը հասկանում է, որ աշակերտների ցածր առաջադիմության պատճառը պայմանավորված է նաև այն փաստով, որ առարկաները դասավանդվում էին տեղացիների համար դժվարամատչելի ռուսերենով:

Այս ուղղությամբ Աբովյանը ձեռնարկում է որոշակի միջոցառումներ:  Առանց պաշտոնական թույլվության սպասելու՝ Աբովյանը տեղական լեզուների ժամեր է ավելացնում: Տեղացի ժողովուրդների իրավունքներն այն աստիճան էին ոտնահարվում դպրոցում, որ աշակերտներին ստիպում էին աղոթել ռուսերեն լեզվով: Աբովյանը վերացնում է  այս կարգը: Նա խնդիր է դնում նաև աշխատանքից ազատել մի քանի ուսուցիչների, հիմնականում հայերեն և ադրբեջաներեն լեզուների ուսուցիչներին և նրանց փոխարինել առավել հմուտ ուսուցիչներով: Բնականաբար Աբովյանի գործողությունները իր դեմ պետք է հրահրեր ուսուցիչներին և այսրկովկասյան դպրոցների կառավարչությանը: Երկար ժամանակ ընթացք չի տրվում ուսուցիչներին փոխելու հարցին: Տեղական լեզուներին ժամեր ավելացնելը դիտվում է որպես ապօրինի քայլ: Դժգոհության առիթ է դառնում  տարեվերջին նաև այն, որ հայ և ադրբեջանական լեզուների ուսուցիչները ծնողների մոտ հաշվետվություն են կարդում իրենց մայրենի լեզվով:

Այսրկովկասյան ուսումնական վիճակի բարելավման ուղղությամբ Աբովյանի բուռն գործունեության մեջ շատ հատկանշական է Այսրկովկասյան ուսումնարանների վարչությանն ուղարկված նրա ընդարձակ զեկուցագիրը «Ընդհանուր դիտողություններ Այսրկովկասյան ուսումնարաններում ինչպես դասավանդման եղանակի, այնպես էլ դասատուների նշանակման, ուսման առարկաների բաշխման գործում ներկայումս գոյություն ունեցող մի քանի թերությունների վերաբերյալ և հետագայում դրանք վերացնելու և ուղղելու միջոցների մասին»:

Վերնագիրն անգամ խոսում է այն մասին, որ նման զեկուցագիր իրավունք ուներ գրելու շատ ավելի բարձր պաշտոն ունեցող պաշտոնյան, բայց ո´չ երբեք գավառական ուսումնարաններից մեկի տեսուչը:

Աբովյանն ինքն է գիտակցել այդ և գրել. «…երկրամասի խուլ վայրում գտնվող դպրոցական ուսուցիչս, խիզախեմ և … այսպիսի մի ժամանակ, մտածեմ որևէ լավ բանի, որևէ նոր բանի մասին: Այն ով է, որ լսելով նման արտասովոր բանի մասին, դա չի համարի ցնորք ու խելացնորություն»:

Իր զեկուցագրում Աբովյանը բացահայտ քննադատում է կառավարությանը և քայլ առ քայլ վեր հանում Այսրկովկասի ուսումնական համակարգի բոլոր թերություններն ու սխալները և դրանք վերացնելու իր առաջարկություններն անում: Սա, ըստ էության Աբովյանի պարտադիր ուսուման մի համարձակ ծրագիր էր, որը նա մեծ խիզախությամբ առաջ քաշեց 19-դ դարի 40-ական թթ-ին: Այն իրագործվեց շատ տարիներ հետո, սոցիալական միանգամայն այլ պայմաններում: Այս զեկուցագիրը Աբովյանի ոչ միայն դեմոկրատ-լուսավորիչ մանկավարժի առաջադեմ հայացքների գրավականն է, այլև ժամանակի իշխող դասակարգի քննադատող և դրանք հիմնովին վերափոխելու պահանջ առաջադրող հեղինակի՝ խիզախ լինելու վկայությունն է:

Աբովյանին շրջապատող կամայականությունը այնքան բացահայտ էր, որ այդ մասին վկայել են նույնիսկ Երևան ժամանած ճանապարհորդ գիտնականները՝ Կարլ Կոխ, Վագներ, Հաքստհաուզեն, Բոդենշտեդ, որոնք խորին ակնածանքով արտահայտվելով Աբովյանի մասին, միևնույն ժամանակ նշել են ցարական չինովնիկների ստեղծած  արգելքների մասին, որոնք խանգարում էին Աբովյանի գործունեությանը: Գիտնականներից մեկը, խոսելով այս ամենի մասին, ներկայացրել է երևույթի քաղաքական մասը: Մեջբերելով ինչ-որ ռուս գեներալի խոսքերը, թե ՙեթե հայերը կամենում են սովորել, թող սովորեն ռուս լեզվով, եթե կամենում են աղոթել, թող աղոթեն ռուս լեզվով՚ իր կողմից ավելացնում է, որ Աբովյանը Ռուսաստանում անկարող էր իրականացնել իր երազանքը:

Աբովյանի գործունեությունը և հասարակական հետաքրքրությունները չէին սահմանափակվում դպրոցական բնագավառով: Աբովյանը սիրում էր լինել ժողովրդի մեջ, իմանալ նրա վիճակը, սովորել նրանից և սովորեցնել: Նա հաճախ էր իր աշակերտների հետ այցելում Հայաստանի հնությունները: Շատ էր շրջագայում մասնավորապես եվրոպացի գիտնականների հետ:

Նույնքան տխուր պատկեր էր ներկայացնում իրենից նաև գյուղացիության կուլտուր-տնտեսական վիճակը, որոնց շահերն ավելի մոտ էին Աբովյանին: Էական փոփոխություններ չէր կատարվել գյուղացու տնտեսական կյանքում. նրա աշխատանքի պայմանների, կենցաղի, արտադրողականության: Գյուղացին ապրում էր հին նահապետական ձևով: Այս իրողությունը անասելի ցավ էր պատճառում Աբովյանին: Չնայած որ Թիֆլիսում գոյություն ուներ «Անդրկասպյան տնտեսական ընկերություն», որը պետք է խթաներ երկրում արդյունաբերական և գյուղատնտեսության աճին, սակայն այս դեպքում նույնպես շատ հաստատությունների պես այն կրում էր զուտ ձևական բնույթ:

Հատկանշական է Աբովյանի դիմումը այդ ընկերության նախագահին, որտեղ Աբովյանը առաջարկում էր կոնկրետ լուծումներ՝ առաջադեմ մեթոդներով գյուղատնտեսությունը վարելու համար. «Բուռն ցանկություն ունենալով օգտակար լինելու իմ հարուստ երկրին գյուղատնտեսության հարցերում, պարտք եմ համարում խնդրել ձեր կարգադրությունը ուղարկելու ինձ, եթե կարելի է՝ շտապով, զանազան տեսակ սերմեր, հատկապես առևտրական նշանակություն ունեցող սերմեր: Ամենից ավելի ցանկալի է բամբակի ամերիկյան ու եգիպտական տեսակների և բարձր տեսակի ծխախոտի, զարվանի, ինդիգոյի սերմեր, մի խոսքով՝ այն ամենը, ինչից ընկերությունը կարող է բաժին հանել ինձ հօգուտ երկրի»:

Այն 11 տարիները, որոնք անցան Աբովյանի աչքի առաջ, գյուղացին իր տնտեսական կյանքում որևէ առաջընթաց չունեցավ, ընդհակառակը՝ զգալիորեն անկում էր ապրել:

Աբովյանի երևանյան գործունեության վերջին տարիները վերջնական հուսախաբության տարիներ էին: Այդ շրջանի մի շարք վավերագրեր ցույց են տալիս, թե ինչպես է հասունանում նրա հոգեկան ճգնաժամը:

Աբովյանի ճանապարհին կանգնած հասարակական-քաղաքական արգելքները արդեն հուսալքում էին նրան: Մի պահ նա մտածում էր վերադառնալ տարիներ առաջ ունեցած  իր մտքին. հայրենիքին օգտակար լինել հեռվից՝ գործունեության վայր փնտրել հեռվում Ռուսաստանում կամ Գերմանիայում: Իսկ ամենացավալին Աբովյանի համար այն փաստն էր, որ նա մտածում էր վերադառնալ եկեղեցի, միայն թե ազատվեր այն ստորացուցիչ պայմաններից, որոնց մեջ որպես պետական պաշտոնյա ստիպված էր լինել:

Աբովյանը մի պահ մտածում էր իր նպատակները ինչ-որ չափով իրականացնել Ներսես Աշտարակեցու միջոցով: Աբովյանը խնդրում է նրան իր սաներից 10 հոգու ուղարկել Բեռլին՝ բարձրագույն կրթություն ստանալու: Դա Աբովյանի նվիրական իղձերից էր, քանի որ ցանկանում էր ունենալ իր գործի շարունակողները: Աշտարակեցին խոստանում է ընդառաջել Աբովյանի ցանկությանը: Աբովյանը մի առանձնակի եռանդով սկսում է պատրաստել իր աշակերտներին այդ նպատակով: Սակայն կաթողիկոսը չի կատարում իր խոստումը: Սա ծանր հարված էր Աբովյանի համար: Եվ երևի պիտի կարծել, որ Աբովյանի վերջին նամակի պատճառը հանդիսացել է այս փաստը: Աբովյանի գրչի տակից դուրս եկած ոչ մի նամակ գաղափարական իր հագեցվածությամբ, հրապարակախոսական իր ուժգնությամբ և հասարակական արդիկական հարցեր շոշափելու կարևորությամբ չի կարող մրցել այս նամակի հետ: Աբովյանը վերջին անգամ էր դատապարտում կաթողիկոսին և հոգևորականությանը, վերջին հուսահատական եզրակացությունն էր ներկայացնում նոր տիրապետողների մասին, որոնց մուտքը Հայաստան փառավոր էր և հուսադրող, բայց և այնքան տիրապետության անցած երկու տասնամյակը՝ հուսախաբ անող:

Աբովյանը նամակի տակ չի ստորագրում և բացատրում  է. «Գրածիս տակ չեմ դնում անունս… Եվրոպայի տերությունների մեջ ուրախ են լինում, որ արդարն է խոսվում և մտածվում, չգիտեմ այստեղ ինչպես է, միմիայն կարելի է լրագրերի միջոցով նախատել իմ հանդգնությունը»:

Աբովյանը համոզված էր, որ անստորագիր նամակը դեռևս բավական չէ իրեն չճանաչելու համար: Ինչպիսին էր լինելու իր համարձակ նամակի պատասխանը: Երևի այդ երկյուղն էր, որ այդ օրերին Աբովյանին պաշարել էր իշխանության կողմից կալանավորվելու և Սիբիր աքսորվելու: Սակայն տեղի ունեցավ անհավանականը: Կաթողիկոսը ոչ միայն ոչինչ չձեռնարկեց Աբովյանի նկատմամբ, այլև հրավիրեց նրան ստանձնելու Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնը:

Դեռևս չէր ավարտվել նոր տեսչին դպրոցը հանձնելու ընթացքը, երբ Աբովյանը 1848թ-ի ապրիլի 2-ին անհայտացավ: