ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԱԲՈՎՅԱՆԻ  ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  ԹԻՖԼԻՍՈՒՄ (1836-1843թթ):

Աբովյանը հայրենիք է վերադառնում լայն կուլտուր-լուսավորչական ծրագրերով, որ նա մշակել էր Դորպատում և երկար տարիներ իր հոգում փայփայել: Աբովյանը ամենից առաջ ցանկանում էր Էջմիածնում բացել մի ժամանակակից, բարեկարգ դպրոց՝ ուսուցիչներ պատրաստելու համար:

Ժամանելով Թիֆլիս՝  Աբովյանը դավանանքների մինիստրի հանձնարարական նամա­­կով և սենատոր Հանի անձնական միջնորդությամբ ներկայանում է Հովհաննես կաթողիկոս Կարբեցուն: Տգետ, մանրախնդիր-չարակամ, ամեն մի առաջադիմականի, գիտության ու լուսավորության թշնամի, Աբովյանին ընդունում է բացահայտ թշնամանքով: ժամանակակից կրթության տեր Աբովյանը իր առաջավոր հայացքներով ու դեմոկրատիզմով կաթողիկոսի մեջ, բնականաբար, կարող էր առաջացնել միմիայն բացահայտ թշնամանք և անվստահություն: Նա Աբովյանին դիմավորում է հանրածանոթ թունոտ խոսքերով. «Հրամանա՞ւ գաս ի վերայ իմ, վտարանդեալդ ի հավատոյ, դու լավ խմորիլ կարես զմիտս անմեղաց, այլ կրթել զնոսա չէ քո գործ»:

Էջմիածնի այդ մերժումից հետո Աբովյանի համար սկսվում են անտանելի ծանր օրեր. տարիներով փայփայած  նրա երազները խորտակվում են. նա կանգնում է թշնամի ուժերի, խավարամոլության խուլ պատի հանդեպ: Աբովյանն ընկնում է չափազանց ծանր նյութական դրության մեջ, որ շարունակվում է 7-8 ամիս: Թե այդ ժամանակամիջոցում ի´նչ էր անում, ստուգապես հայտնի չէ, բայց գոյություն ունեն որոշ ակնարկներ և անուղղակի վկայություններ Աբովյանի արխիվում, որոնք վկայում են այն մասին, որ նա մինչև գավառական դպրոց մտնելը Թիֆլիսում մանկավարժական աշխատանք է տարել: Ենթադրվում է, որ դա եղել է Աբովյանի հիմնած մասնավոր պանսիոնը: 1837 թվականին ծառայության մտնելով Թիֆլիսի գավառական դպրոց՝ Աբովյանը չի փակում իր մասնավոր դպրոցը, որտեղ հայերի հետ միասին սովորում էին նաև վրացիներ:

Բացի իր մասնավոր դպրոցից, Աբովյանն այդ ժամանակ ուսուցչություն էր անում Սող. Տեր-Ղուկասյանի տանը, որի մասին իմանում ենք 1837թ. նոյեմբերի 16-ին Աբովյանին գրած Մ. Մսերյանի նամակից:

Աբովյանը  Թիֆլիսի գավառական ուսումնարանի ուսուցչի ու տեսչի պաշտո­նա­կատար է նշանակվում 1837թ. փետրվարի 12-ին: Դժբախտաբար, եղած փաստաթղթերն ու աղբյուրները գրեթե ոչինիչ չեն ասում Աբովյանի, որպես ուսումնարանի տեսչի ու ուսուցչի, գործունեության բուն մանկավարժական կողմի մասին: Այդ ժամանակաշրջանի փաստաթղթերի մեծամասնությունը, որոնք խոսում են Աբովյանի որպես մանկավարժի մասին,

վերաբերում են նրա գործունեությանը իր մասնավոր պանսիոնում: Իսկ գավառական դպրոցի մասին եղած տվյալներն ու տեղեկությունները կրում են գերազանցապես կազմակեպչական-վարչական, վիճակագրական բնույթ.  դրանցից մենք իմանում ենք ուսումնարանի աշակերտների բազմադասյան, բազմազգ կազմի մասին, այն մասին, որ ուսումնարանում գոյություն ունեին հատուկ դասարաններ կամ խմբեր ազնվականների երեխաների համար, ինչպես նաև ուսումնարանում գոյություն ունեին հատուկ դասարաններ կամ խմբեր ազնվականների երեխաների համար, այն մասին, որ աշակերտների տարիքային կազմը չափազանց բազմատարր էր: Այս բոլորին գումարած նաև ուսուցիչների մեծամասնության ցածրորակ լինելը, նրանց հնացած մանկավարժական հայացքները, աշակերտների անկուլտուրականությունը, տարրական կարգապահության բացակայությունը, չափազանց անկանոն հաճախումները:

Աբովյանի, որպես տեսչի, ձեռնարկումներից պետք է նշել ամենից առաջ նրա միջնորդության արդյունքում, Անդրկովկասյան ուսումնարանների դիրեկցիայի թույլտվությամբ, գավառական ուսումնարանում հայերեն և վրացերեն լեզուների դասավանդումը սկսել ոչ թե բարձր դասարաններից, այլ հենց առաջին դասարանից:

Աբովյանը ուսումնարանում, բացի տեսչություն անելուց, դասավանդում էր ռուսաց լեզու, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն:

Չնայած նրան, որ Աբովյանը գտնվում էր իր սիրած մանկավարժական ասպարեզում, նա սահմանափակված էր բազմաթիվ պաշտոնական-ձևական կաշկանդումներով: Հետզհետե Աբովյանի նկատմամբ ուժեղանում է դպրոցական իշխանությունների թշնամական վերաբերմունքը, սկսվում են բանսարկություններ, ոտնձգություններ Աբովյանի աշխատակիցների կողմից: Ներսես Աշտարակեցուն գրած իր նամակում Աբովյանը, խոսելով իր արդյունավետ մանկավարժական աշխատանքի մասին Թիֆլիսում և իր աշակերտների մեծ առաջադիմության ու հաջողությունների մասին, ավելացնում է. «Աստի և նախանձ, չարակամութիւն իմոցս պաշտոնակցաց զրկեալ զիս բռնի յորդեգրաց իմոց-պատճառ եղեն ինձ թողնուլ Տփխիս և հեռանալ աստ…»:

Աբովյանի համար ստեղծվում են աշխատանքի անհնարին պայմաններ գավառական ուսումնարանում. իսկ եթե հաշվի առնեք նրա սկուզբանքայնությունը և ուղղամտությունը, զարամանալի չէ ոչ թե այն, որ նա վեց տարուց հետո ազատվում է գավառական ուսումնարանից, այլ այն, որ նա համեմատաբար երկար ժամանակ դիմանում է այդտեղ:

Թե´ Աբովյանի համար և թե´ դպրոցական իշխանությունների համար պարզ էր, որ անհնար է նրա հետագա աշխատանքը Թիֆլիսի գավառական ուսումնարանում: 1843թ. հ

ուլիսի 11-ին Աբովյանը դիմում է ներկայացնում՝ խնդրելով իրեն ազատել Թիֆլիսի գավառական ուսումնարանից  և տեղափոխել Երևանի գավառական ուսումնարանը: Աբովյանի հրաժարականն ընդունվում է և նրան նշանակում են Երևանի գավառական դպրոցի ուսումնարանի տեսուչ:

 

IMG    ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՆՍԻՈՆԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ:  Ինչպես հայտնի է՝ Էջմիածնի մերժումից հետո Աբովյանը հարկադրված է լինում աշխատանքի մտնել արքունի դպրոցում, որտեղ, սակայն, նա իրեն կաշկանդված էր զգում աստիճանավորի վիճակով, բազմապիսի կանոնակարգերով, դպրոցական իշխանությունների հսկողությամբ և որտեղ նա ի վիճակի չէր բավարար չափով իրագործելու իր մանկավարժական գաղափարները: Այդ պատճառով նա հենց սկզբից մտածում է մանկավարժական գործունեության մի ուրիշ օջախ էլ ստեղծելու մասին, որտեղ նա ավելի ազատ էր իր գաղափարները իրագործելու համար: Այդ օջախը, որտեղ Աբովյանը աշխատում էր գավառական ուսումնարանին զուգահեռ, դարձավ նրա մասնավոր պանսիոնը: Իր զեկուցագրերից մեկում Աբովյանը գրում է, որ, որոշելով իր ազատ ժամանակը նվիրել մասնավոր աշակերտների հետ պարապելուն, ինքը ամենևին էլ չի ղեկավարվել շահադիտական նպատակներով (նա երկար ժամանակ աշակերտների հետ պարապել է ձրիաբար), այլ այդ գործին վերաբերվել է «որպես վաղուց արդեն կ

անխագծած իր նպատակի կենսագործման առաջին քայլեր»: Ավելի ուշ ակադ. Ֆրենին գրած իր նամակում Աբովյանը խոստովանում է, որ ինքը իր «սիրելի հիմնարկությունը» բացել է «իբրև նախապատրաստական՝ ապագա ժողովրդական ուսուցիչների համար»:

Ինչպես հայտնի է, Աբովյանը դեռ մինչև գավառական դպրոց մտնելը Թիֆլիսի վանքի խցերից մեկում պարապում էր մասնավոր աշակերտների հետ: Ինչպես երևում է, այդ «դպրոցն» էլ հանդիսացել է նրա ապագա պանսիոնի նախադուռը: Որպես գավառական ուսումնարանի տեսուչ, ստանալով բնակարան ուսումանարանի շենքում, Աբովյանը պարապմունքները մասնավոր աշակերտների հետ տեղափոխում է իր բնակարանը: Աբովյանի պանսիոնի նախկին աշակերտ Գ. Աքիմյանը վկայում է, որ ինքը Աբովայնի մոտ սովորելու է մտել 1837թ. և որ նրա մոտ գնացող առաջին աշակերտը ինքն է եղել: Աքիմյանի հաղորդածից պետք է հետևություն անել, որ Աբովյանը գավառական ուսումնարան անցնելո

ւց հետո չի դադարեցնում պարապմունքները մասնավոր աշակերտների հետ, ավելին աշակերտների թիվը ավելանում է. տեղի է ունենում աշակերտների նոր «հավաքագրություն»: Աքիմյանի հիշողությունների համաձայն՝ պանսիոնի աշակերտների թիվը հասնում էր 20-26-ի, որոնք Աբովյանի բնակարանում սովորում և ճաշում էին:

Աբովյանի պանսիոնում դասավանդվում էին հետևյալ առարկաները՝ կրոն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, հայերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներ, վայելչագրություն, պարեր: Բացի Աբովյանից, որը դասավանդում էր ռուսերեն, գերմաներեն և պատմություն, պանսիոնում դասավանդում էին նաև 4 այլ մանկավարժներ: Սկզբում, երբ աշակերտները սակավաթիվ էին, Աբովյանը նրանց հետ պարապում և նրանց պահում էր անվճար, միայն ծնողների պնդումով է վերջիններից որոշ դրամական օժանդակություն ընդունում՝ սաների սննդի և մյուս մանկավարժների վարձատրության  համար: Նա մեծ ցավ էր ապրում, որ ի վիճակի չէ իր սեփական միջոցնեով պահելու և դաստիարակելու ոչ թե 20, այլ հարյուր ու ավելի երեխաներ չքավոր դասից:

Հետագայում Աբովյանի և պանսիոնի աշակերտների ծնողների փոխհարաբերությունները ավելի պաշտոնական բնույթ են ստանում. նրանց միջև կնքվում է հատուկ գրավոր պայմանագիր, որի համաձայն՝ սաները պանսիոն են տրվում երկու տարով, դասավանդումը պետք է տարվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պանսիոնում պետք է դասավանդվեն կրոն, բնաբանություն, աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն, երեք լեզուների քերականություն, նկարչություն, վայելչագրություն: Ճաշի ծախսերը կրում են ծնողները, իսկ ուսումնական պիտույքների ծախսերը՝ պանսիոն պահողը: Սաների ուսման վարձը սահմանվում է տարեկան 100 ռ. արծաթով: Հետագա շրջա

նի փաստաթղթերից երևում է, որ մոտավորապես նույնպիսի գումար էլ սահմանվում է սաների սննդի համար:

Տնտեսական-կենցաղային հարցերում Աբովյանի ամենաեռանդուն օգնականուհին նրա գերմանուհի կինն էր, որը պանսիոնի նախկին սաների վկայությամբ, շատ լավ տնտեսուհի էր:

Աբովյանի հռչակը, որպես եռանդուն և արհեստավարժ մանկավարժի, առաջին հերթին, կապված է նրա պանսիոնի հետ, որը թողել է շատ պայծառ, անջնջելի տպավորություն ինչպես պանսիոնի նախկին սաների վրա, այնպես էլ պանսիոնը այցելած և նրան ծանոթ ժամանակակիցների վրա: Աբովյանի մասնավոր պանսիոնը կազմում է անդրկովկասյան նոր դպրոցի ու հայ մանկավարժության պատմության ամենաուշագրավ էջերից մեկը: Հենց այս պանսիոնում էր, և ոչ թե գավառական ուսումնարանում, որ Աբովյանը համեմատաբար լայն հնարավորություն է ստանում կիրառելու իր առաջավոր մանկավարժական գաղափարները, հայտաբերելու իր անձնուրաց նվիրվածությունը դաստիարակության գործին և անհուն սերը դեպի երեխաները:

Բազմաթիվ անվանի գիտնական-ճանապարհորդների հիացական վկայությունները առաջին հերթին վերաբերում են Աբովյանի գործունեությանը պանսիոնում: Բավական է հիշատակել Վագների, Կոխի և այլոց գնահատականները: Վագներին հաճելի կերպով զարմացրել է պանսիոնի սաների լավ գիտելիքները (հատկապես լեզուների), կարգապահությունը, դաստիարակվածությունը, Աբովյանի և նրա սաների միջև եղած բարեկամական, ընտանեկան հարաբերությունները:

Աբովյանն իր ամբողջ ժամանակը նվիրում էր սաներին, լինում էր նրանց հետ և արտադասարանային ժամերին զրուցում էր նրանց հետ (ոչ մայրենի լեզվով, որպեսզի աշակերտները վարժվեն ռուսաց և օտար լեզուներին). նա շատ հաճախ աշակերտներին էքսկուրսիաների և զբոսանքների էր տանում: Պարապմունքները պանսիոնում շարունակվում էին ամբողջ տարին, առանց ամառային արձակուրդների:

Պանսիոնում ուսման որակի ու մակարդակի, աշակերտների գիտելիքների մասին են խոսում ոչ միայն ժամանակակիցների գնահատակնները, այլև հենց պանսոնի «արտադրանքը»՝ նրանում սովորած աշակերտները, որոնցից շատերը, իրենց ուսումը շարունակելով միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում, հետագայում դարձան հայտնի հասարակական գործիճներ, գրողներ, ինչպես Գ. Աքիմյանը, Գաբր. Խատիսյանը, Գաբր. Սունդուկյանը և շատ ուրիշներ:

ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ 1843-1848ԹԹ.:

Երևանի գավառական դպրոցը, որը բացվել էր 1832թ. սկզբին և արդեն ավելի քան տասնամյա գոյություն ուներ, այդ ժամանակ փայլուն վիճակում չէր գտնվում: Աբովյանի առջև դրված էր չափազանց դժվարին, մի մարդու ուժերից վեր խնդիր՝ ոտքի կանգնեցնել այդ դպրոցը: Դա էլ ավելի դժվար էր, եթե նկատի ունենանք, որ Երևանում ևս շարունակվում էր ոչ-բարյացակամ, թշնամական վերաբերմունքը դեպի Աբովյանը, Անդրկովկասում և մասնավորապես Հայաստանում դպրոցական գործի կազմակերպման հետ կապված մի շարք օբյեկտիվ դժվարություններ:

1843թ-ի հուլիսի 30-ին Ստ. Նազարյանին ուղղած նամակում Աբովյանը գրում է. «… Ես ուզում եմ… Երևանի վարժատունը բարձրացնել բարեփայլության աստիճանին և ճիգ թափել այնպիսի կատարելագործության հասցնել այն, որ հավասարվի ամեն մի  բարեկարգ ուսումնարանի, բայց ինչո՞վ, եթե իմ աշխատակիցները լինեն որթի բհիրք…»:

Եվ չնայած խնդրի դժվարո

ւթյան՝ Աբովյանը իրեն հատուկ կրքոտությամբ և ոգևորությամբ ձեռնարկում է դրա կենսագործումը: Խորապես ուսումնասիրելով ուսումնարանի իրական դրությունը՝ Աբովյանը փորձում է տալ  ուսումնարանի գոյություն ունեցող վիճակի և դրա պատճառների ավելի բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծությունը:

Ըստ Աբովյանի դրանք հետևյալն են՝

ա) Բնակչության, ծնողների անհոգ վերաբերմունքը դեպի դպրոցը, դեպի իրենց երեխաների ուսման գործը: Նման վերաբերմունքի հետևանքով աշակերտները դպրոց են հաճախում չափազանց անկանոն, շատերը դասերը բաց են թողնում շաբաթներով և ամիսներով՝ զբաղված լինելով տնային, գյուղատնտեսական աշխատանքներով: Շատերը միայն անվանապես են դպրոցի աշակերտներ համարվում՝ բոլորովին չհաճախելով այն: Դեպի դպրոցը աշակերտների և նրանց ծնողների ունեցած նման վերաբերմունքի հետևանքը եղել է այն, որ ավելի քան 15-ամյա գոյությա

ն ընթացքւմ Երևանի գավառական ուսումնարանը, ունենալով ընդհանուր թվով 550 աշակերտ, տվել է ընդամենը 10 շրջանավարտ:

Ըստ Աբովյանի՝ նման իրավիճակը պետք է բացատրել ամենից առաջ Անդրկովկասի ժողովուրդների կուլտուրական հետամնացությամբ, «որտեղ ժողովուրդները փոխանակ օրեցօր առաջանալու իրենց հոգևոր զագացման մեջ, շատ և շատ բան են կորցրել և իրենց առաջվա կրթությունից, որտեղ տիրողների բարբարոսությունը և բռնակալությունը ջնջել, ոչնչացրել են այն բոլորը, ինչ որ իր մեջ ունեցել է լուսավորության հետք և նմանություն…»:

Աբովյանը իրավացիորեն գտնում է, որ նման  պայմաններում չի կարելի ազգա­բնակ­չությունից սեր պահանջել դեպի կրթությունն ու գիտելիքները: Պետք է ազգաբնակչությանը շահագրգռել դպրոցներով, տվյալ դեպքում պետական դպրոցներով, մի բան, որ իրականում չկա: Աբովյանը արձանագրելով ուսումնական գործի անբավարար վիճակը գավառական ուսումնարանում, ինչպես և առհասարակ Հայաստանում, Անդրկովկասում՝ նա ամբողջ մեղքը չի բարդում ուսուցիչների վրա: Նա իրավացիորեն այդ բոլորում տեսնում է ոչ թե նեղ-մանկավարժական և ներդպրոցա

կան, այլ ընդհանուր պատմա-կուլտուրական պրոբլեմ՝ տալով դրա պատմա-տնտեսական վերլուծությունը:

բ) Դպրոցական գործի խղճուկ վիճակի պատճառներից մեկն էլ Աբովյանը համարում է տեղական իշխանությունների անտարբեր ու անհոգ, արհամարհական, երբեմն էլ բացահայտ թշնամական վերաբերմունքը դեպի դպրոցը և դպրոցական աշխատողները:

գ) Տեղի բնակչության առան

ձին շերտերի անտարբեր վերաբերմունքը դեպի գավառական ուսումնարանը բացատրվում է նրանով, որ դպրոցական ուսումնական պլանում, ուսումնական գործի դրվածքի ու կազմակերպման մեջ կային մի շարք թերություններ, ինչպես օրինակ՝ անբավարար ուշադրություն դեպի տեղական լեզուները և հատկապես այդ լեզուների ուսումնասիրության բացակայությունը առաջին դասարանում: Իսկ տեղացի աշակերտների կողմից մայրենի լեզվի անբավարար իմացությունը դժվարացնում էր նաև ռուսաց լեզվի ուսումնասիրությունը: Դժվարություն էր ներկայացնում նաև հենց առաջին դասարանից բոլոր առարկաների դասավանդումը տեղացիների մեծամասնությ

ան համար դեռևս քիչ ծանոթ ռուսաց լեզվով:

դ) Ըստ Աբովյանի՝ այս ուսումնական-կազմակերպչական բնույթի թերությունները ավելի էին արտահայտվում դասավանդման միանգամայն անռացիոնալ մեթոդներով, որն ամենից առաջ բացատրվում էր ուսուցիչների մեծ մասի ցածր որակով, նրանց ձևական-չինովնիկական, անբարեխիղճ վերաբերմունքով դեպի իրենց անմիջական պարտականությունները:

Դրության արմատական բարե

լավման համար Աբովյանը որպես տեսուչ առաջարկում և մասամբ կիրառում է մի շարք միջոցառումներ:

Երևանի գավառական դատավորին ներկայացրած իր զեկուցագրում, ի թիվս այլ միջոցառումների, առաջարկում է «ոստիկանական իշխանության միջոցով պարտավորեցնել յուրաքանչյուր հոր իր երեխային դպրոց տալ 7-8 տարեկանից և մինչև 14 տարեկանը ոչ մի պատճառով նրան այնտեղից

չվերցնել. մի այլ փաստաթղթում Աբովյանն առաջարկում է սահմանել տուգանքներ այն ծնողների համար, որոնք առանց որևէ պատճառի  ժամանակից առաջ իրենց երեխաներին վերցնում են դպրոցից»: 1844թ. հունվարի 22-ին Աբովյանը դիմում է ուսումնարանների դիրեկցիային՝ խնդրելով  կարգադրություն անելու, որպեսզի առանց ավարտման վկայականի ուսումնարանի նախկին աշակերտներից ոչ ոքի չընդունեն պետական ծառայության և այլն:

Աբովյանի ժամանակակիցները պատմում են, որ նա երբեմն անձամբ այցելում էր քաղաքի գինու և այլ խանութները՝ այնտեղից դուրս հանելով և ուսումնարան բերելով այն աշակերտներին, որոնք ուսումնական պարապմունքների ժամերին թափառում էին փողոցներում: Աբովյանը դիմում էր և համոզման մեթոդին, իր ժամանակի համար մատչելի ագիտացիայի մեթոդներով՝ հօգուտ կրթության, հօգուտ դպրոց հաճախելու անհրաժեշտության, նա հորդորում էր ծնողներին, որ իրենց զավակներին անուսում չթողնեն:

Ավելի արդյունավետ էին Աբովյանի կողմից առաջարկվող խրախուսանքի միջոցները: Ուսումնարանին վերաբերող իր հաշվետվություններից մեկում Աբովյանը գրում է. «Որքան շահավետ կլիներ դպրոցիս ու երկրիս համար, եթե հնարավոր լիներ ամեն տարի գոնե մի քանի աշակերտ ուղարկել առևտրական, տեխնիկական կամ երկրագործական դպրոցները, որով հնարավոր կլիներ ապահովել աշակերտի ապագան և ժամանակի ընթացքում բարձրացնել երկրի արդյունաբերությունը…»: Այդ նույն շարժառիթներից դրդված՝ գավառական դատավորին ներկայացրած իր զեկուցագրում Աբովյանը նպատակահարմար է գտնում, որպեսզի գավառական ուսումնարանի լավագույն աշակերտները, անկախ նրանց դասային պատկանելիությունից, սովորելու ուղարկվեն պետական բարձրագույն դպրոցները, ինչն էլ օրինակ կծառայի և  կխթանի ուսումնարանի մյուս աշակերտներին նույնպես ավելի լավ սովորելու: Մեկ այլ զեկուցման մեջ Աբովյանը խնդրում է գավառական ուսումնարանի երեք լավագույն չքավոր աշակերտների, որպես պետական թոշակառուների, ուղարկել իրենց ուսումը շարունակելու պետական ուսումնական հիմնարկներում, գտնելով, որ այդ հանգամանքը, որպես այդ բնույթի առաջին քայլը Անդրկովկասում, չափազանց բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես ուսումնարանի, այնպես էլ տեղական բնակչության վրա:

Աբովյանը ձեռնարկում է ոչ միայն կազմակերպչական-վարչական միջոցառումներ, այլև իրեն հատուկ ոգևորությամբ աշխատում է ուսումնարանի մեջ նոր ոգի մտցնել, կենսագործել իր առաջավոր մանկավարժական գաղափարները:  Աբովյանի այդ գաղափարները  և սկզբունքները շարադրված են նրա մի շարք փաստաթղթերում: Դրանցից հատուկ ուշադրության է արժանի «Ընդհանուր դիտողություններ…» փաստաթուղթը: Դա մանկավարժական-դիդակ­տիկական  մի ամբողջ ծրագիր է, որտեղ Աբովյանը ոչ միայն անխնա քննադատության է ենթարկում ուսումնական գործի վիճակը Անդրկովկասում, այլև շարադրում է իր սեփական մանկավարժական, դիդակտիկական հայացքները:

Չնայած նրան, որ Աբովյանի համար դժվար էր օժանդակություն գտնել իր մանկավարժական գաղափարների կենսագործման համար (առաջին հերթին դպրոցական իշխանությունների կողմից), նա անձամբ ամեն կերպ փորձում էր կիրառել դրանք կյանքում, որչափով դա թույլ էին տալիս աշխատանքային պայմանները գավառական ուսումնարանում և առհասարակ Հայսատանում և Անդրկովկասում:

Աբովյանի ժամանակակիցների ու նախկին աշակերտների բազմաթիվ հիշողություններից մեզ հայտնի է, թե նա ինչպիսի մեծ նորություններ է  բերում ոչ միայն մանկավարժական թեորիայում, այլև պրակտիկայում, առաջին հերթին իր անձնական պրակտիկ գործունեությամբ որպեսուսուցիչ և մասամբ որպես տեսուչ, ոչ միայն քարոզելով, այլև կենսագործելով դաստիարակության հումանիստական մեթոդներ, ռեալական կրթություն, զննականության պահանջները, աշխատանքային, ֆիզիկական դաստիարակություն և այլն: Աբովյանը շատ նոր ու առաջավոր բան մտցրեց գավառական ուսումնարանը՝  դպրոցական պրակտիկայում կիրառելով մինչ այդ չտեսնված բաներ, ինչպես աշխատանքային ուսուցումը, ֆիզիկական դաս­տիարակությունը: Աբովյանի տեսչության հենց առաջին տարին աշակերտների թիվը ավելացավ 90-ից մինչև 190, ինչպես նաև բարձրացել էր նրանց առաջադիմությունը:

Ինչ վերաբերում է Երևանում մասնավոր պանսիոն ունենալուն, Աբովյանը  այստեղ  այն չի բացում, որպեսզի արգելքների չհանդիպի դպրոցական իշխանությունների կողմից, ինչպես դա Թիֆլիսում էր: Նա ընտրում է ավելի հեշտ ուղի. գավառական ուսումնարանի  աշակերտների միջից ընտրում է ամենից ավելի ընդունակներին ու աշխատասերներին և դպրոցական պարապմունքներից ազատ ժամերին, երեկոները, իր բնակարանում, նրանց հետ լրացուցիչ պարապում է հայրերեն, ռուսերեն և գերմաներեն (վերջինս գավառական ուսումնարանում չէր դասավանդվում): Այս ամենի նպատակն էր՝ հիշյալ աշակերտներին նախապատրաստել և նրանց հնարավորություն տալ իրենց ուսումը շարունակելու Ռուսաստանում կամ արտասահմանում՝ հետագայում ուսումն ավարտելուց հետո, Աբովյանի օրինակով, նրանք ևս նվիրվեին իրենց ժողովրդի լուսավորությանը: Ժամանակակիցների վկայությամբ՝ Աբովյանը կարճ ժամանակամիջոցում մեծ արդյունքի է հասնում: Այդ առիթով, հայտնի բանաստեղծ ու ճանապարհորդ Բոդենշտեդտը իր «Հազար ու մի օր Արևելքում» գրքում պատմում է, որ Աբովյանը իր մետ հավաքում է 20-30 աշակերտների և նրանց հետ պարապում գերմաներեն, որի մեջ նրանք այնքան էին առաջադիմել, որ ինքը նրանց հետ ազատ կերպով գերմաներեն էր խոսում:

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ

 
Նախաշավիղ կրթութեան ի պետս նորավարժից 

Մաս առաջին

 

«Նախաշավիղ»-ը նշանավորեց իսկական հեղաշրջում հայ գրականության մեջ.  «Յեթե նույնիսկ ուրիշ վոչինչ չստեղծեր Աբովյանը, հենց միայն ՙՆախաշավիղ՚-ը բավական կլիներ, վոր նրա անունը անմոռաց մնար հայ մանկավարժության պատմության մեջ»:

Այս դասագիրքը միակն է, որ տպագրվեց գրողի  կենդանության օրոք, սակայն  լույս աշխարհ չեկած՝ խավար ժամանակների զոհը դարձավ: Այդ ժամանակաշրջանում Աբովյանն առաջինն էր, որ խիզախեց երեխաների ձեռքից վերցնել ժամագրքերը, շարականներն ու կրոնական տաղերով լի գրաբարալեզու ձեռնարկները, փոխարենը նրանց տալ աշխարհիկ բովանդակությամբ ու ժողովրդական լեզվով գրված դասագիրք: «Նախաշավիղ» գրքում Աբովյանը պահանջում է ճանաչել մանկան հոգին, նրա միտքը չծանրաբեռնել ժամագրքի խրթին գրվածքներով, որոնք ինչպես ասում է, «միանգամայն օտար և անսովոր են դեռահաս մանուկների սովորական լեզվին, հոգեկան կարողությանը և բնական հետաքրքրությանը»:

ՙՆախաշավիղը՚ գրվել է 1838թ., սկզբում անվանվել է ՙՏարերք արդի հայերենի՚: Մեծ լուսավորիչը գրել  է երկու ՙՆախաշավիղ՚. մեկը լույս է տեսել իր կենդանության օրոք, մյուսը՝ մահից հետո՝ 1862թ.: Այս գրքում  Աբովյանն արտահայտում է իր մանկավարժական հայացքները և գրաճանաչության մեթոդը: Տեր Թոդիկյան դպրոցին նա հակադրում է նորը, ժամանակակիցը, աշխարհիկը: Գլխավոր նորամուծությունն այն է, որ գրողը  գրաճանաչությունը դնում է նոր հիմքերի վրա, առաջադրում  սովորեցնելու հեշտ, արդյունավետ ու նոր սերնդին հասանելի  արդյունավետ եղանակներ:

Աբովյանը  «Նախաշավիղին» կցել է գերմանալեզու բացատրական, որի մեջ քննադատում է հոգևորականությանը, որովհետև նա գրաբարը դարձրել է իր սեփականությունը և սկսել ՙայդ լեզուն էգոիստորեն դարձնել եգիպտական գաղտնիք, որպեսզի ժողովրդի աչքում ավելի դիրք ու ակնածություն ունենա՚:

Ինչպես հայտնի է, գրագիտության ուսուցման հնագույն և անվերապահ իշխող  մեթոդը եղել է տառա-հեգական մեթոդը, որը կիրառվելիս է եղել հին Հունաստանում և Հռոմում: Հայաստանում իշխող այս մեթոդը գործել է  ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը, իսկ որոշ վայրերում՝  մինչև 20-րդ դարը:

Տառա-հեգական մեթոդը հայերի մոտ ունի 1500 տարվա հնություն, կապված լինելով Մեսրոպ Մաշտոցի անվան հետ, որը, բացի հայ գրերի հեղինակը հանդիսանալուց, հանդիսանում է նաև առաջին այբբենարանի հեղինակը, հայոց լեզվի առաջին մեթոդիստը:

Այս մեթոդով  երեխաների գրագիտության ուսուցումը այսպես էր ընթանում.

ա/ այբուբենի բոլոր տառերի անունները անգիր սովորում էին,  սկզբում ուղիղ՝ այբբենական, ապա՝ հակադարձ հաջորդականությամբ (այբ, բեն, գիմ…),

բ/ անցնում էին  տառերի անուններց կազմված վանկերի կամ միավանկ բառերի ուսուցմանը (օրինակ՝ բեն-այբ=բա, սե-այբ=սա),

գ/ ամբողջ բառերի ընթերցանություն, սկզբում հեգելով, իսկ վերջում առանց հեգելու, երբ արդեն ամբողջովին տիրապետում էին ընթերցանության տեխնիկային: Հեգելով ահա այսպես էին կարդում. Կարապետ բառը. –կեն-այբ= կա, րե-այբ=րա=կարա, պե-եչ-տյուն=պետ=Կարապետ:

Զարմանալի չէ, որ այս բարդ  ձևով գրագիտության ուսուցումը ոչ  բոլորին էր հաջողվում, իսկ եթե հաջողվում էլ էր, ապա անասելի տանջանքների, ճիպոտի, բռնության  գնով:

Աբովյանը 19-րդ դարի 30-ական թվականների վերջերին հենց այս նոր մեթոդով կազմեց իր առաջին գրիքը՝ «Նախաշավիղ կրթության ի պետս նորավարժից»-ը, որով նա դարձավ հնչական մեթոդի կիրառողն ու քարոզողն  Անդրկովկասում:

ՙՆախաշավիղը՚ խոշոր նշանակություն է ունեցել հայ դպրոցական կյանքը վերափոխելու ուղղությամբ. կարելի է ասել, որ Աբովյանը այդ գրքում առաջադրած սկզբունքներով ու մեթոդով խոշոր շրջադարձ է կատարում, դաստիարակության ու կրթության գործում նոր փուլի  սկիզբ դնում: Աբովյանը մերժում է գրաճանաչություն սովորեցնելը տառերի անունները տալով՝  «դա, սե, ըթ» /դասը/: Այս սպանիչ մեթոդի փոխարեն նա առաջարկում էր իր մեթոդը՝ հնչականը՝   «դ,ա,ս,ը» /դասը/, «գ,ի,ր»/գիր/ և այլն:  «Նախաշավիղ»-ը գրաբարի սրտի մեջ խրված մեխը եղավ:  «Գրաբարի խրթնաբանությունը պատճառ է, որ երեխաներին ուսումը սոսկալի պատիժ թվա, դպրոցը՝ տանջարան»:

«Նախաշավիղ»-ի «Նախազդեցության» մեջ Աբովյանն առաջարկում է ուսումնասիրել իմաստուն դպրոցը՝ մեզ շրջապատող բնությունը, սովորական առարկաները, մարդու գործունեությունը: «Ընդհանուր դիտողություններում…» Աբովյանը  արդյունավետ ուսուցման գլխավոր նախապայմաններից մեկը համարում է զննականությունը,  «անցում հայտնիից  դեպի անհայտը, գործնականից դեպի տեսականը, կենդանի աշխարհից դեպի վերացականը…»:

 

 Նախաշավիղ կրթութեան ի պետս նորավարժից 

Մաս երկրորդ

  Զննականության սկզբունքն Աբովյանը կիրառում է ոչ միայն բնագիտության դասավանդման, այլ նաև լեզվի ու քերականության դասավանդման ընթացքում: Ըստ Աբովյանի՝ լեզվի դասավանդումը պետք է ընթանա  շրջակա առարկաների ուսումնասիրության հետ սերտորեն կապված:  Այդ սկզբունքով են կազմված  «Նախաշավիղ»-ը ,  «Նախաշավիղ»-ի երկրորդ մասը /հայերենի քերականությունը/ և մի շարք այլ գործեր: Այսպես, օրինակ, 1862թ. հրատարակված «Նախաշավիղ»-ում  նախադասությունները բառերի, բառերը վանկերի բաժանելու վարժության համար որպես բնագիր Աբովյանը վերցնում է մի փոքրիկ  հոդված՝ «Դպրոց» վերնագրով, որտեղ զննական-առարկայական սկզբունքով անդրադառնում է դպրոցի, դասարանի, դրանում եղած իրերի մասին: Հենց Աբովյանի բացատրությունն է. «Զոր օրինակ, ասելով՝ հաց, ջուր, հիվանդություն, ծիծաղիլ, և այլն, իսկույն մենք իմանում ենք և զգում, թե ինչա հացն, ջուրը, ծիծաղիլ, այսինքն՝ մեր մտքի միջումը կենդանանում ա իսկույն հացի համը, գույնը, ձևը և այլն»:

Աբովյանը, ուսուցչին մեթոդական ցուցմունքներ տալով լեզվի ուսուցման հարցերի մասին, նրան նախազգուշացնում է՝ լեզուն չուսուցանել կտրված շրջապատի առարկաներից, որոնց ծանոթությունը հսկայական նշանակություն ունի ոչ միայն լեզվի զարգացման, այլև մանկան մտքի ու դատողության զարգացման համար: Պետք է  «վարժել զնկատողական հոգիս երեխային առ ամենայն առարկայս՝ որք կան զնովաւ. ասել տալ զանուանս նոցա պարզ, զյատկութիւնս, զձևս, զգոյնս, զնիւթս, զօգուտս, զշինողն, զտեղի շինելոյն, զգործիս՝ որք հարկավոր եղեն առ այն և այլն…»: Գրողը օրինակներով է  ցույց տալիս երեխայի դիտողականությունը, մտածողությունն ու լեզուն զարգացնելու ճանապարհը.  «Եթե ունի փոքր ինչ հոգի՝ ապա կարէ ուսուցիչն այս օրինակ հարցմամբք այնպէս պարապեցուցանել զերեխայս՝ մինչև ինքեանք բոլորովին մոռանան, թէ են ի վարժատան… Թէ ո՜րքան կրթի այսու լեզու և դատողութիւն մանկանց-ոչ կամիմ կրկին բացահայտել»:

Աբովյանը զննականության սկզբունքը լայն կերպով և վարպետորեն կիրառում է նաև իր պրակտիկ մանկավարժական գործունեության ընթացքում. դրա մասին վկայում են նրա նախկին աշակերտներից շատերը: Երևանի գավառական ուսումնարանի Աբովյանի նախկին աշակերտներից մեկը՝ Ն. Աթանասյանը պատմում է, որ Աբովյանը թվաբանության դասերին չորս գործողությունները բացատրում էր ընկույզների օգնությամբ: Եվս մեկ օրինակ՝ Գոյական անուն հասկացությունը Աբովյանը հետևյալ կերպ է բացատրում. «Մարդ աչք ածելիս՝ իսկույն հազար բան է ըկնում աչքովը, որոնց թե անունը, թե ձևը իրարից շատ զանազան են: Էս բաները կամ աստված է ստեղծել, կամ մարդ է շինել: Եվ էս կերպով են նրանք գոյացյալ: Բայց մարդը ամեն մեկին մեկ անուն է դրել՝ որ իրարից ջոկի, և էս անունը գոյական են ասում, այսինքն կամ գոյացած, էլած, թեև գոյացածն էն իրն ա: Ուրեմն ինչ որ դուք ձեր բոլորեշուրջը տեսնում եք, բոլորը գոյական են, զորօրինակ տուն, աթոռ, սեղան,… և այլն»:

Դժվար, վերացական հասկացությունները բացատրելու համար  Աբովյանը հաճախ դիմում է համեմատությունների, հաճախ երեխաներին ծանոթ թեմաների միջոցով փորձում տեղ հասցեն ասելիքը:  Խոսքի մասերը Աբովյանը համեմատում է մարմնի մասերի. եթե չլինեին այդ բառերը /խոսքի մասերը/, մենք չէինք կարող մեր մտքերը հաղորդել ուրիշներին. «օրինակ՝ եթե գլուխը, ձեռքը, ոտքը չլինին, չի կարող լինել մարմին…: Էնպես էլ եթե էս բառերը չլինին, չի կարող լինել բան: Ուրեմն բառերը բանի՝ կտորները կամ մասունքն են»:

Նա իր դասագրքերում, առաջին հերթին «Նախաշավիղ»-ում մեծ տեղ է տալիս այնպիսի պատմվածքների,  առակների ու ասացվածքների, որոնցում հետաքրքիր, յուրօրինակ ձևով նկարագրում է խելամտությունը, սրամտությունը, հնարամտությունը:

Վանկի հասկացությունը բացատրելիս Աբովյանը ուսուցչին հանձնարարում է արտասանել միավանկ, երկվանկ, եռավանկ բառեր, միաժամանակ երեխաների ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե ամեն մի բառ  «քանի անգամ ա մարդու բերանից դուրս գալիս՚. երեխաների դիտողությունների ու տված պատասխանների հիման վրա ուսուցիչը տալիս է վանկ հասկացության սահմանումը. «Էսպես մեկ անգամ բերնից դուրս եկած ձայնին վանկ են ասում. զոր օրինակ, հաց, ջուր, քար և այլն»: Գոյականների հոլովումն ու հոլովներն անցնելիս Աբովյանը սկզբից չի տալիս պատրաստի կանոններ և սահմանումներ, այլ բերում է կոնկրետ օրինակներ, որոնցից արդեն հետագայում ծագում է սահմանումը.  «Զոր օրինակ, ասում ենք՝ երեխայն ծիծաղեցավ: Երեխայի հայրը հիվանդ ա: Երեխային ասացի: Երեխայիցն ստացա: Երեխային սիրում եմ: Երեխայովը էս բանն արի… Տեսեք,  սիրելիք, թե երեխա բառս քանի՞ կերպ փոփոխվեցավ: Էս կերպ փոփոխությանն են հոլովումն ասում… հոլովել նշանակե՝ պտուտ գալ, որպես թե բառը պտուտ է գալիս, երբ իր առաջին նշանակությունումը չի մնում»:

 

 Քերականությունն ըստ Տապպեի

   Աբովյանը հայկական դպրոցների ու առհասարակ ռուսաց լեզուն ուսումնասիրողների համար կազմել է նաև ռուսաց լեզվի շուրջ 400 էջանոց դասագիրք՝ «Նոր տեսական և գործնական քերականութիւն Ռուսաց վասն Հայոց»:

Քերականական հասկացությունները բացատրելու այս մեթոդական եղանակները մինչև օրս էլ  պահպանել են իրենց թարմությունը: Մերօրյա ռուսաց լեզվի դասավանդողներն  էլ շատ բան կարող են ուսանել այս ձեռնարկից, եթե ցանկանում են քերականության դասավանդումը դարձնել հետաքրքիր ու գրավիչ աշակերտների համար: Այստեղ էլ մեթոդն անփոփոխ է. աշակերտներն իրենք պետք է հանգեն ինքնուրույն եզրակացությունների և քերականական կանոնների ձևակերպմանը:

Աբովյանի ներդրումը անչափելի է ռուսաց լեզուն տարածելու գործում: Աբովյանն առաջարկում է. «Անդրկովկասյան երկրների բոլոր ուսումնական հաստատություների 1-ին և 2-րդ դասարաններում ռուսաց լեզուն ավանդել գործնականորեն և ոչ թե քերականությամբ, ինչպես այժմ արվում է 2-րդ դասարանում»: Ռուսաց լեզվի դասավանդման մեջ նույնպես Աբովյանը գործնական ուսուցման կողքին չի ժխտում, որ անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել ռուսաց լեզվի տարրական օրինաչափությունների և կանոնների հետ, այսինքն, փաստորեն քերականության հետ, բայց գտնում է, որ այդ բոլորը պետք է անել առանց որևէ քերականական տերմինոլոգիայի, առանց տրամաբանական սահմանումների ու սահմանափակումների: ՙՆոր տեսական և գործնական քերականություն՚ ձեռնարկում  Աբովյանը բավականին առատ բառապաշարի մինչքերականական նյութ է տալիս աշակերտներին: Դասերը   զրույց-երկխոսություններ են, դրանց բովանդակությունը շրջապատի առօրյա, սովորական առարկաներն ու երևույթներն են:

Աբովյանը շոշափում է նաև մեթոդական տեսակետից շատ կարևոր և բարդ ու մինչև այժմ էլ քննարկվող  հարցը. ինչպես պետք է բացատրել ռուսերեն բառը ոչ ռուսին : Մեթոդները երեքն են.

ա/ առարկան կամ նրա պատկերումը ցույց տալ, այսինքն՝ զննական միջոցը,

բ/ անծանոթ բառը բացատրել հենց ռուսերեն լեզվով,

գ/ դա թարգմանել մայրենի լեզվով:

Աբովյանը այս  երեք մեթոդական  եղանակների համատեղման կողմնակիցն է: ՙՆոր տեսական և գործնական քերականության՚  դասերում, երբ աշակերտները նոր են սկսում ռուսաց լեզվի ուսումնասիրությունը և երբ նրանք դեռ չունեն ռուսերեն բառերի անհրաժեշտ պաշար, որի օգնությամբ կարելի լիներ բացատրել նոր ու անծանոթ բառերը, Աբովյանը գերազացապես կիրառում է թարգմանական մեթոդը, դիմելով նաև զննականության օգնության: Կարելի է ասել Աբովյանը դասն անց էր կացնում համապատասխան առարկաները կամ նրանց նկարները ցույց տալու միջոցով:

Աբովյանը պաշտպանում է նաև ռուսերեն և մայրենի լեզուների դասավանդման համեմատական մեթոդը, որի ժամանակ ՙփորձված ուսուցիչը, ի մի բերելով երկու լեզուների միատեսակ կանոնները և ընդհանուր հատկությունները, կրկնակի հեշտացնում է իր աշակերտների աշխատանքը և նրանց  արագ քայլերով տանում դեպի երկու լեզուների ուսումնասիրությունը՚:

Հենց այդ համեմատական մեթոդով է գրված «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց…» -ը, որը կազմելիս Աբովյանը ղեկավարվել է Ա. Վ. Տապպեի աշխատությամբ: «Քերականությունն ըստ Տապպեի». սա մեծածավալ /764 էջ/,  բարդ մի աշխատություն է, որի  350 էջը քերականական մասն է կազմում: Այն քերականության սովորական դասագիրք չէ, այլ   քերականության համատեղումը  թարգմանությունների, բառարանի, խնդիրների, վարժությունների հետ միասին: Աբովյանն ինքն է ներկայացրել գրքի հետ իր աշխատանքը. ՙՍակայն ես ամեն բանում չէ, որ հետևել եմ հարգելի հեղինակին: Նկատի ունենալով բոլորովին այլ հասարակություն, ես անհրաժեշտ համարեցի փոփոխության ենթարկել որոշ տեղեր, մի դեպքում կրճատելով այն, ինչ ինձ ավելորդ է թվացել, մի այլ դեպքում՝ ավելացնել, հաշվի առնելով մեր լեզվի առանձնահատկությունները:    «Քերականության»     մեջ հիմնականում կիրառվում են նույն մեթոդական սկզբունքները, սակայն մի կարևոր վերապահումով. աշակերտների ինքնուրույնության սկզբունքը Տապպեի քերականության մեջ արտահայտված է շատ ավելի թույլ կերպով:

 

Պատմություն հին դարուց

  Աբովյանի պատմա-փիլիսոփայական հայացքները շարադրված են «Պատմություն հին դարուց»աշխատությունում: Սա  ավանդական ուսումանական գիրք չէ, այլ պատմություն թագավորների, զորավարների, եկեղեցական և քաղաքական գործիչների, պատերազմների, արշավանքների մասին և այլն:  Այստեղ հեղինակը ակնկալում է  քննադատական մոտեցում դեպի բանավոր ավանդությունները, առասպելաբանության վրա հիմնված անհիմն պատմությունները.  ՙՏարակուսելն է նմանապէս իմաստութիւն. և տարակուսելով բազում ինչ իմանամք, զորս այլազգ չէ՜ր կարելի իմանալ, և մնամք անձնազատ ի սնոտի և անօգուտ խնդրանաց՚: Գրողը վստահ է, պատմությունը պետք է կառուցել  վստահելի աղբյուրներից  վերցված, արժանահավատ, ստուգված փաստերի, տվյալների վրա: Պատմությունը չի կարող ուսումնասիրել ամեն տեսակ իրադարձություներ, երևույթներ, փաստեր, այլ միայն այնպիսիները, որոնք նշանակություն են ունեցել մարդկության հետագա ճակատագրի և զարգացումների համար: Դրանք, ըստ գրողի, նախ և առաջ գյուտերը, նորամուծություններն ու հայտնագործություններն են: Այստեղից է բխում այն, որ հեղինակը շատ քիչ ուշադրություն է դարձնում  ռազմա-քաղաքական պատմությանը և, ընդհակառակը, շատ մեծ ուշադրություն՝ մշակույթի  պատմությանը, հանրային կյանքի տարբեր կողմերին. դա երևում է «Պատմության» ամբողջ բովանդակությունից. «Պատմութիւն»-ն ըստ էության ոչ թե պատմության սովորական աշխատություն է, այլ ավելի շուտ՝ մշակույթի  պատմություն:

Մարդկանց և հանրության զարգացման ու փոփոխման գործում «Պատմության» հեղինակը ազդեցիկ  նշանակություն է տալիս աշխարհագրական միջավայրին, բնական-կլիմայական պայմաներին, դրանցով բացատրելով ոչ միայն երկրորդական, արտաքին ռասայական-ազգային  հատկանիշները (մաշկի, մազերի  գույնի ), այլև ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավելի էական տարբերությունները: «Մարդն կերպաւորէ և լուսաւորէ զմարմին իւր և զհոգի հետ զհետէ և յատկութիւն օդոյ, միջոցք ապրուստի, արատաւոր կազմուած մարմնոյ (…արմատակալեալ սովորութիւն), սնապաշտութեան տարժանակիր ճնշումն ու նեղսրակրութիւն պահեն զմարդն բազմիցս յերկար ժամանակս ի խորին տգիտութեան և բարբարոսութեան, որպես ընդհակառակն, զուարթարար օդ, վայելուչ կողմանք, առողջարար և թեթև ուտելիք, բարեմասն կազմուածք մարմնոյ, մեծամեծ երևույթք բնութեան, պատահական յայտնութիւնք, երևելի զգօնամիտ անձինք ոմանք, ազատ կացութիւն, զազգ ինչ փութով ստիպեն խորհել, զգիւտս հնարել և ստեղծանել»:

Աշխատությունն ունի շատ կարևոր մի շեշտադրում. դա փոփոխության, զարգացման գաղափարն է, այն որ մարդիկ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ են, և նրանց հատկությունները  անփոփոխ ու մշտական չեն, այլ  կոնկրետ պատմական-հասարակական-աշխարհագրական  պայմանների արդյունք, այդ պայմանների փոփոխմամբ՝ փոխվում են նաև այդ ազգային հատկանիշները. «Օդն, միջոցք ապրուստի, սովորութիւն պատճառեցին թէև փոփոխութիւնս  ինչ  ի մէջ մարդկան, այլ չիք ոք այնպէս, զոր այլ օդ, այլ սովորութիւն կրկին ո՜չ փոփոխեսցէ»:

«Պատմութիւն հին դարուց»-ում Աբովյանը տալիս է բազմաթիվ փաստեր ու տեղեկություններ  տեխնիկայի, գյուտերի, սովորությունների, սնահավատությունների մասին: Այստեղ է պատմվում  նաև առանց ջրի ջրաղացի, ջրի ու քամու ուժի համատեղ օգտագործման, ժամացույցի նման, օրական մի անգամ լարվող ջրաղացի մասին: Խոսելով մետաղների գյուտի և դրանց հալման եղանակների մասին, Աբովյանը բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմվածքներ է բերում: Երբ Մագելանը ժամանում է Կարոլինյան կղզիները, տեղի  բնակիչները, առաջին անգամ տեսնելով կրակ, կարծում են թե բոցը  ծառից կախված ինչ-որ գազան է, որ կարող է իրենց կծել:  Այս շարքի պատմությունները բազմաթիվ են ու հետաքրքրաշարժ:

Ի հակադրություն  սահմանափակ ուսուցման  մեքենայական սերտողության, երեխայի ինքնուրույն մտածողության ճնշման՝  Աբովյանի  նոր մանկավարժությունը առաջ է քաշում ուսուցման գիտակցականության սկզբունքը, երեխայի ինքնուրույն մտածողության զարգացման պահանջը:

Երևանի գավառական ուսումնարանի հաշվետվության մեջ Աբովյանը նշում է, որ ուսուցիչներից շատերը հարկադրում են աշակերտներին լոկ մեքենայորեն սերտելու, առանց օժանդակելու նրանց մտածողության զարգացմանը. «գրքերը և մեռյալ տառերը միայն ծանրաբեռնում են ուսանողների հիշողությունը և միտքը»: «Պատմութիւն հին դարուց» -ը կարդացվում է ոչ թե որպես ձանձրալի  դասագիրք, չոր ու ցամաք ուսումնական նյութով, այլ որպես հետաքրքիր, գրավիչ պատմվածք:

 

 Ամերիկու լիս քցիլը

«Ամերիկու լիս քցիլը»   ստեղծագործությունը պատմա-աշխարհագրական դասագիրք է: Աբովյանը այս դեպքում էլ առաջինն էր, որ  Ջորջ Գորդոն Բայրոնի օրինակով, բարձրացրեց իր ձայնը գաղութային ժողովուրդների ճնշման ու ստրկացման դեմ: «Ամերիկու լիս քցիլը»  ստեղծագործության մեջ դառնաշունչ ու սուր լեզվով քննադատում է  Ամերիկայի, Անգլիայի, Իսպանիայի և այլ երկրների գաղութային քաղաքականությունը՝ այդ երկրների թալանը, կողոպուտը, բռնությունները, «բնիկների ոչնչացումը, ստրկացումը և հանքերում կենդանի մարդկանց թաղումը»: Աբովյանը ոչ միայն մերկացնում է գաղութարարների բարբարոսությունները և հակամարդկային արարքները գաղութացված  երկրներում, այլև արտահայտում է իր կարեկցանքը, համակրանքը  այդ ճնշված ժողովուրդների նկատմամբ:

Հատուկ  կարեկցանքով է խոսում  սևամորթների  տևական ճնշման  մասին:  «Ամերիկու լիս քցիլը» աշխատության մեջ գրում է. «Ոսկու հասրաթը ամենի սիրտն էլ վառեց, ամենն ոտները բարձրացրին, նավ մտան, որ առաջ գնան… Ամենն էլ ուզում էին էնպես աշխարհ գտնել, որ ոսկու գետ ունենար…»:

Ազատամիտ ու ժողովրդավար Աբովյանը անխնա քննադատության է ենթարկում «քաղաքակիրթ»   եվրոպացիներին. «որոնք անխղճորեն հարձակվում են իմ հայրենակիցների վրա, առանց նախ և առաջ խորհելու նրա մասին, թե ի՜նչ է կատարվում իրենց հայրենիքում: Նրանք իրենց պատկերացնում են արարածներ, որ միմիայն նրա համար են իջել երնքից, որպեսզի ուրիշների թերությունները քննադատեն»:

Մեծ գրողը բարձր գնահատելով արևմտաեվրոպական զարգացած ու բացառիկ մշակույթի, գիտության, գրականության և արվեստի գործիչների ստեղծած արժեքները, միաժամանակ Արևմուտքի գաղութարար քաղաքականության սուր քննադատն էր:  Այլ   ժողվուրդների ստրկացման, աննկարագրելի ճնշումների,  բռնության, մարդկային անբնական  իրավունքների ոտնահարման  պատկերն է տալիս Աբովյանը ՙԱմերիկու լիս քցիլը՚ իր աշխատության մեջ: «Բայց Սպանացիք, որովհետև իրանց ուզած ոսկու աշխարհը դեռ չէին գտել, անողոքաբար չարչարում, տանջում էին ողորմելի, անմեղ ազգերին, որ իրենց համար մշակություն անեն, վարեն ցանեն, որ նրանից էլ օգուտ ստանան… Բայց խեղճ Ամերիկացիքը էն զորությունը ու սովորությունը չունեին, որ էս ջաֆին դիմանան ու սաղ-սաղ մաշվում, մեռնում էին չարչարանքի ձեռքիցը… Ով որ Սպանիացոցը չէր ուզում հնազանդի, Աստված հեռու տանի, ինչ որ նրա գլխին էին բերում: Շները կատաղացնում, նրանց տկլոր ջանի վրա էին անում, որին թրով էին աղցան անում, որին թվանքով…»: Աբովյանը այդ տարիների համար բացառիկ շեշտադրումներ է արել նաև կանանց իրավունքների վերաբերյալ: Նա պայքարում է հանուն կանանց  արժանապատվության, հանուն նրանց ազատագրման: «Ամերիկու լիս քցիլը» աշխատության մեջ Աբովյանը վրդովմունքով է նկարագրում կանանց ստրկական վիճակը Հնդկաստանում, որտեղ նրանց հետ վարվում են ինչպես անբան անասունների հետ: Այս աշխատությունն ընդհանուր առմամբ՝ ուսումնական ձեռնարկ է, պատմվող թեմաները Ամերիկայի գյուտը, աշխարհամասեր, օվկիանոսներ ու բնության երևույթներ: Աբովյանը հաջողել է աշխարհագրական չոր փաստերը համեմել այդ շրջանի իրավիճակային դիտարկումներով, մտահոգություններով:

Խ. ԱԲՈՎՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ 

   Տեսչության տարիներին Աբովյանը ամեն կերպ փորձում էր բարձրացնել ուսումնական հաստատության դերը՝ ուսուցման մեթոդներից մինչև կահավորում: Նրան է պատկանում աշխարհագության դասերի, քննությունների  և ուրիշ միջոցառումների հետ մեկտեղ, կազմակերպել էքսկուրսիաներ՝ որպես ուսումնական աշխատանքների առանձնահատուկ ձևերից մեկը: Աշխարհագրության ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու համար ուսումնարանում անհրաժեշտ էր նաև հատուկ կահավորված առանձնասենյակ: Այդ նպատակով 1846թ. աշնանից Աբովյանի ղեկավարած Երևանի գավառական ուսումնարանում սկսվում է ձևավորվել մի կաբինետ՝ Հայաստանի հնությունների պահպանման կաբինետ: Դրա նախախաձեռնողներն էին Խ. Աբովյանը և Երևանի գավառապետ Ն. Վ. Բլավատսկին: 1846թ-ին սեպտեմբերի 24-ին Աբովյանը գավառապետից ստանում է մի գրություն, որով նա ցանկություն է հայտնում բոլոր միջոցներով պահպանել իրեն վստահված գավառի հնություններն ու պատմաճարտարապետական հուշարձանները: Հայտնում է նաև, որ անձամբ իր հրամանով բռնագրավված են Բաշ-Գառնիի «Տրդատա թախտ» կոչվող հեթանոսկան տաճարից վերցված չորս հիանալի բեկորներ, որոնք ուղարկվում են ուսումնարան: Բլավատսկին շատ պատվաբեր է համարում ուսումնարանում հիմնել այնպիսի առանձնասենյակ, որտեղ կարելի լինել տեղադրել երկրի «հնությունները և պատմական արձանագրություններով քարերի բեկորները, ինչպես նաև տվյալ երկրի բնության բոլոր ստեղծագործությունները»: Այսպիսով պարզ են դառնում ոչ միայն կաբինետի ստեղծման նպատակները, այլև հավաքվող նմուշների տեսակները՝ պատմական և երկրաբանական:

Պատմության տեսակետից արժեքավոր նմուշների հետ միասին Բլավատսկին և Աբովյանը անհրաժեշտ են համարել կաբինետում տեղադրել նաև Արևելյան Հայաստանի ապարատեսակների, օգտակար հանածոների, բուսական ու կենդանական աշխարհի նմուշներ:Հետագայում, հենց այդ տեսակի նմուշներն էլ գրավեցին կաբինետի հիմնական մասը:

Աբովյանի անհայտացումից անմիջապես հետո կաբինետը աստիճանաբար դադարում է հարստանալ: Այնպիսի տեսքով, ինչպես ձևավորված էր կաբինետը Աբովյանի ժամանակ, գոյություն ունեցավ 1846թ-ի սեպտեմբերից մինչև 1849թ. դեկտեմբերը, այսինքն 3 տարուց ավելի:

Տարիներ անց, թե ի՞նչ եղան Խ. Աբովյանի օրոք կաբինետում գտնվող բնական նմուշները, հայտնի չէ: Միայն անտիկ շրջանի քանդակազարդ չորս խոյակները բարեբախտաբար չկորան և ցուցադրվեցին Հայաստանի պատմության պետական թանգարանում: 1970-ական թթ-ի սկզբին, երբ սկսվեցին Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման աշխատանքները, անվանի ճարտարապետ Ալ. Սահինյանի ջանքերով Խ. Աբովյանի պահպանած 4 խոյակներն էլ տեղադրվեցին հուշարձանի վրա իրենց տեղերում:

Մեծ նշանակություն ունեցավ Աբովյանի ղեկավարած դպրոցում ստեղծված կաբինետը: Նրա օրինակով հետագա տարիներին կազմակերպվեցին պատմության և երկրաբանության թանգարաններ: Ինչպես նաև այն հանդիսացավ մեր օրերում հանրակրթական դպրոցներում գործող աշխարհագրության և պատմության առարկայական կաբինետների նախատիպը:

 

 

Խ. ԱԲՈՎՅԱՆԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՊԵՏ

    Երևանում, տեսչության տարիներին, Աբովյանը մեծ ուշադրություն էր դարձնում գրադարանին /Հայաստանի ազգային գրադարան/, որը 1843 թվականից սկսեց իրական զարգացում ապրել: Մինչև Երևանում տեսուչ նշանակվելը, Աբովյանը գիտեր Դորպատի, Մոսկվայի, Պետերբուրգի, Կազանի, Թիֆլիսի բոլոր գրախանութների, հայտնի հրատարակիչների, գրավաճառների մասին: Այդ քաղաքներից նա գրքեր էր ձեռք բերում փոստային առաքումների միջոցով: Ռուսական կայսրության հայտնի շրջանառվող գրականությունը երևան էր հասնում Աբովյանի շնորհիվ. հանդեսներ, ուսումնական զանազան ձեռնարկներ, դասագրքեր, գեղարվեստական ընթերցանության գրքեր: Արխիվում պահպանվել են մեծ լուսավորչի զանազան գրությունները ռուսական հրատարակություններին՝ գրքերի և ամսագրերի առաքման խնդրանքով: Անտեսված չէր նաև հայալեզու գրականությունը. այդ մասին է վկայում  նրա նամակը Թիֆլիսի գիմնազիայի գրախանութի տնօրենին.  «Մեծ կարիք ունենալով հին հեղինակների գրվածներին և այդպիսիները չգտնելով այստեղ՝ ես ստիպված եմ դիմել Ձերդ բարեծնության և խնդրել՝ չի՞ կարելի արդյոք ժամանակավորապես ուղարկել հետևյալ գրքերը-Ինճիճյան, «Ստորագրություն հին Հայաստանեայց», «Հնախոսւթյուն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի»՝ նույն հեղինակի: Եթե այս գրքերը չգտնվեն խանութումդ, գուցե այդպիսիները գտնվին մասնավոր մարդկանց մոտ»: Խաչատուր Աբովյանը այս գործունեությամբ դարձավ առաջին գրադարանապետը, որի հավաքագրած բազմաթիվ ու բազմաժանր գրքերը և ամսագրերն  այժմ էլ խնամքով  պահվում է  Հայաստանի Ազգային Գրադարանում:

 

        ԱԲՈՎՅԱՆԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԸ

 Իր ժամանակին հայ իրականության առաջավոր գաղափարները  մարմնավորող, մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի բազմակողմանի գործունեության բնորոշ ու էական կողմերից մեկն էլ հանդիսանում է գեղեցիկ արվեստները: Բազմաթիվ հիշատակություններ գոյություն ունեն, որոնք վկայում են, որ նա իսկական կրթության, լուսավորության հասնելու հիմնական գործոնների շարքին է դասել գեղեցիկ արվեստները` բանաստեղծությունը, երաժշտությունը, նկարչությունը: 19-րդ դարի հայ իրականության մեջ առաջին խոշոր գործիչը, որ ընդհանուր համալսարանական կրթության հետ ձեռք է բերել նաև երաժշտական մասնագիտական պատրաստվածություն` եղել է Խ. Աբովյանը: Վերադառնալով հայրենիք Աբովյանը ձեռնարկում է գրել մի աշխատություն հայոց հոգևոր և աշխարհիկ երաժշտության մասին, որը հետո ներկայացնում է Պետերբուրգի գիտությւոնների ակադեմիային:

Դժբախտաբար, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի մատյանները և նիստերի արձանագրությունները քար լռություն են պահպանում ակնարկվող հոդվածի վերաբերյալ: Հակառակ դրան` Խ. Աբովյանի արխիվում սևագիր դժվարընթեռնելի ձեռագրերի շարքում գտնվեցին գոթատառ վեց անխորագիր էջեր, որտեղ հոդվածի շոշափած հիմնական հարցերն են ստվերագծվում:

«Հայոց եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը» հոդվածում Աբովյանը որոշակիորեն ընդգծում է հայոց հոգևոր ու աշխարհիկ երաժշտության ազգային բնույթն ու ինքնատիպությունը, ճշգրիտ գնահատական է տալիս ժամանակի եկեղեցական երաժշտությանը` միաձայնություն, գործիքավորման բացակայություն, բերանացի ավանդվելու հետևանքով ուժեղ աղավաղում: Նա իր հոդվածով բարձրացնում էր հայոց երաժշտական ֆոլկլորը ուսումնասիրելու խնդիրը:

Աբովյանն իր այս հոդվածով մտնում է հայ երաժշտագիտության մեջ, որպես մի գիտակ մարդ, որը ոչ միայն առաջինն է գնահատել հայ ժողովրդական և աշուղական երաժշտությունը, այլև աշխատել է դրանց վրա սևեռել գիտնական ազգագրագետների ուշադրությունը:

Խ. Աբովյանը 1835թ-ի հունվարի 22-ին մի հայ վարդապետի տանը պատահաբար հանդիպում է հանրահայտ նկարիչ  Ստ. Ներսիսյանին: Տեղեկանալով երիտասարդի նպատակների մասին, որոշում է օգնել նրան: Աբովյանը խնդրում է բանաստեղծ Վ. Ա. Ժուկովսկուն և ակադեմիկոս Ֆ. Պարրոտին` ամեն կերպ օժանդակել երիտասդարդին Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու, իր սիրած արվեստը սովորելու համար:

Պետերբուրգի «Նկարիչներին խրախուսող ընկերություն»- ը հաշվի առնելով երիտասարդ նկարչի նյութական սուղ վիճակը և մեծ ձգտումը դեպի արվեստ, կրթաթոշակ է նշանակում Գեղարվեստի ակադեմիայում կրթություն ստանալու համար:

Հինգ տարի Գեղարվեստի ակադեմիայում սովորելուց հետո Ներսիսյանը ստանում է գեղարվեստական հիմնավոր կրթություն, պրոֆեսիոնալ նկարչի կոչում և նկարչություն դասավանդելու իրավունքի վկայական: