Ուղեգրություններ

Խաչատուր Աբովյանի գրական ժառանգությունն իր մեջ ամփոփում է մեծարժեք ուղեգրական աշխատություններ: Ուղեգրություններում Աբովյանը նկարագրել է իր ուղևորությունները դեպի Արարատ և ճանապարհորդությունները Հայաստանի տարածքում:

«Ճանապարհորդութիւն պարոն պրոֆեսսոր Պարրօտի եւ Խաչատուր դպրի Ապովեան»:  Աշխատության մեջ Աբովյանը տալիս  է Մասիսի գագաթը բարձրանալու նկարագրությունը. այն վերնագրված է «Ճանապարհորդություն» և բաղկացած է 3 գլխից: Ճանապարհորդության մեջ Աբովյանը նկարագրում է Պարրոտի Էջմիածին գալն իր ուղեկիցների հետ, վանքին ծանոթանալը: Ուղևորներին բացատրություն էր տալիս Աբովյանը: Այնուհետև նկարագրում է Ակոռի հասնելը, գյուղացիների ընդունելությունը , օթևանելը գյուղում և հաջորդ օրը ճանապարհորդությունը շարունակելը: Հետևյալ օրը Պարրոտը առանց հանգստանալու իր ընկերներից մեկի ուղեկցությամբ և Սահակ անունով մի գյուղացու առաջնորդությամբ սկսեց բարձրանալ դեպի լեռը՝ արևելյան կողմից: «Ճանապարհորդության» մեջ հեղինակը ներկայացնում է չափազանց մեծ դժվարություններով լեռան գագաթը բարձրանալը և վերադարձը: Աբովյանը նկարագրում է նաև լեռան գագաթը: Այնուհետև Աբովյանը տեղեկություններ է հաղորդում Պարրոտի ուղեկիցների մասին:

«Առ բարեսնունդ և սիրելի աշակերտս իմ»: Սա մի նամակ է՝ ուղղված իր աշակերտներին, որը գրված է Էջմիածնից: Աբովյանն այս ճամփորդությունը կատարել է Թիֆլիսից Հայաստան: Նամակն ուղղված է Թիֆլիսի գավառական դպրոցի իր աշակերտներին: Նամակի մեջ Աբովյանը բացատրում է ճանապարհորդության երեք նպատակը: Նամակի գերիշխող ոգին հայրենիքի, հարազատների  ջերմ կարոտն է, հայրենի աշխարհը տեսնելու բուռն ցանկությունը:

«Նոր վերելք  Արարատի գագաթը»: Ուղեգրության մեջ Աբովյանը նկարագրում է երկրորդ ուղևորությունը դեպի Արարատի գագաթը անգլիացի ճանապարհորդ Հենրի Դենրի Սեյմուրի հետ: Այնուհետև հեղինակը կսկիծով խոսում է Ակոռի գյուղի մասին, որը կործանվել էր 1840թ-ի հուլիսի 20-ին Արարատի ժայթքումից:

 «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»: Ուղեգրությունը բաղկացած է 8 հատվածներից, որոնք կրում են տարբեր վերնագրեր՝ ըստ իրենց բովանդակության. 1. Ճամփորդական խորհրդածություններ, 2. Հիշողություններ Էջմիածնի վանքի մասին, 3. Պատանեկության տարիների հուշեր, 4. Ճանապարհ Էջմիածնի միջով դեպի Սարդարաբադի ջրանցքը, 5. Սարդարաբադի ջրանցքը, 6. Երեկո Արաքսի հովտում, 7. Արփաչայը և երեկոն նրա հովտում, 8. Անիի ճանապարհը, 9. Մուտքը Անի  և այնտեղ գտնվող առարկաները: Ուղեգրությունը կարդացվում է առանձնակի հետաքրքությամբ, ուր հեղինակը իրեն հատուկ պատկերավոր լեզվով նկարագրում է անցյալը և ներկան:

«Արևմտյան երեք իմաստուններ»: Ուղեգրության մեջ հեղինակը նկարագրում է իր և Աբիխի  ճանապարհորդությունը դեպի Մակու, երեք իմաստունների քողի տակ նրանց ներկայանալը Մակուի խանին, ժողովրդի ցուցաբերած հետաքրքրությունը «իմաստուններով», նրա տգիտությունը և այլն: Աբովյանը Աբիխի գիտական արշավախմբի մեջ կատարել է բացառիկ դեր, առանց նրա արշավախումբը չէր կարող հաջողությամբ իր առաջ դրված խնդիրները լուծել, մի բան, որ գերմանացի գիտնականը չի ցանկացել խոստովանել: