Բայաթիներ

Աբովյանի պոեզիայի չափազանց ինքնատիպ մասն են կազմում բայաթիները (քառյակները), որոնք առաջին անգամ հայ գրականության մեջ աշխարհաբար լեզվով  մշակել   և Ժողովրդական երգերի ու խաղերի ոճով ու նմանությամբ ստեղծել է Խաչատուր Աբովյանը: Իր բայաթիների մասին Աբովյանն ասում է. «Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղն ու տաղը»: Այս խոսքերը ցույց են տալիս բայաթիների, այսպես ասած, գործնական-կիրառական կողմը: Սրանից բացի բայաթիները իրենց մեջ կրում են նաև գեղարվեստական որոշակի արժեք, որտեղ արտացոլված են կարոտի, չվայելած սիրո, թախծի ու տխրության ժողովրդական երանգները: Աբովյանի  բայաթիները ստեղծված են գեղարվեստական ինքնատիպ պատկերներով: Հեղինակի գրչին են պատկանում թվով  80 բայաթիներ:

 

Ինձանից՝ դու ձեռք քաշիր,

Կուզես հոգիս ա՛ռ, քաշվիր,

Մահիս գիրը գրվել ա,

Դու՛ էլ արի՝ ձեռք քաշիր:

Գնացի˜ր, ախ ե՛դ արի,

Ես մեռնում եմ, ե՛դ արի:

Դու իմ յարեզ կապեցիր,

Էն էլ դարդու եդ արի:

Աչքս ճամփիդ ա, արի,

Արի՛ հոգիս ա՛ռ, արի՛.

Գյունահս երեսովս չտաս,

Փոշմանել եմ, ինչ արի:

Սիրտս պատկեր չի, քաշեմ,

Քեզ տամ, ինջ էլ չմաշեմ,

Միս ա, թուր էլ խփում ես,

Ի՞նչ անեմ, ախ չի քաշեմ:

Քանի հարուստ ու քոք ես,

Ամենի աչքի լիսն ես,

Ձեռդ պակաս՝ ձեն չի տալ,

Սազդ հազար էլ որ քոքես:

Անի՛, Անի՛, ա˜խ՝ Անի,

Քանդողիդ տունն քանդվի,

Քեզ որ ազգը չպահեց,

Մեկ լաց ընող ի՞նչ անի: