Պիեսներ

19-րդ դարի առաջին կեսերին հայ իրականության մեջ առաջինը Աբովյանն էր, որը ոչ միայն գնահատեց թատրոնի դերը ժողովրդի լուսավորության, մտավոր զարգացման գործում, այլև իր ավանդը ներդրեց ազգային դրամատուրգիայի զարգացման մեջ: Աբովյանից ժառանգություն է մնացել երկու թատերական և մեկ թարգմանական պիես, որոնք իրենց նշանակությամբ կարևոր դեր են խաղացել: Դրամատիկիական ժանրում Աբովյանի առաջին փորձը «Նախաշավիղում» զետեղված աշակերտական կյանքից վերցրած  «Խաղարկություն մանկանց» խորագրով դրամատիկական երկն է, որը «Գիժն ուսումնարանում» վերնագրով  մի քանի տասնամյակ շարունակ տեղ է գտել դպրոցական դասագրքերում: Այն նաև բեմադրվել է:

Ուշագրավ ստեղծագործություն է նաև «Ֆեոդորա կամ որդիական սեր» մեկ գործողությամբ դրաման: Պիեսի ատաղձը ծնողի հանդեպ ամեն ինչից վեր որդիական սիրո գաղափարն է:

Աբովյանի դրամատիկական մյուս երկը «Ադելաիդա ֆոն Վուլֆինգեն կամ հիշատակարան բարբարոսության երեքտասներորդ դարու» թարգմանական դրաման է, որից մեզ են հասել միայն առաջին գործողության չորս տեսիլները: