ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Անփոխարինելի է այն մեծ դերը, որ Խաչատուր Աբովյանն ունեցել է հայ ժողովրդի լուսավորչական, մշակութային, գրական ու քաղաքական կյանքի առաջընթացի գործում: Նրա կյանքի միակ նպատակը եղել  է հարազատ ժողովրդի  լուսավորական առաջընթացի ճիշտ ուղղորդումը:

Ժողովրդին խոր թմբիրից հանելու, սթափեցնելու և քաղաքակիրթ ժողովուրդների առաջընթացին հասցնելու հիմնական միջոցը Աբովյանը համարում է լուսավորությունը. «Ի լուսավորութենէ  կանգնի ազգ ինչ, ի լուսավորութենէ ելանեն ամենայն բարեբախտութիունք…»:

Ըստ Աբովյանի, ժողովրդին լուսավորելու միակ նախապայմանը տիրող հասարակարգի ճնշող քաղաքականությանը արժանի հարվածն էր: Նա իր անկոտրում գործունեությամբ փորձում էր կոտրել հակառակորդի դիմադրությունը, իսկ հակառակորդները` հոգևորականությունը, վերնախավը, ցարական բյուրոկրատիան ուժեղ էին ու անզիջում: Բնական է, որ այդ պայմաններում Աբովյանը պետք է կատաղի ու անհաշտ պայքարի մեջ մտներ հասարակության մոլեռանդ ուժերի դեմ: Պայքար հոգևորականության և բուրժուազիայի դեմ, միջնադարականության ժխտում, բնության պաշտամունք, մարդու դերի ըմբռնում, լուսավոր ու ազատ կյանքի գաղափար. այս գաղափարախոսությամբ էր Աբովյանը առաջնորդվում իր ազնիվ նպատակների իրականացման գործում:  Նա ծանր հալածանքների պայմաններում ծավալեց իր լուսավորական գործունեությունը:

Աբովյանի ծրագրերից առաջնայինն ու կարևորը աշխարհաբար լեզվի հիմնավորումն ու տարածումն էր, ինչը պիտի նպաստեր ժողովրդի միասնականացմանը, որն էլ հանդիսանում էր ազգային  պետականության ստեղծման հիմքը: Ճանապարհը մեկն էր և դա, ինչպես գրել է Աբովյանը իր հոդվածներից  մեկում,  աղքատ երեխաներին սովորեցնելը և իր գիտելիքները նրանց հաղորդելն էր, ժողովրդին ընթերցասեր դարձնելը,  եվրոպական մակարդակի գրականություն ստեղծելը, մի խոսքով` լուսավորություն տարածելը:

Մեծ լուսավորիչը հիանալի գիտակցել է իր գործունեության նպատակը: Զարմանալի նպատակասլաց է նրա գրական մանկավարժական գործունեությունը: Ստեղծագործական ուրույն նկարագրով են Աբովյանի, գրեթե, բոլոր ստեղծագործությունները` սովորեցնում են, դաստիարակում, լուսավորում և ուղղորդում են մեկ կարևոր նպատակի` ազգային վերածննդի: Աբովյանը գրականությունը դիտել է իբրև իր լուսավորական գործունեության ու թշնամիների դեմ մղվող պայքարի զենք: Այս հիմնական խնդիրներն են ընկած նրա գրականագիտական հայացքների ու գրական ստեղծագործության հիմքում: Այդ էր պատճառը, որ հայ գրականությունը մինչև Աբովյանը երբեք այնքան մոտ ու հարազատ չէր եղել ժողովրդին, այնքան ներգործուն դեր չէր ունեցել, այնքան հզոր զենք չէր եղել թշնամիների դեմ մղվող կռվում, որքան Աբովյանի ժամանակ:

Բազմակողմանի է մեծ լուսավորչի գործունեությունը: Նա հանդես եկավ մշակույթի, գիտության տարբեր բնագավառներում, գրեթե ամեն տեղ իր հետ բերելով նորություններ: Նա մեծ գրող է, բանաստեղծ, առակագիր, հրապարակախոս, լեզվագետ, պատմաբան, գիտնական, մանկավարժ, բանահավաք: Հայ նոր գրականության հիմնադիրը գրել է գրեթե բոլոր ժանրերով` վեպ, պատմվածք, ակնարկ, նովել, դրամա, կոմեդիա, առակ, բանաստեղծություն, քառյակ, պոեմ, օրագրություն, նամականի, հրապարակախոսական հոդված, ճառ, ուղեգրական ակնարկ, գեղարվեստական ձևով շարադրված գիտական -պատմական զրույց և այլն: Դրանցից զատ Աբովյանը կազմել է դպրոցական դասագրքեր, հավաքել, մշակել ու օգտագործել է հայ և հարևան ժողովուրդների ֆոլկլորը, կատարել է թարգմանություններ ու փոխադրություններ ռուս, անտիկ և եվրոպական գրականությունից: Այս արտասովոր բեղունությունը զարմանք է շարժում, հատկապես այն պատճառով, որ կենդանության օրոք նա չի տեսել իր նշանավոր գործերից որևէ մեկը հրատարակված: Աբովյանի հարուստ ժառանգությունից հեղինակի կենդանության օրոք մամուլում տպվել են «Ադելաիդա» դրամայի իր կատարած թարգմանության մի մասը և մի երկու հոդված:

Աբովյանը եղավ հիմնադիրը հայ մանկավարժական մտքի և աշխարհիկ դպրոցի: Նրա ուսումնական ծրագրերն ու առաջադրած կրթական համակարգը նորություն էին տվյալ ժամանակաշրջանում գործող համակարգի համար:

Աբովյանը մտահոգված էր ոչ միայն առաջադեմ գիտելիքներ ու գրագիտություն տարածելու խնդրով. նրա կարծիքով ժողովրդի լուսավորության համար պակաս նշանակություն չունի նաև արվեստը: Արևելյան ժողովուրդների կրթության և լուսավորության լավագույն միջոցներից են հանդիսանում  գեղեցիկ արվեստները, բանաստեղծությունը և նկարչությունը: Այդ պատճառով էլ Աբովյանը մտադիր էր այդ արվեստները տարածել իր հայրենիքում:

Որքան էլ Աբովյանը գերագնահատեր լուսավորության նշանակությունը, գիտակցում էր, որ պետք է վերափոխել նաև ժողովրդի տնտեսական կյանքը, որի համար անհրաժեշտ էր պատվաստել աշխատանքի, տնտեսության, գյուղատնտեսության ավելի արդիական ձևեր ու մեթոդներ, արդյունաբերություն, արհեստների նոր ճյուղեր զարգացնել Անդրկովկասում և Հայաստանում: Աբովյանի կյանքի  ողջ ուղին փոքր ազգերի կյանքը բարելավելու համար մղվող պայքար էր: Նա հայ մեծ գրող-լուսավորիչ էր` բարձր հումանիզմով տոգորված մարդ:

Աբովյանի գաղափարներն ու պատգամները արդիական մեծ հնչեղություն  ունեն: Նա գտնում էր, որ ազգերը բախտավոր և երջանիկ կարող են լինել, տնտեսական բարգավաճման ու մշակութային վերելքի հասնել միմիայն հոգևոր մերձեցման, փոխադարձ վստահության, սիրո և խաղաղության պայմաններում:

«Աղբիւր ամենայն հիմնաւոր լուսաւորութեան է խաղաղութիւնն և ապահովութիւն արտաքին վիճակի ժողովրդեան…»: