ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆ ԳՐՉԻ ԶՎԱՐՃԱԼԻՔՆԵՐ»

Ի՜նչ էլ լինի և ինչպե՜ս էլ եղած լինի, բախտն այնպե՜ս կամեցավ, որ, եթե քաջ հայտնի է, որ Աբովյանը ծնվել է, ապա ոչ ոք չի՜ կարող ապացուցել, թե նա…մեռել է… Անմահներին վայել երանի՜ բախտ… Անմահնե՜ր, որոնց կյանքը անհնա՜ր է տեղավորել ծննդյան ու մահվան տարեթվերի արանքում, օրորոցի ու գերեզմանի նե՜ղ արանքում…

Գևորգ Էմին

Ապրիլի 2-ին թանգարանում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անհայտացման 171-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում «Աբովյանական գրչի զվարճալիքներ» խորագրով: Այս անգամ անդրադարձել էինք Խ. Աբովյանի հեքիաթներին, կարճ և զվարճալի պատմություններին: Խ. Աբովյանի ստեղծագործության այս հրաշալի կողմը մեզ հետ միասին փորձեցին բացահայտել Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի, Մ. Ավետիսյանի Անվան Կերպարվեստի Դպրոցի, Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցի, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի և Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի և Աբովյանի Խ. Աբովյանի անվ. թիվ 1 ավագ դպրոցի սաները: Միջոցառումը մեկնարկեց թանգարանի նախասրահում: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը, որից հետո տեղի ունեցավ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին թանգարանի կողմից նախապես հայտարարված Աբովյանի ստեղծագործությունների նկարազարդումների մրցույթի աշխատանքները: Միջոցառման շարունակությունը առավել խոստումնալից էր: Աբովյանի Խ. Աբովյանի անվ. թիվ 1 ավագ դպրոցի թատերական խմբակի սաների կողմից ներկայացվեց Աբովյանի հեքիաթների, կարճ և զվարճալի պատմությունների հետաքրքրաշարժ թատերականացված ներկայացում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Հարությունյանի ղեկավարությամբ աշակերտները հրաշալի կերպով կարողացան փոխանցել և ներկայացնել Աբովյանի հերոսների կերպարները: Ներկայացման ընթացքում անդրադարձ եղավ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին: Օրվա թեմայով զեկույցով հանդես եկավ թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանը: Միջոցառման ավարտին հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը հնչեցրեց ժյուրիի կողմից սահմանված մրցույթի արդյունքները: Ժյուրիի անդամներն էին՝ Հայաստանի Նկարիչների Միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը և Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դասախոսներ Հայկ Մարտիրոսյանը և Սարգիս Հովհաննիսյանը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ղ. Սարյանի Անվան Արվեստի Դպրոցի 8-ամյա սան Դանիել Վարդանյանը՝ «Մեկը իր բարեկամի մոտ» աշխատանքով և արժանացավ «Լավագույն նկարազարդում» մրցանակին: Ժյուրիի կողմից խրախուսական շնորհակալագրեր ստացան Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցի սան Ալիսա Վարդանյանը «Ֆորթն ու խոզը», Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի սան Օքսեն Գևորգյանը «Անքաղաքավարի էշը», Մ.Ավետիսյանի Անվան Կերպարվեստի Դպրոցի սան Անի Սուքիասյանը՝ «Բարդին ու վազը», Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի սան Ամալյա Բաղդասարյանը «Էս գրքի ճամփի խրատը» աշխատանքներիի համար: Տուն-թանգարանը ողջունում և շնորհավորում է միջոցառման բոլոր մասնակիցներին, որոնք իրենց նկարազարդումներով և կերտած հետաքրքրիր աբովյանական կերպարներով նոր շունչ և կյանք հաղորդեցին Աբովյանի ստեղծագործություններին: Սովորույթի համաձայն՝ միջոցառման մասնակիցները ստացան աբովյանական հուշանվերներ և շնորհակալագրեր: Տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Աբովյանի Խ. Աբովյանի անվ. թիվ 1 ավագ դպրոցին՝ ի դեմս տնօրեն Մետաքսյա Բաբայանի և մասնակից արվեստի դպրոցներին՝ փայլուն մասնակցություն ցուցաբերելու համար: