ՈւՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՆԻ

2-րդ փուլ
***********
Հոկտեմբերի 31-ին «Ուղևորություն դեպի Անի» մեծահասակների կրթական ծրագրի մասնակիցները տուն-թանգարանի աշխատակիցներ Ս. Ավոյանի, Ա.Ստամբոլցյանի, Ն. Դանիելյանի և զբոսավար Արմեն Երանոսյանի հետ ուղևորվեցին դեպի Անիպեմզա: Ուղևորության մեկնակետը Քանաքեռի Խ. Աբովյանի տուն-թանգարանն էր: Ճանապարհն անցավ Երևան-Արմավիր-Վաղարշապատ-Մեծամոր-Սարդարապատ-Արթենի-Արագած-Անիպեմզա երթուղիով: Ուղևորությունն ամբողջությամբ ուղեկցվեց արհեստավարժ և հմուտ զբոսավար Արմեն Երանոսյանի բացատրություններով: Մեր մասնակիցները ծանոթացան նշված և այցելած վայրերի պատմությանը, գիտական և կրթական ձեռքբերումներին, էթնոքաղաքական և էթնոմշակութային որոշ մանրամասներին, էկոլոգիային, երկրագիտական և աշխարհագրական տվյալներին, հայկական ճարտարապետության դրվագներին, եկեղեցու և կրոնի պատմությունից հետաքրքիր մանրամասներին, տնտեսությանը, գյուղատնտեսությանը, բուսականությանը: Առաջին կանգառը՝ Էջմիածնի Մայր Տաճարն էր: Մեր տարեցները այցելեցին Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան: Այստեղ նրանք ծանոթացան թանգարանում պահվող սրբազան մասունքներին և կրոնական արվեստի ուրույն նմուշներին: Երկրորդ կանգառը՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրն էր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը: Մեր մասնակիցները ծանոթացան 1918թ. մայիսյան հերոսամարտերի պատմությանը, հերոսներին, առաջին հանրապետության ստեղծմանը: Ուրախ երգերի և ասմունքների ներքո մեր մասնակիցները հասան վերջին կանգառին՝ Անիպեմզայում գտնվող Երերույք տաճարին: Զբոսավարը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց տաճարի պատմությունը, ճարտարապետությունը, դերն ու նշանակությունը: Երերույքը իր ամբողջ համայնապատկերով առեղծվածային խորհրդավորություն էր հաղորդում: Մեծ խորանը՝ բաց երկնքի տակ, խորանի երկու փոքր սենյակներում դրված սրբապատկերները: Տաճարի պատերից դուրս՝ համայնապատկերում՝ մեկ այլ առեղծված: Եկեղեցու շուրջ քարանձավներ են, մի քիչ ներքևում ՝ գետնի տակից կիսով չափ դուրս եկած մեկ այլ շինություն: Իսկ ավելի հեռվում նշմարվում է Տիգրան Մեծի կառուցած ջրամբարի պատնեշը և մի ամբողջ բնակավայր: Աննկարագրելի էր մեր տարեցների ուրախությունն ու ոգևորությունը, և միաժամանակ այն մեծ հուզմունքը, որ փոխանցել էր նրանց առեղծվածային տաճարը:
Վերադարձի ճանապարհին մեր մասնակիցները խոսեցին իրենց տպավորությունների մասին, երախտագիտության և գոհանակության մեծ զգացումով արտահայտվեցին ծրագրի կազմակերպիչների և իրականացնողների մասին: Եվ իրականում, այս ուղևորությունը եզակի հնարավորություն էր մեր տարեցների համար նորովի բացահայտելու Հայաստանի որոշ անկյուններ:
Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Թանգարանային կրթության կենտրոնին և նրա գործընկերներ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպությանը և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիային՝ հնարավորություն ընձեռելու նմանատիպ կրթական ծրագիր իրականացնելու համար, ինչպես նաև «World tour» տուրիստական ընկերությանը՝ ուղևորությունը բարձր մակարդակով իրականացնելու համար և զբոսավար Արմեն Երանոսյանին՝ կատարած բարձրակարգ աշխատանքի համար: