ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՆԻ

Օր երրորդ
*********

Հոկտեմբերի 25-ին «Ուղևորություն դեպի Անի» մեծահասակների կրթական ծրագրի մասնակիցներն էին Նոր-Նորք վարչական շրջանի թոշակառուները: Ինչպես նախորդ ծրագրերին, այս անգամ ևս մեր տարեցները կլանված և ուշադիր լսում էին ներկայացվող նյութը: Հետաքրքրաշարժ է հատկապես «Տեսնեմ Անի» երգի կարաոկե կատարումը նրանց կողմից: Միա՜յն պետք է տեսնել, թե ինչքան հուզմունք և թախիծ է նրանց պատում երգի բառերն արտաբերելիս: Ծրագրի ինտերակտիվ մասում լսեցինք մասնակիցների կարծիքը թեմայի վերաբերյալ: Նախորդ օրերի պես քննարկումը ակտիվ էր և հագեցած: Ծրագրի ավարտին, սահմանված կարգով, մասնակիցները շրջեցին թանգարանի ցուցասրահում, տոհմատանը և այգում: Թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանը հանգամանորեն ներկայացրեց Խ. Աբովյանի կյանքը, մանկավարժական, հասարակական և գրական գործունեությունը: Մեր տարեց բարեկամների ոգևորությանը և երախտագիտությանը չափ չկար: Գոհունակության և շնորհակալության խոսքերով մասնակիցները հեռացան թանգարանից:
Ծրագիրը վարեց «Ուղևորություն դեպի Անի» կրթական ծրագրի հեղինակ և համակարգող Սաթենիկ Ավոյանը: