ՄԻջնադարյան Հայաստանի առակները

Հուլիսի 10-ին Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ջերմ և հյուրընկալ միջավայրում տեղի ունեցավ «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագրով համատեղ միջոցառում-ցուցահանդես Խ.Աբովյանի տուն-թանգարանի մասնակցությամբ:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը, Կոտայքի մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը, Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը,նույն կազմակերպության բանաստեղծուհի և Զինված Ուժերի փոխգնդապետ Նոնա Պողոսյանը և այլոք:
Միջոցառման սկիզբը ազդարարեց Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը: Այնուհետև Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը խոսեց 2 թանգարանների համագործակցության կարևորության, նշանակության և արդյունավետության մասին, ինչպես նաև անդրադարձավ օրվա խորագրին:
Միջոցառման գիտական մասը մեկնարկեց Գերասիմ Մկրտչյանը: Վերջինիս իր ելույթում մասնավորապես անդրադարձավ միջնադարյան հայ առակագիրներին, առակներին, ինչպես նաև հայ մեծանուն ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գործունեությանը այդ բնագավառում, ով ուսումնասիրել, հավաքագրել և թարգմանել է միջնադարյան Հայաստանի առակները և ցույց տվել դրանց հասարակական նշանակությունը:
Հաջորդիվ հանդես եկավ Խ. Աբովյանի տուն-թանգարանի կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը «Աբովյանը՝ առակագիր» զեկույցով: Վերջինս ներկայացրեց Խ. Աբովյանի դերն ու նշանակությունը հայ նոր շրջանի առակագրության հիմնադրման մեջ, ինքնաստեղծ և մշակած ժողովրդական առակներից բացի, Աբովյանի թարգմանություններն ու փոխադրությունները օտար հեղինակներից: Ինչպես նաև խոսվեց Աբովյանի առակների պատմական նշանակության, դրանցում արծարծված ժամանակի հրատապ խնդիրների և հասարակական կյանքի բազմաթիվ երևույթների մասին:
Միջոցառման գեղարվեստական մասը ապահովեցին Ծաղկաձորի արվեստի դպրոցի թատերական խմբակի սաները: Նրանք ներկայացրեցին Մխիթար Գոշի, Վ.Այգեկցու և Խ. Աբովյանի առակները՝ «Գայլի ձագն ու այբուբենը», «Արջն ու աղվեսը», «Արջն ու մրջյունը» , «Քաջարի զինվորը», «Աքլորն ու թագավորը», «Եկեղեցին ու ջրաղացը» , «Կապիկն ու ձկնորսը», «Անցվորականն ու շունը», «Էշն ու շունը», «Հորթն ու խոզը», «Ծառերն ու կացինը»:
Միջոցառման ավարտին անմիջական և ջերմ մթնոլորտում հետևեց սուրճի հյուրասիրությունը: