«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 27.04.2017թ

-Ամեն ինչ սկսվում է կրթությունից և վերջանում կրթությամբ:
Աբովյանը խուսափում էր խավարամոլությունից և լավագույնին հաղորդ լինելը դարձրել էր ազգային գիտակցության հիմք: Կրթելով և լուսավորելով նա փորձեց հզորացնել մեր ազգի դերն ու նշանակությունը աշխարհում:
——————————————————————————–
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Շուշի և Ստեփանակերտ
«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 2017
գիտակրթական մրցույթ-միջոցառում:
——————————————————————————-
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի Երևան քաղաքի և ՀՀ մարզերի դպրոցներում անց է կացվում «Մեծն Լուսավորիչ Խ.Աբովյան» գիտակրթական մրցույթ-միջոցառումը:
2017-ին որոշվեց համագործակցության կամուրջ ստեղծել թանգարանի և ԼՂՀ Շուշի և Ստեփանակերտ քաղաքների Խ.Աբովյանի անունը կրող կրթօջախների միջև: Ավելի հասանելի դարձնել Աբովյանի թողած գրական և մանկավարժական ժառանգությունը ԼՂՀ ապագան կառուցող սերնդի համար:
———————————————————————-
Ապրիլի 27-29-ը մրցույթն իրականացնելու նպատակով` թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, աշխատակիցներ`ցուց.կազմ. և հանր. բ/վ Լուսինե Մելքոնյանը, ավագ գիտաշխատող Արևիկ Ստամբոլցյանը, ինչպես նաև ՀԱՊՀ լեզվի և գրակ. դասախոս Հասմիկ Մանուկյանը մեկնեցին ԼՂՀ:
———————————————————————-
Արցախում մարդն ապրել է անհիշելի ժամանակներից, նույնիսկ, երբ դեռ բանական մարդ տեսակը ձևավորված չէր: Լայնարձակ ու կանաչազարդ դաշտեր,անտառապատ ձորեր, երկնքի կապույտին հպվող լեռներ, կախարդական և իմաստուն բնություն, առողջ գիտակցություն:
Անսահման կենսասեր ու կենսախինդ ժողովուրդ են արցախցիները` անդրդվելի և աննահանջ, ի թիվս այլ հատկանիշների`հյուրընկալ և հյուրասեր:
————————————————————————-
Ապրիլի 27-ին Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում միջոցառման վերաբերյալ:
Մեզ դիմավորեցին ջերմ ողջույնի խոսքով, աղ ու հացով և I-ին դասարանցիների փայլուն ելույթով:
Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ժաննա Բալայանը, հայոց լեզվի և գրականության առարկայական մասնախմբի ղեկավար Էլ.Գրիգորյանը, մասնակից թիմերի ղեկավարները՝ ուսուցիչներ Ա. Բաղդասարյանը, Գ.Ավետիսյանը, Ա. Սարումյանը, ինչպես նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի տնօրեն Լիաննա Հարությունյանը և նույն դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության մասնագետ Լ.Մկրտչյանը, Վ.Հակոբյանը, Հ.Ավանեսյանը,Ն.Խաչատրյանը, Արցախի պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահ Սուսաննա Համբարձումյանը, Ստեփանակերտի Մաշտոցի անվ. Հանրապետական գրադարին տնօրեն Անահիտ Բաղիյանը: