ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱԲՈՎԵՆՑ ԱՅԳՈՒՄ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 26-ին Աբովյանների տոհմական տան այգում տեղի ունեցավ աշնանային ծառատունկ՝ նվիրված 2019 թվականի հոբելյաններին։ Անվանական տնկիները տեղադրեցին հոբելյարների ժառանգները, նշանավոր մտավորականներ, գրողներ, արվեստագետներ: Թանգարանի այգում տնկվեցին՝ Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Ակսել Բակունցի, Երվանդ Քոչարի, Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սերգեյ Փարաջանովի, Պարույր Սևակի, Շարլ Ազնավուրի, Սոս Սարգսյանի, Խաչատուր Աբովյանի և Ռուբեն Հովսեփյանի անվանական ծառերը։ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհակալություն հայտնեց ծառատունկի մասնակիցներին այս նախաձեռնությանն արձագանքելու համար և նշեց, որ այս քայլով սկիզբ է դրվում Աբովենց տունը կրկին մտավորականության հավաքատեղի դարձնելու նախաձեռնությանը։ Հաջորդ տարվանից Աբովենց այգում կկազմակերպվեն գրական ընթերցումներ, կգործի բացօթյա գրադարան և այցելուները կարող են իրենց հանգիստը անցկացնել Երևանի ամենահին տներից մեկի այգում՝ ընթերցելով հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունները։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից Խ. Աբովյանի տուն-թանգարանի գրադարանին հանձնվեցին Համազգայինի հրատարակած գրքերը։ Ծառատունկի մասնակիցները խոստացան պարբերաբար այցելել թանգարան, խնամել իրենց տնկած ծառերը։