ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Ս/թ-ի սեպտեմբերի 6-ին և 7-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեծանուն Լուսավորչի վերջերս վերականգնված արձանի հանրային ցուցադրության արարողությունը: Խ. Աբովյանի ծննդյան 215-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում սա մեծապես կարևորվող իրադարձություն էր, քանի որ մեկ դար անց, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր է դարձել վերականգնել Լուսավորչի արձանը և նոր ոգով ու շնչով հանձնել հանրությանը: Տուն-թանգարանի այգում ներկայացվեց արձանի պատմության վավերագրությունը:

«Տաշիր» բարեգործականի աջակցությամբ Թանգարանում իրագործվել է նաև Աբովենց բացօթյա գրադարանի ստեղծման և Թանգարանի այգու տեսահսկման նախագիծը: Այսուհետ այցելուները, պահպանելով սոցիալական հեռավորություն, կարող են ընթերցել գրքեր, վայելել հաճելի գրական-երաժշտական երեկոներ Խաչատուր Աբովյանի հայրական տան այգում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ողջունելով Թանգարանի նախաձեռնությունը նշեց. «Բացօթյա գրադարան Հայաստանում, Երևանում հրաշալի միտք է և հրաշալի կատարում: Աբովենց այգում կարծում եմ շատ հաճելի կլինի ընթերցանությամբ զբաղվելը: Ես շատ ուրախ եմ,որ տուն-թանգարանն ունի հրաշալի տնօրենուհի, որը շատ լավ գաղափարներ է մեջտեղ բերում և ամենակարևորը՝ կարողանում է այդ գաղափարներն իրականացնել: Շնորհակալ եմ այն երիտասարդներին, ովքեր վերականգնեցին Խ. Աբովյանի բրոնզե արձանը, որ տևական ժամանակ վատ վիճակում էր գտնվում, և «Տաշիր» բարեգործական ընկերությանը, որը գնահատեց տնօրենի ջանքերը, նպատակը հասկացավ և օժանդակեց: Հույս ունեմ, որ այս գեղեցիկ, բացօթյա գրադարանը լեփ-լեցուն կլինի ընթերցողներով»:

Աբովենց այգու գրադարանի հանդիսավոր բացմանը հաջորդեց կոմպոզտոր Նիկոլ Գալանտերյանի «Հայտնի և անհայտ երգեր, ռոմանսներ, դուետներ» գրքի շնորհանդեսը (փոխադրումը և մշակումը Մարգարիտ Սարգսյանի): Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հույս հատնեց, որ Աբովենց այգին այսուհետ կդառնա արվեստի, գրականության գործիչների հավաքատեղի, որտեղ պարբերաբար կկազմակերպվեն գրական-երաժշտական երեկոներ, ներկայացումներ, համերգներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան օպերային արտիստներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը և Անդրանիկ Մալխասյանը: Երեկոյի կոնցերտմայստերն էր Մարգարիտ Սարգսյանը:

Արարողությանը ներկա էին նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ և Էստոնիայի պատվավոր հյուպատոսը, ով Աբովենց բացօթյա գրադարանին գրքերի ծավալուն հավաքածու նվիրեց: