ԼՂՀ`«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 2017 գիտակրթական մրցույթ-միջոցառում:ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ29.04.2017թ.

 

     Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի Երևան քաղաքի և ՀՀ մարզերի դպրոցներում անց է կացվում «Մեծն Լուսավորիչ Խ.Աբովյան» գիտակրթական մրցույթ-միջոցառումը:
2017-ին որոշվեց համագործակցության կամուրջ ստեղծել թանգարանի և ԼՂՀ Շուշի և Ստեփանակերտ քաղաքների Աբովյանի անունը կրող կրթօջախների միջև:

Ակնհայտ էր, որ ազատագրված և հաղթանակած արցախյան այս սերունդը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Նրանք իրենց պատասխանատվության մեծ զգացումով, թիմային աշխատանքով, գիտելիքի պաշարով, արդար պայքարով ապացուցեցին, որ պատրաստ են ցանկացած պահի նաև գիտելիքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը:

Միջոցառման հիմնական նպատակներն էին`

●խթանել Խ. Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրություն

●տարածել, հատկապես, աշակերտների մեջ, Խ. Աբովյանի ստեղծագործությունները, արմատավորել դրանց բարոյախրատական և բարոյադաստիարակչական սկզբունքները

●հանրայնացնել և հանրահռչակել Խ.Աբովյանի կյանքը, մանկավարժական գործունեությունը, բազմաժանր գրական ժառանգությունը

●ավելի հասանելի դարձնել Աբովյանի թողած գրական և մանկավարժական ժառանգությունը ԼՂՀ ապագան կառուցող սերնդի համար

Միջոցառման արդյունքներն էին`

● ունեցանք թվով 50 աշակերտ, ովքեր ավելի խորը գիտելիքներ ձեռք բերեցին Խ.Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության վերաբերյալ
● համագործակցության կամուրջ ստեղծվեց թանգարանի և կրթօջախների միջև
● ծագեցին և ծրագրվեցին հետագա համագործակցության հրաշալի գաղափարներ

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ Ստեփանակերտի Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում:

Մրցույթ-միջոցառմանը մասնակցում էին ՇՈՒՇԻԻ և ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Խ.Աբովյանի անունը կրող դպրոցների գիտակրթական մրցույթ-միջոցաման ներդպրոցական փուլերի հաղթող թիմերը՝
● Շուշի`«Քանաքեռ» թիմ
Թիմի նշանաբանը՝ «Մենք համբուրելով մեր նախնիների վայրը սրբազան, աղոթում ենք միշտ, որ մեր աշխարհում մի պատվար լինենք»:
Ուսուցիչ՝ Վ.Հակոբյան

● Ստեփանակերտ` «Պատանի աբովյանագետներ»
Թիմի նշանաբանը՝«Ապրել ու մեռնել հանուն հայրենիքի»
Ուսուցիչ՝Ա. Սարումյան

● Ստեփանակերտի դպրոցի «Պատանի աբովյանագետներ»
թիմը ճանաչվեց ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ հաղթող՝ ստանալով Պատվոգիր և աբովյանական հուշանվերներ, ինչպես նաև Շնորհակալագիր՝«Լավագույն գեղարվեստական համար» և «Լավագույն թիմային աշխատանք» անվանակարգերին արժանանալու համար:
●Շուշիի դպրոցի «Քանաքեռ» թիմը հաղթող ճանաչվեց`«Լավագույն գեղարվեստական համար» և «Լավագույն գրական խոսք» անվանակարգերում:
Միջոցառման ավարտին ժյուրիի անդամները իրենց խոսքն ասեցին մեկ գաղափարի շուրջ հավաքված մասնակիցներին և ներկաներին` շեշտելով յուրաքանչյուրի սկզբւնքային և անաչառ մոտեցումը: Հատուկ շնորհակալություն բոլոր ղեկավարներին, կազմակերպիչներին, ժյուրիի անդամներին և, իհարկե, արցախի պայծառ սերնդին այս միջոցառումն համատեղ և փայլուն իրականացնելու համար: