ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՋԵՐՄ ՄԻՋԱՎԱՅՐ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ…

Նոյեմբերի 17-ին տուն-թանգարանում «Ընտանիքի տարի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Աբովյանի ընտանեկան մոդելը» խորագրով միջոցառում: Միջոցառումը անցկացվեց թեյի սեղանի շուրջ, մտերմիկ, ջերմ, ընտանեկան միջավայրում: Իրենց ներկայությամբ մեզ պատվեցին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորը, կինը՝ տիկին Անահիտը և նրանց յոթ որդեգիր երեխաներից երկուսը: Ինչպես նաև ներկա էր թանգարանի լավ բարեկամ, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, Մանկավարժական գիտությունների թեկնածու Սիմա Դայանը իր ուսանողների հետ: Միջոցառումը սկսվեց թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանի բացման խոսքով: Իր խոսքում տնօրենը ընդհանուր գծերով անդրադարձավ ընտանիք հասկացությանը: Ներկաներին ողջունեց նաև ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը, խոսեց «Ընտանիքի տարի» ծրագրի և ընտրված խորագրի մասին, որից հետո խոսքը տրվեց տեր Գրիգորին: Տեր հոր խոսքով բոլոր մասնակիցները «Հայր Մերը» ասացին, որից հետո լսեցինք տեր Գրիգորի հետաքրքիր մեկնաբանությունները ընտանիքի մասին, ինչպես նաև աստվածաշնչյան մեջբերումներ, իմաստուն խորհուրդներ և հորդորներ: Ներկաներին խորապես տպավորեց տեր Գրիգորի ելույթը: Հաջորդիվ թանգարանի աշխատակիցների կողմից քննարկվեց Աբովյանի առաջադրած ընտանեկան մոդելի գաղափարը: Ա. Ստամբոլցյանը խոսեց Աբովյանի ապրած ժամանակաշրջանի ընտանեկան կյանքի, ընդունված սովորույթների, բարքերի մասին, այնուհետև անդրադարձավ Աբովյանի «Պատմություն Տիգրանի» մանկավարժական վեպին, որտեղ հեղինակը առաջադրել է ընտանեկան մոդելի մի գաղափար, որը միանգամայն նորություն էր 19-րդ դարի հայ իրականության մեջ: Վեպին առավել մանրամասն անդրադարձավ ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը: Միջոցառումն ամբողջությամբ ընթացավ ջերմ, մտերմիկ և հոգևոր մթնոլորտում: Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում տեր Գրիգորին՝ իր բազմախորհուրդ, խորիմաստ և ուսանելի զրույցի համար: