ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

 

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տուն-թանգարանում տեղի ունեցան միջոցառումներ «Ժառանգությունը և բնությունը» խորագրով՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում:

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում՝ «Ժառանգությունը և բնությունը» խորագրով տուն-թանգարանում բնության թեմատիկայով Երևանի Զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի հետ համատեղ կազմակերպվել է փայտարվեստի նմուշների ցուցադրություն:
Ծրագրի շրջանակներում, բնության թեմատիկայով մեկ այլ ցուցադրություն կազմակերպվել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի հետ համատեղ:

ՍԵպտեմբերի 30-ին միջոցառման մեկնարկը տրվեց թանգարանի այգում: Զարդարվեստի ուսումնարանի սաներ Օհանյան ՀԵղինեի, Ծովյան Նարեկի, Գևորգյան Օքսենի և Մելիքյան Նորայրի կողմից տեղի ունեցավ նկարչական պլեներ բնության թեմատիկայով:

Միջոցառման հյուրերն էին՝ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Գրետա Գաբրիելյանը և Հայաստանի Կանաչների միության նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանը, Երևանի Զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լ. Բարսեղյանը և մանկավարժական կոլեկտիվը, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի մանկավարժության պրակտիկայի ղեկավար, գեղանկարիչ-մանկավարժ Աննա Հովհաննիսյանը, Ս. Բարխուդարյանի ավ. թիվ 2 արվեստի դպրոցի տնօրեն Ս. Գալաչյանը և թատերական բաժնի ուսուցիչ Մ. Ահարոնյանը և Հ. 8 հատուկ կրթահամալիրի լոգոպեդ Գ. Բարսեղյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը: Իր խոսքում նա մասնավորապես անդրադարձավ եվրոպական և հայկական մշակույթների փոխահարաբերակցության և փոխներթափանցման հարցերին:
Միջոցառումը հագեցած էր հետաքրքիր և ճանաչողական դասախոսություններով և զեկույցներով:
«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Գրետա Գաբրիելյանը և Հայաստանի Կանաչների միության նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանը ներկայացրեցին հետաքրքիր դասախոսություններ «Հայաստանի բնաշխարհը. նրա դերն ու պահպանումը» թեմայով:

Թանգարանի էքսկուրսավար Ն.Դանիելյանը ներկայացրեց «Աբովյանը և բնությունը» խորագրով զեկույց: Իր ելույթը էքսկուրսավարը եզրափակեց Աբովյանի հետևյալ խոսքերով.
«…արարչիդ մեծությունը ու խնամքը ճանաչիր, ծառի պես պտուղ տու´ր, ծաղկի պես՝ հոտ, սարի պես՝ աղբյուր, դաշտի պես մասիլ(բերք), երկրի պես հաց, երկնքի պես լիս… վայելիր Աստծո բարությունը, ուրըշին էլ փայ տու´ր. աղքատ տեսնելիս՝ կերցրու´, կշտացրու´. ղուշը վրովդ անց կենալիս, կանչի´ր, կուտ տու´ր, դու առատ ձեռք ունեցիր, որ առատ առնիս ու բախտավոր ըլիս»:

Միջոցառման գեղարվեստական մասը ապահովեցին Ս. Բարխուդարյանի անվ. երաժշտական դպրոցի սան Ամիրջանովա Ալեքսանդրան Շոպենի «Պրելյուդ» կատարմամբ և Հ. 8 հատուկ կրթահամալիրի սան Ջուլհակյան Վլադիմիրը Ե. Չարենցի «Կուզեմ հիմի»-ի ասմունքով:

«Որքան հարմար և վայելուչ դպրոց է բնությունը, որը մեզ շրջապատում է. Մարդու գործողությունները, որ ամեն րոպե մեր կողքին տեսնում ենք. Սովորական առարկաները, որ շրջապատում են մեզ: Բնական մարդու համար էլ ի՞նչ ուրիշ լավ ուսում կարելի է ցանկանալ, քան թե իմանալ բոլոր իրերի անունները, ձևերը, գույնը, հատկությունը, նպատակը, բաղադրությունը և ազդեցությունը, ճանաչել և դատել այն ամենը, ինչ լսում և տեսնում ենք»:
Թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը Աբովյանի այս խոսքերով էլ եզրափակեց միջոցառումը:

Թանգարանի կողմից հյուրերին ու մասնակիցներին տրվեցին նվերներ՝ աբովյանական հուշանվերների նոր շարքից՝ աբովյանական առակների և բայաթիների բացիկներ, բլոկնոտներ, էջանիշներ, մագնիսներ:

Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: Այնուհետև թանգարանի այգում վայելեցինք Զարդարվեստի ուսումնարանի սաների պլեներային աշխատանքները: