ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 28-ին տուն-թանգարանում Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակներում հիշատակվեց արարատյան վերելքի 190-ամյակը: Միջոցառման մասնակիցներն էին Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի պրոդյուսեր Խորեն Քոթանջյանը, Օհայոյի համալսարանի ասպիրանտ Պիետրո Շաքարյանը և լեռնագնաց Գևորգ Գասպարյանը: Զեկույցների շարքը մեկնարկեց Գևորգ Գասպարյանը՝ մասնավորապես անդրադառնալով Արարատի գագաթը բարձրանալու ուղղություններին, դժվարություններին, Արարատի մերձակա բնակավայրերին և հուշարձաններին: Այնուհետև ցուցադրվեց «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» պատմավավերագրական ֆիլմը՝ նվիրված Խ. Աբովյանի ծննդյան 200-ամյակին և արարատյան վերելքի 180-ամյակին: Ֆիլմի ավարտից հետո ֆիլմի մասին խոսեց Խորեն Քոթանջյանը: Միջոցառումը իր զեկույցով եզրափակեց Պիետրո Շաքարյանը: Միջոցառման ողջ ընթացքում Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գորգագործության և կարպետագործության խմբակի ղեկավար Աննա Մանուկյանը և նույն խմբակի սան Արմինե Խաչատրյանը կատարեցին գոբելենային աշխատանք արարատյան թեմայով: Միջոցառման ավարտին մասնակիցները թանգարանի կողմից ստացան շնորհակալագրեր և աբովյանական հուշանվերներ: