ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 22-ին տուն-թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» համաեվրոպական խորագրի ներքո: Միջոցառումը մեկնարկեց տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը՝ ընդհանուր գծերով ներկայացնելով «Եվրոպական ժառանգության օրեր» նախաձեռնության նշանակությունը և պատմությունը: Միջոցառման ընթացքում հնչեցին զեկույցներ թանգարանի աշխատակիցների կողմից: Թանգարանի էքսկուրսավար Ն.Դանիելյանը ներկայացրեց «Բացահայտում ենք եվրոպական նշանավոր ժառանգությունը» թեմայով զեկույց, իսկ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը՝ «Արվեստը Աբովյանի կյանքում»: Միջոցառման գեղարվեստական և գեղագիտական մասն ապահովեց Նաիրյան վոկալ անսամբլը իր փայլուն կատարումներով: Նաիրյանականները կիսվեցին մեր ազգային երաժշտական արվեստով, և ինչպես միշտ փայլեցին մասնագիտական բարձր վարպետությամբ: Այս ընթացքում Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները կիսվում էին նկարչական արվեստով՝ կատարելով վիտրաժային աշխատանքներ: Այնուհետև սպասվում էր օրիգամին, ճապոնական այդ զարմանահրաշ արվեստը: Հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը մանրամասն ներկայացրեց օրիգամիի պատմությունը և նրա նշանակությունը, այնուհետև իր սաների հետ միասին կիսվեցին օրիգամի պատրաստելու արվեստով: Միջոցառման հյուրերը մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ մասնակցեցին օրիգամիի պատրաստմանը: Միջոցառման ավարտին, սովորության համաձայն, միջոցառման մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և աբովյանական հուշանվերներ: Հաջորդիվ միջոցառման մասնակիցներին սպասվում էր շրջայց թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր շնորհակալությունն է հայտնում Նաիրյան վոկալ անսամբլին, Հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնին և Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցին մասնակցության համար: