ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ…

Հոկտեմբերի 1-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում կայացավ միջոցառում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, «Ժառանգությունը և բնությունը» խորագրով:

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, բնության թեմատիկայով թանգարանում կազմակերպվել է փայտարվեստի նմուշների ցուցադրություն Երևանի Զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի հետ համատեղ:
Ծրագրի շրջանակներում, բնության թեմատիկայով մեկ այլ ցուցադրություն կազմակերպվել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի հետ համատեղ:

Միջոցառման հյուրերն էին՝ երաժիշտ-մանկավարժ, միևնույն ժամանակ Հայաստանի հարուստ բնությանը, բույսերի բուժիչ հատկություններին նվիրված շուրջ 800 հրապարակումների հեղինակ Ջ. Սահակյանը, 2. «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի հիմնադիր, գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, Մանկավարժական գիտությունների թեկնածու Սիմա Դայանը, Ս. Բարխուդարյանի անվ. երաժշտական դպրոցի ուսմասվար Զ. Եսայանը, Հ 8 հատուկ կրթահամալիրի լոգոպեդ Գոհար Բարսեղյանը և այլոք:

Միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը:
Դասախոսությունների շարքը բացեց Մ. Մուղդուսյանը: «Աբովյանական թեման բնանկարներում» հետաքրքրիր և բովանդակալից քննարկում-դասախոսություն: Գեղանկարիչը անդրադարձավ բնանկարչությանը, Աբովյանի կերպարին բնանկարներում և նկարիչներին, որոնք կերտել են մեծն լուսավորչի կերպարը:
Մեկ այլ դասախոսությամբ հանդես եկավ Ջ. Սահակյանը «Հայաստանի որոշ տիպիկ դեղաբույսերի օգտակարության մասին» թեմայով: Իր խոսքում տիկին Ջուլիետան մասնավորապես անդրադարձավ ալոճենու, կաղնու, տանձենու և խաղողի օգտակար հատկություններին:
Թանգարանի գիտաշխատող Ա. Մարալյանը ներկայացրեց «Աբովյանը և բնությունը» թեմայով զեկույց: Իր խոսքում գիտաշխատողը անդրադարձավ առաջին աշխարհաբար դասագրքին՝ «Նախաշավիղին», խոսեց Աբովյանի կիրառած ուսուցման զննական-առարկայական մեթոդի մասին և թե ինչպիսի մատչելիությամբ է Աբովյանը մատուցել բնության երևույթներն իր դասագրքում:

Միջոցառման գեղարվեստական մասը ապահովեցին Ս. Բարխուդարյանի անվ. երաժշտական դպրոցի սան Պողոսյան Էլենը՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սասունցիների պարը» դաշնամուրային կատարմամբ և Հ 8 հատուկ կրթահամալիրի սան Ջուլհակյան Վլադիմիրը՝ ներկայացնելով Խ. Աբովյանի «Ազգասեր մարդը իր մեռնելու վախտը» բանաստեղծությունը:

Միջոցառումը եզրափակեց թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը՝ մի քանի խոսքով անդրադառնալով Աբովյան-բնություն կապին:

Միջոցառման ավարտին հյուրերին և մասնակիցներին տրվեցին նվերներ՝ աբովյանական հուշանվերների նոր շարքից՝ աբովյանական առակների և բայաթիների բացիկներ, բլոկնոտներ, էջանիշներ, մագնիսներ և Ջ. Սահակյանի գիրքը՝ «Պահապան ծառերի բուժիչ զորությունը»:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման բոլոր հյուրերին և մասնակիցներին գործուն, ակտիվ, պատրատակամ համագործակցության և մասնակցության համար: