ԱՐԱՐԱՏՅԱՆ ՎԵՐԵԼՔ 190

Սեպտեմբերի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը:
«Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։ Գլխավոր մրցանակներին արժանացան՝ Հարություն Ստեփանյանը /150․000 դրամ/, Անուշ Կարաքեշիշյանը /100․000 դրամ/, Էդուարդ Մկրտչյանը /Արևմտյան Հայաստանի ուղեգիր/։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը մեծապես կարևորեց հոբելյանի նշանակությունը պատմագիտական տեսանկյունից, ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման աջակիցներին։
Հանդիսությանը մասնակցելու նպատակով այս օրերին Երևանում է գտնվում նաև Օհայոյի համալսարանի պատմաբան Պիետրո Շաքարյանը, ով հանդես եկավ ելույթով։
«Արարատյան վերելք- 190» հոբելյանական ցուցապաստառի վրա տեղի ունեցավ AR mobile տեխնոլոգիայի կիրառում՝ «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով։
Հոբելյանական հանդիսությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը։
Միջոցառումը եզրափակվեց Վահագն Հայրապետյան ջազային քառյակի ելույթով։
«Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչև տարեվերջ։