ԱՇՆԱՆԱՅԻՆ ՈՒՐԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈՒՄ ԵՆ…

Նոյեմբերի 4-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանի այգում տեղի ունեցավ աշնանը նվիրված միջոցառում-էքսկուրսիա: Այս անգամ աշունը բացահայտում էին Ավետիսյան դպրոցի սաները՝ դասվար Հասմիկ Սողոմոնյանի ղեկավարությամբ: Աշնանային այգու ոսկեզօծ գույների ներքո աշակերտները՝ խմբերի բաժանված, ծնողների մասնակցությամբ, ստվարաթղթի վրա աշնան թեմատիկայով տեսարաններ պատրաստեցին: Այգու աշնանային բարիքները մեծապես նպաստեցին տեսարանների ձևավորման աշխատանքներին: Տեսարանները պատրաստելուց հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր կատարած աշխատանքը. աշակերտների կողմից հնչեցին աշնան մասին բանաստեղծություններ և պատմություններ: Այս ամենին գործուն մասնակցություն ցուցաբերեցին ծնողները, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ դպրոց-ծնող կապը մեծ դեր ունի աշակերտների գիտելիքների ամրապնդման ու խորացման գործում: Մեր փոքրիկ մսասնակիցները մեծ ուրախությամբ իրենց կատարած աշխատանքները նվիրեցին թանգարանին, ինչը տեղ կգտնի թանգարանի ժամանակավոր ցուցադրության մեջ:
Միջոցառման ավարտին մասնակիցներին սպասվում էր շրջայց Խ. Աբովյանի տոհմատանը: Թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանը մանրամասն ներկայացրեց մեծն լուսավորչի 250 տարեկան տունը: Մեր փոքրիկ մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց տոհմատունը և այնտեղ գտնվող իրերը: Նրանք համակ ուշադրությամբ հետևում էին էքսկուրսավարի բացատրություններին: Շրջայցից հետո մասնակիցներին սպասվում էր կեսօրյա նախաճաշ թանգարանի նախասրահում: Մեծ ոգևորությամբ և գիտելիքների նոր պաշարով աշակերտները հեռացան թանգարանից: