Ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարելու նպատակով հաճախ Անդրկովկաս էին գալիս գիտնականներ Ռուսաստանից, Եվրոպայից: Իշխանությունների հանձնարարականով նրանց ուղեկցում էր Աբովյանը:
Թիֆլիսում մանկավարժական աշխատանքի անցնելուց մի քանի ամիս անց՝ 1838թ-ի գարնանը, Աբովյանը մասնակցում է Պետական գործիչ, Ռուսաստանի սենատի անդամ Բարոն Պավել Հաանի դեպի Հայաստան ձեռնարկած ուղևորությանը:
Հաանը Թիֆլիս էր ժամանել ցարի հանձնարարությամբ: Նիկոլայ առաջինը ցանկանում էր վարչական նոր վերակառուցման ենթարկել երկիրը: Անդրկովկասի քննումն ու ուսումնասիրությունը բաժին էր հասել սենատորին:
Աբովյանը և Հաանը Թիֆլիսից դուրս եկան մայիսի 26-ին:Անցան Գյառգյառով, Շուլավերով, Ալեքսանդրապոլով, հեռվից դիտեցին Անիի ավերակները, ապա Սարդարապատով, Արմավիրով հասան Էջմիածին: Մինչ Թիֆլիս վերադառնալը մի քանի օր մնացին Երևանում, ապա Քանաքեռով մեկնեցին Ծաղկաձոր, Նոր Բայազետ, Չիբուխլու, Դիլիջան և հունիսի 8-ին հասան Թիֆլիս: Շրջագայությունը տևեց երկու շաբաթ: Աբովյանը գրում է, որ նման երևելի մարդկանց հետ մտերմությունը, երկար զրույցները հարստացնում են իր գիտելիքները: Այս շրջագայությունը ուներ պետական-քաղաքական նշանակություն, որն էլ պատճառ է դառնում, որ Աբովյանը ավելի լուրջ մտահոգվի ժողովրդի սոցիալ- քաղաքական վիճակով: Այս շրջագայության վերաբերյալ Աբովյանը գրում է «Առ բարեսնունդ և սիրելի աշակերտս իմ…» աշխատությունը:
Ֆրանսիացի, գերմանացի, անգլիացի շատ գիտնականներ Մերձավոր Արևելքը, Կովկասը ուսումնասիրել և շատ աշխատություններ են գրել, սակայն դեռ Դորպատում սովորելու տարիներին Աբովյանը դրանք ուսումնասիրել և ոչ մեկի մեջ չի գտել իր հայրենիքի մասին ճշգրիտ տեղեկություններ: Աշխարհագրական գիտության մեջ այդ բացը լրացրնելու նպատակով Կովկաս էր եկել բավարացի անվանի աշխարհագրագետ Մ. Վագները:1843թ-ի ապրիլին Անդրկովկասի դպրոցների վերատեսչի պաշտոնակատարից Խ.Աբովյանը ստանում է գրություն, որի համաձայն պետք է ուղեկցեր բավարացի աշխարհագրագետին:
Նրանց ճանապարհորդությունը սկսվեց Թիֆլիսից, ապա Ղազախ, Քարվանսարա (Իջևան), Դիլիջան, Սևանա լիճ, Ախտա (Հրազդան), Երևան, Էջմիածին, Երասխ (Արաքս) գետ, Ալեքսանդրապոլ, Ղշլաղ (Ժդանով), Լալվարի լեռներ, վերջնակետն էր Թիֆլիսը:
Այս ճանապարհորդությանը նվիրված ոչ մի աշխատություն Աբովյանը չի գրել: Բայց Մ. Վագների «Ուղևորություն դեպի Արարատ և Հայկական լեռնաշխարհը» գրքից (1852թ.) կարող ենք տեղեկանալ կատարած ուսումնասիրությունների մասին և Աբովյանի ձեռք բերած գիտելիքների վերաբերյալ: Գրքում ներկայացված են գործիքներով կատարած դիտարկումները (ջերմաչափական, ծանրաչափական այլն), ճանապարհին տեսած և ուսումնասիրած բոլոր բույսերը և կենդանիները: Վագները համեմատում է Աղստև գետի շրջակայքի բնությունը Գերմանիայի հետ և գտնում զգալի նմանություն: Հատուկ ուշադրություն է գրավում այն հավելվածը, որտեղ հեղինակը մեծ հարգանքով ներկայացնում է իրեն ուղեկցող հայ երիտասարդին, վերջինիս հայրենագիտական գիտելիքները, Արևելյան Հայաստանում ապրող եզդիների և քրդերի կյանքը:
1843թ-ին Աբովյանը ուղեկցում է պրուսիացի ճանապարհորդ, գաղտնի խորհրդական Ա. Հաքստհաուզենին: Վերջինս ճանաչված էր իբրև Պրուսիայի և Ռուսաստանի հողատիրության և հողաօգտագործության լավագույն գիտակ: Հաքստհաուզենի հետ ուղևորությունները նրա մեջ ձևավորում են տնտեսաաշխարհագրական ու քաղաքական բնույթի նոր հասկացություններ: Այս ուղևորությունից հետո Աբովյանը ավելի հիմնավորված քննադատության է ենթարկում ճորտատերերին, հասարակ ժողովրդին հարստահարողներին: Հետագայում Աբովյանը գրում է մի հաշվետվություն, որտեղ նշում է, որ Հաքստհաուզենի հետ շրջագայելու ժամանակ, ձգտել է ըստ հնարավորության լինել օգտակար, հավաքել տեղեկություններ ժողովրդի նիստ ու կացի, ապրելակերպի վերաբերյալ: Բարոնը իր հնգօրյա ճամփորդությունից ստացած տպավորությունները և Աբովյանին ուղղված շնորհակալական խոսքը գրել է իր երկհատոր «Անդրկովկասյան երկրամաս» աշխատության մեջ: Նշում է նաև, որ Հայաստանի վերաբերյալ տվյալները հիմնականում ստացել է Աբովյանից:
Վերադառնալով պրուսացի ճանապարհորդ Ա. Հաքստհաուզենի հետ կատարած կարճատև շրջագայությունից՝ Խ. Աբովյանը գրում է հաշվետվություն, որտեղ նշում է, որ հավաքել է տեղեկություններ ժողովրդի նիստ ու կացի, ապրելակերպի վերաբերյալ: Բարոնը Հայաստանում անցկացրել է հինգ օր: Հաքստհաուզենը գրում է երկհատորանոց «Անդրկովկասյան երկրամաս» աշխատությունը, որտեղ հատուկ հիշատակում է իրեն ուղեկցողին՝ Խ. Աբովյանին, ում իր շնորհակալական խոսքն է հղում և ընդգծում, որ Հայաստանի վերաբերյալ տվյալները գերազանցապես ստացել է Աբովյանից:
Գոյություն ունի մի վավերագիր, որը վկայում է, որ Ա. Հակստհաուզենին ուղեկցելուց անմիջապես հետո Խ. Աբովյանը շրջագայել է ոմն Վ. Լիվինի հետ:
Աբովյանի հաջորդ ճանապարհորդությունը գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Բոդենշտեդի և արևելագետ Գեորգ Ռոզենի հետ էր: Ճանապարհորդելով Վրաստանով, նրանք գալիս են Հայաստան, որտեղ Խ. Աբովյանի աջակցությամբ Բոդենշտեդը հավաքում է հայերի, քրդերի, թաթարների բանահյուսությունն ուազգային երգերը: Նա կատարում է ինքնուրույն գիտական աշխատանք. Բոդենշտեդի համար հավաքում է ժողովրդական երգեր ու թարգմանում գերմաներեն: Հայաստանին հրաժեշտ տալուց հետո էլ նրանց կապը չի ընդհատվում: Այսպես հայ մեծ լուսավորիչը աշխարհագրությանը զուգահեռ խորանում է մեկ այլ գիտության՝ ազգագրության մեջ:
1844թ. Անդրկովկասյան ուսումնարանների ղեկավարության կողմից Աբովյանը գրություն է ստանում, որի համաձայն պետք է ուղեկցեր գերմանացի բուսաբան Կարլ Կոխին: Նա օգնում է Կոխին գիտական դիտարկումներ կատարելիս՝ բույսերի հավաքման ու տեսակավորման գործում:
1844թ. Աբովյանը ճամփորդում է նաև Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ՝ Հերման Աբիխի հետ, որը զբաղվում էր Անդրկովկասի և Պարսկաստանի երկրաբանական կառուցվածքի հետազոտություններով: Նա նպատակ ուներ բարձրանալ Արարատի գագաթը: Վերելքի փորձերը չեն հաջողողվում: Անհաջողության պատճառը այդ տարվա անընդհատ տեղացող ձյունը, քամիներն ու վատ եղանակն էր, որի մասին տեղեկացրել էր Աբովյանը: Նա Հ. Աբիխի հետ կատարած ուղևորությունից հետո գրում է երկու աշխատություն՝ «Արևմտյան երեք իմաստուններ», «Արևմտյան երեք իմաստուններ՝ քրիստոնյա մոլլայի ուղեկցությամբ»:
1845թ․-ին Խ. Աբովյանը ինքնուրույն ուղևորություն է կատարում դեպի Արևելյան Հայաստանում ապրող քրդերի և եզդիների բնակավայրը: Նա խորանում է քրդերի և եզդիների սովորությունների ուսումնասիրություններում: Աբովյանը գրում է ազգագրական աշխատություններ և դառնում ազգագրության հիմնադիրներից մեկը Հայաստանում:
Արարատի երկրորդ վերելք — Խ. Աբովյանի հաջորդ ճանապարհորդությունը Հենրի Սեյմուրի հետ էր՝ 1846թ-ի սեպտեմբերի 14-19-ը: Օտարերկրացի այս ազնվականը սիրել է ճանապարհորդել արևելյան երկրներում. Հնդկաստանից վերադառնալիս, անցնելով Պարսկաստանի տարածքով, եկել է Ռուսաստան և Թիֆլիսում անհրաժեշտ պաշտոնական հանդիպումներից հետո թույլտվություն ստացել ուսումնասիրել Արարատի մերձակայքը և տեսնել 1840թ. հունիսի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ցավալի էր երբեմնի ծաղկյալ բնակավայրերը ամբողջովին ամայացած տեսնել, որտեղ տարիներ առաջ Աբովյանը շրջագայել էր հանգուցյալ պրոֆեսոր Պարրոտի հետ: Վեց տարի առաջ այդ նույն վայրում գոյություն ուներ գեղեցիկ գյուղը՝ Ակոռին, իր հարստությամբ ու հնությամբ, բայց Արարատի մի ժայթքումը ամայություն է սփռել և ոչնչացրել մի ամբողջ գյուղ՝ 5000 բնակչով: Մնացել էր մի քանի ավերված տներ, չորացած ծառեր, մի քանի տապանաքար Ս. Հակոբի հովտից:
Սեյմուրը երկրաշարժի հետևանքները տեսնելուց հետո մտադրվում է բարձրանալ Արարատի գագաթը՝ Աբովյանի ուղեկցությամբ: Բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ, սեպտեմբերի 18-ին, ինչպես Աբովյանն է գրել. «Թվում է, վոր Արարատը յերբեք այդպես բարեհաճ չեր յեղել ուղևորի համար… Այս անգամ բախտը կամեցավ առաջնորդությունն ինձ շնորհել յերկրպագելու մարդկային ցեղի նախահոր սրբազան բնակավայրին… Լեռան բուն գագաթը մի տափարակ, փոքր-ինչ կարծրացած ձյունից խորդուբորդ հարթություն է, որի վրա հարմար է ման գալ ոտքով… Յերբ անցավ մեր առաջին ուրախությունը, մենք սկսեցինք մտածել վերադառնալու մասին յերկար ու դժվարակոխ ճանապարհի մասին: Կեսորից արդեն անց եր…»:
Այս ճամփորդության մասին Աբովյանը գրել է իր հայտնի «Նոր վերելք Արարատի գագաթը» աշխատությունը, որը տպագրվել է 1847թ. «Кавказ» լրագրում: Այն գրված է ճամփորդական նոթերի ձևով, որն արժեքավոր է նկարագրություններով:
Վերադառնալով Անգլիա՝ Սեյմուրը գիրք է հրատարակել ճանապարհորդական տպավորությունների մասին, որը տպագրվել է Լոնդոնում, 1877թ.:
1846թ․-ի հոկտեմբերին Աբովյանը շրջագայում է ռուս գրող Ա. Մուրավյովի հետ:
Խ. Աբովյանի վերջին շրջագայություններից մեկը տեղի է ունեցել 1847թ-ի հոկտեմբերի 21-28-ը: Երևանի գավառապետ Ն. Վ. Բլավատսկու հրավերով նա մասնակցել է դեպի Բագրատունիների մայրաքաղաք Անիի ավերակները կատարվող շրջագայությանը: Շրջագայության ժամանակ ունեցած ապրումները, հույզերը Աբովյանը ներկայացնում է «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» աշխատությունում: