ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիա. Թանգարանները որպես մշակութային հանգույց. ավանդույթի ապագան

 

Մայիսի 18-ին տուն-թանգարանում իրական մշակութային հանգույց էր. հանգուցվել էին թանգարանն ու դպրոցները: Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում թանգարանը կազմակերպել էր մրցույթ «Ճանաչենք մեր թանգարանները» խորագրով: Մրցույթի մասնակիցներն էին Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի և Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները: Մրցույթ-միջոցառման նպատակն էր աշակերտներին ընդհանուր տեղեկություններ հաղորդել ՀՀ տարածքում գործող 124 թանգարանների, նրանց գործունեության, հիմնադրման պատմության, հավաքածուի և հիմնական ցուցադրության մասին: Ժյուրիի անդամներին էին՝ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Պողոսյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը և թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը: Հաղթող թիմը թանգարանի կողմից ստացավ «Լավագույն թանգարանականներ» մրցանակը և պատվոգիր: Հրազդանցիները նույնպես դատարկաձեռն չհեռացան: Թանգարանի կողմից նրանք ստացան «Խաչատուր Աբովյան» հուշամեդալը: Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը, մասնակից դպրոցների տնօրեններ՝ Մ. Բաբայանը և Հ. Հայրապետյանը, ժյուրիի անդամներ՝ Դ. Պողոսյանը և Մ. Մկրտչյանը: «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակում կամավորության սկզբունքով մասնակցություն ունեցան նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ուսանողները: Կատարած աշխատանքի համար թանգարանի կողմից նրանք ստացան շնորհակալագրեր: