ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված բաս-դաս միջոցառում՝ «Հայաստանի երեք հանրապետությունները» թեմայով: Բաց-դասի մասնակիցներն էին «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմ. դպրոցի սաները՝ պատմության ուսուցչուհի Լիլիթ Բաղդագյուլյանի ղեկավարությամբ: Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց մեծն շանսիոնե Շարլ Ազնավուրին: Միջոցառման մասնակիցները և հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Շարլի հիշատակը, որից հետո թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը ներկայացրեց զեկույց աշխարհահռչակ շանսիոնեի մասին: Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը պատմական ակնարկ կատարեց ՀՀ անկախության մասին, որից հետո Վարդանանց ասպետները փայլուն ներկայացրեցին Հայաստանի երեք հանրապետությունների պատմական փուլերը: Բաց-դասի համար նրանք պատրաստել էին նաև երեք հանրապետությունների զինանշանները, ինչն ավելի հետաքրքիր և առարկայական դարձրեց ներկայացվող թեման: Բաց-դասի շրջանակներում ասմունքով հանդես եկավ «Վարդանանց ասպետներ» դպրոցի սան Ժորա Գյուլումյանը՝ ներկայացնելով Հ. Սահյանի «Հայաստան ասելիս», Խ. Աբովյանի «Վաթան» և Պ. Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունները: Ինչպես միշտ, մեր շնորհալի Ժորան իր բարձրակետում էր: Բաց-դասին ներկա էին նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները՝ մասնագիտական պրակտիկայի շրջանակներում: Միջոցառման ավարտին բաց-դասի մասնակիցներին տրվեցին աբովյանական հուշանվերներ: