Խ. Աբովյանը 1838թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերական օրիորդ Էմիլիե Լօօզեի հետ: Ամուսնության դաշն կնքելու համար անհրաժեշտ էր ստանալ առաքելական և լութերական եկեղեցիների համաձայնությունը:
1838թ. Աբովյանը դիմում է Էջմիածնի Սինոդին, որպեսզի իրեն ազատեն հոգևոր կոչումից: 1839 թ., ըստ գոյություն ունեցող կարգի, Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնության «Դաշն», ըստ որի Էմիլիեն համաձայնվում է պսակադրությունն անցկացնել հայկական եկեղեցում, երեխաներին էլ մկրտել հայ առաքելական եկեղեցու կանոններով:
Նրանք ունեցել են որդի՝ Վարդան-Մորից Աբովյան և դուստր՝ Զարմանդուխտ-Ադելաիդե Աբովյան:
Վարդան Աբովյանը ծնվել է 1840թ. մայիսի 30-ին: 9 տարեկանից Վ. Աբովյանը սովորում է Ներսիսյան դպրոցում, 1854-59թթ՝ սովորում է Խարկովում, իսկ 1860թ. դառնում է Դորպատի համալսարանի ուսանող: Նյութական միջոցների բացակայության պատճառով նա թերի է թողնում ուսումը, բայց ռեկտորի միջամտությամբ հանձնում է քննությունները և ստանում ուսուցչի որակավորում: Ռևելում (Տալլին) մի քանի տարի դասավանդում է ռուսաց լեզու, պատմություն, գեղագրություն, աշխարհագրություն: 1869 թ. Վ. Աբովյանը տեղափոխվում է Անդրկովկաս և ուսուցչի պաշտոն ստանում Ախալքալաքում: 1875թ. տեղափոխվում է Էջմիածին, այնուհետև Երևանի թեմական դպրոց: 5 տարի աշխատում Գևորգյան ճեմարանում, որից հետո 10 տարի ապրում և աշխատում է Երևանի թեմական դպրոցում:
Մահացել է 1896թ. և թաղված է Սուրբ Գայանե եկեղեցու բակում: Նրա կինն է եղել Կատարինե Յարալյան-Աբովյանը: Նրանք ունեցել են 8 զավակ:
Զարմանդուխտ Աբովյանը ծնվել է 1843թ.: Ավարտելով օրիորդաց գիմնազիան՝ նա ամուսնանում է հարկահավաք Գրիգորի Բոժովսկու հետ, համատեղ կյանքում ունեցել են 5 զավակ՝ 4 աղջիկ և 1 տղա: Զարմանդուխտը մահացել է 1909թ.: