Աբովյանի նոր՝ ռոմանտիկական ընկալումը, քնարական սեռի ասպարեզում, թերևս այնպիսի ամբողջությամբ չդրսևորվեց, ինչպես պոեմի ժանրում: Հայ նոր գրականության մեջ, կարելի է ասել, Աբովյանը առաջինը եղավ լիրիկական պոեմի ժանրի ստեղծողը՝ հանձինս «Աղասու խաղը» մեծածավալ պոեմի: Թեև այս գործը աչքի չի ընկնում բանաստեղծական ինքնատիպ լուծումներով, բայց, որպես քնարական պոեմի առաջին փորձ, այն հետաքրքրիր է և անկրկնելի: Բանասիրության մեջ իրավացիորեն հայտնվել է այն կարծիքը, որ «Աղասու խաղը» անավարտ պոեմը նշանավոր «Վերքի» մտահղացման առաջին մարմնավորումն է՝ չափածո ձևով, որտեղ շեշտը դրված է բացառապես Աղասու հոգեկան ապրումների, նրա սիրո, կարոտի, տառապանքի և այլ զգացմունքերի վերարտադրության վրա: Աղասին իր դատողություններով, խոհերով և անհանգստություններով հաճախ նույնանում է հեղինակային եսի հետ՝ դառնալով նրա նվիրական զգացմունքերի արտահայտիչը:
Ա˜խ սուրբ վաթանի հողին ղուրբան,
Վաթանի ծուխը խունկ ա ու կնդրուկ.
Վաթանի ջուրը գետ անմահական.
Վաթանի հողը անգին ջավահիր.
Վաթանի քարը գոհար, մարգարիտ…
«Իրականում սրանք իմ զգացմունքներն են, որոնք ես վերագրել եմ Աղասուն»,-հետագայում ասել է Աբովյանը: Ե՛վ պոեմի կենդանի, խոսակցական լեզուն, և՛ աշուղական բանաստեղծության որոշ սկզբունքների կիրառումը ևս մի քայլ էր դեպի պոեզիայի ժողովրդական ակունքները, որոնք հետագայում ավելի խորությամբ դրսևորվեցին «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուում:
Աբովյանը դիմել է նաև երգիծական պոեմի ժանրին: «Հազարփեշեն» երգիծական պոեմում հեղինակը արծարծել է սոցիալական ու քաղաքական անարդարության հարցերը: Ծաղրելով Կովկասում ծառայող ռուս չինովնիկին՝ Աբովյանը միաժամանակ արտահայտում է իր համակրանքը աշխատավոր ասիացի մարդու նկատմամբ և բողոքում «քաղաքակիրթ աշխարհի» մարդկանց կամայական, բիրտ ու անհոգի վերաբերմունքի դեմ: «Հազարփեշեն» պոեմը գրված է աշխարհաբար լեզվով՝ ժողովրդական երգիծանքի ու հումորի տարրերի լայն կիրառումով: Այս գործը շատ ինքնատիպ փորձ է երգիծական պոեմի ժանրի ասպարեզում և մեկ անգամ ևս վկայում է Աբովյանի գրական-հասարակական չափազանց լայն և համակողմանի հետաքրքրությունների մասին: