ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԱԲՈՎՅԱՆԻ 212-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ. 16.10.2017թ.

ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ, ՀՈՒՇԵՐ…

Հոկտեմբերի 16-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Խ. Աբովյանի ծննդյան 212-ամյակին նվիրված միջոցառում «Աբովյանական մտորումներ, հուշեր…» խորագրով:

Միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը:

Միջոցառման հյուրերն էին՝ ՀՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, Խ. Աբովյանի ժառանգներից՝ տիկին Սոֆիան, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը և գիտաշխատող Անուշ Թասալյանը, Ա. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, Ս. Բյուրատի անվ. թիվ 125 դպրոցի փոխտնօրեն Նառա Աբգարյանը, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվ. հ. 4 դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Ղազարյանը, լեզվի և գրակ. ուսուցչուհի Ալվարդ Միրզոյանը և այլոք:

Միջոցառումը հագեցած էր զեկույցներով:
Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը խոսեց Աբովյանի հուշագրության մասին՝ մասնավորապես անդրադարձ կատարելով Աբովյանի նամականուն:
Թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը ներկայացրեց զեկույց «Աբովյանի ճամփորդական նոթերը» թեմայով: Իր զեկույցում գիտաշխատողը խոսեց Աբովյանի կատարած ճամփորդությունների և դրանց վերաբերյալ Աբովյանի հուշերի մասին: Գլխավոր ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը հանդես եկավ «Հաքստահաուզենի հուշերը Աբովյանի մասին» զեկույցով՝ ներկայացնելով գերմանացի գիտնական, ճանապարհորդ Ա.Հաքստհաուզենի՝ Աբովյանի հետ Հայաստանում կատարած շրջագայությունները և նրա տպավորությունները Հայաստանի և Աբովյանի մասին: Մեկ այլ զեկույց կրտսեր գիտաշխատող Ա. Մարալյանի կողմից՝ «Աբովյանական մտորումներ»: Գիտաշխատողը հիմնականում խոսեց Աբովյանի նվիրական նպատակների, ծրագրերի և նրան տանջող խոհերի մասին:
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվ, հ. 4 դպրոցի սաներ՝ Սահակյան Ջուլիետտան, Մալաչյան Մերին, Խաչերյան Ալիսյան և Այվազյան Միհրանը ներկայացրեցին հատվածներ Աբովյանի «Զանգի» ստեղծագործությունից:
Միջոցառման երաժշտական մասն ապահովեց երգահան, երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանը: Նրա կատարմամբ վայելեցինք «Երկու անձրև» և «Եվ սերը» երգերը:
Գեղարվեստական փայլուն համարով հանդես եկան Զեյթուն մշակութային կենտրոնի թատերախմբի սաները: Առաջին անգամ տուն-թանգարանում կենդանության առավ Աբովյանի «Խաղարկություն մանկանց» պիեսը՝ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Ալլա Թորոսյանի ջանքերով:

Միջոցառման ավարտին թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը հյուրերին և մասնակիցներին հանձնեց աբովյանական հուշանվերներ:
Աբովյանական մտորումները շարունակվեցին սուրճի սեղանի շուրջ, որտեղ միջոցառման հյուրերը կարծիքներ հայտնեցին մեծն լուսավորչի մասին և հիշատակեցին նրա ծննդյան օրը:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման հյուրերին և մասնակիցներին պատրաստակամ համագործակցության և արդյունավետ մասնակցության համար: