ԿՈՒԼՏՈՒՐ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մանկավարժական գործունեությունը-    1837թ-ին Խ.Աբովյանին նշանակում են Թիֆլիսի նահանգական դպրոցի հաստիքավոր տեսչի պաշտոնակատար, որտեղ էլ դասավանդում է պատմություն, գերմաներեն, աշխարհագրություն, թվաբանություն, ռուսերեն: Զուգահեռ բացում է մասնավոր պանսիոն: 1843թ-ին Աբովյանը նշանակվում է Երևանի գավառական ուսումնարանի տեսուչ, դասավանդում է պատմություն, ռուսերեն, գերմաներեն: Առավել ջանասեր, ընդունակ աշակերտներին հավաքում է իր բնակարանում և լրացուցիչ կերպով պարապում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուները՝ նպատակ ունենալով այդ աշակերտներից մի քանիսին ուղարկել Ռուսաստան կամ արտասահման սովորելու:

Խ.Աբովյանի կազմած դասագրքերն ու ձեռնարկները-Աբովյանի կազմած դասագրքերից առաջին հերթին պետք է հիշատակել հայտնի «Նախաշավիղ»-ը, որը հանդիսանում է այբբենարան- ընթերցարան՝ հայոց լեզվի տարրական գիտելիքներ ուսուցանելու համար:

 Ռուսաց լեզվի քերականության դասավանդման համար Աբովյանը գրել է մեծածավալ «Նոր տեսական և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց» աշխատությունը:

Ադրբեջաներեն լեզվի քերականության համառոտ ձեռնարկ, (ձևաբանություն, խոսքի մասեր) որը գրված է ռուսերեն լեզվով «Краткие правила для словесного употребления языка тюрки(татарского)»:

Պատմա-փիլիսոփայական հայացքները և դիդակտիկական մեթոդական սկզբունքները լուսաբանելու համար արժեքավոր աշխատություն է «Պատմություն հին դարուց» ձեռնարկը, որը թագավորների, զորավարների, եկեղեցական և քաղաքական գործիչների, պատերազմների, արշավանքների մասին է:

Դիդակտիկական-մեթոդական բնույթի ցուցումներով հարուստ աշխատություն է «Տիեզերագիտություն»-ը, որըուսումնական ձեռնարկ է ծառայել Աբովյանի աշխատանքային գործունեության ընթացքում:

Ուսումնական ձեռնարկների թվին է պատկանում Աբովյանի «Ամերիկու լիս քցիլը» աշխատությունը, որտեղ խոսվում է ոչ միայն Ամերիկայի գյուտի մասին, այլև աշխարհագրական տեղեկություններ են տրվում նաև մյուս աշխարհամասերի մասին:

Խ.Աբովյանի մշակած Անդրկովկասի և Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման ծրագրերը-

Դեռ Դորպատում եղած տարիներին Աբովյանը մշակում է  ՙՀայաստանի տնտեսական և կուլտուրական վիճակը բարելավելու ուղիների մասին՚ ծրագիր: Իր ծրագրում Աբովյանը, մասնավորապես, երկրի տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման նպատակով առաջարկում է զարգացնել արդյունաբերությունը, առաջին հերթին տեղի բնական հարստությունները և հումքը մշակելու նպատակով. անհրաժեշտ է առավել արդյունավետ ձևով զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ, արմատացնել և ընդարձակել մի շարք գյուղատնտեսկան, տեխնիկական կուլտուրաներ, ինչպես օրինակ՝ կարտոֆիլ, ծխախոտ, բամբակ, մետաքս, բուսաներկեր և այլն: Այս ձեռնարկումների գլխավոր նպատակներից մեկը  պետք է լիներ աշխատավորության, մասնավորապես, գյուղացիության դրության բարելավումը: