Աբովյանը արվեստում

Աբովյանը և թատրոնը, Աբովյանը և երաժշտությունը, Աբովյանը և կերպարվեստը թեմաներով հոդվածներ և գրախոսություններ են գրվել 19-րդ դարից մինչև մեր օրերը:

Արվեստի միջոցներով Աբովյանի նվիրական կերպարի լուսաբանումը եղել և մնում է հայ դասական, ինչպես նաև ժամանակակից դրամատուրգների, կոմպոզիտորների, նկարիչների և քանդակագործների ընդգրկուն ու սիրելի թեման:

 

ԱԲՈՎՅԱՆԸ ԵՎ ԹԱՏՐՈՆԸ

         Ազգային գրականության դասական Խ. Աբովյանի գրական հարուստ ժառանգության   մեջ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նրա դրամատիկական երկերը: 19-րդ դարի կեսերին հայ իրականության մեջ առաջինը Աբովյանն էր, որը ոչ միայն գնահատեց թատրոնի դերը ժողովրդի լուսավորության, մտավոր զարգացման գործում, այլև իր ավանդը ներդրեց ազգային դրամատուրգիայի զարգացման մեջ: Ճիշտ է, Աբովյանից ժառանգություն է մնացել երկու թատերական  գրվածք  և մեկ թարգմանական  պիես, սակայն դրանք առանձին արժեք են ներկայացնում  իրենց արծարծած գաղափարներով, գեղարվեստական բնույթով: Դրամատիկական ժանրով նրա առաջին փորձը «Նախաշավիղում» աշակերտական կյանքից վերցրած «Խաղարկություն մանկանց» խորագրով գործն է, որտեղ երկխոսության միջոցով ծաղրի է ենթարկվում ժամանակակից դպրոցի ուսուցման սխոլաստիկ մեթոդները: Երկի հերոսը սրամիտ մի աշակերտ է, որը ընկերներին բարկացնելու  համար ծույլ ու անուսումնասեր է ձևանում, նրան «գիժ» են անվանում: Վեջում նա թողնում է «գժությունը» և դասընկերների հետ երգով գովաբանում ուսումը: «Գիժը ուսումնարանում» վերնագրով այս երկը մի քանի տասնամյակ շարունակ տեղ է գտել դպրոցական դասագրքերում. այն նաև բեմադրվել է:

Շատ ավելի ուշագրավ ստեղծագործություն է Աբովյանի «Ֆեոդորա կամ որդիական սեր» մեկ գործողությամբ դրաման: Ստեղծագործության ատաղձը ծնողի հանդեպ ամեն ինչից վեր որդիական սիրո գաղափարն է: Ենթադրություն կա, որ այն գրվել է Աբովյանի մասնավոր դպրոցում՝ աշակերտների միջոցով ցուցադրելու համար:

Աբովյանի դրամատիկական մյուս երկը «Ադելաիդա ֆոն Վուլֆինգեն կամ հիշատակարան բարբարոսության երեքտասներորդ դարու» թարգմանական դրաման է:

Աբովյանը իր դրամատիկական երկերում շոշափել է իր ժամանակի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, ստեղծել հասարակական-բարոյական բարձր սկզբունքներ մարմնավորող կենդանի կերպարներ:

Թատրոնի նկատմամբ Աբովյանի հրապուրանքն ու հետաքրքրությունը սկզբնավորվել են դեռևս վաղ երիտասարդական տարիներից:  Առաջին թատերական կանոնավոր ներկայացումը նա դիտել է Պետերբուրգում, 1830թ-ի օգոստոսին: Այն Դորպատ ճանապարհվող ուսումնատենչ երիտասարդի վրա մեծ ներգործություն է ունենում: Դորպատում ուսանելու տարիներին Աբովյանը հաճախել է թատրոն, լսել համերգներ, ինչը վճռորոշ դեր է խաղացել նրա գեղագիտական հայացքների ձևավորման գործում, միաժամանակ խթան հանդիսացել դրամատիկական ժանրերի ստեղծագործության հարցում:

Խ. Աբովյանի դրամատիկական երկերից «Խաղարկություն մանկանց»-ը և «ֆեոդորա կամ որդիական սեր»-ը առաջին անգամ բեմադրվել են 1841 թ-ին Թիֆլիսում, նախ «Շերմազանյան դարպաս» թատրոնում, այնուհետև Աբովյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ մասնավոր պանսիոնում: Հետագայում արդեն, 1880 թ-ին «Ֆեոդորան» բեմադրվում է Շուշիի թատերասերների ուժերով:

Սովետահայ թատրոններից միայն Մռավյանի անվան թատրոնն է, որ երկու անգամ ձեռնարկել է «Ֆեոդորա»-ի բեմադրությունը, նախ 1948 թ-ին՝ մեծ լուսավորչի մահվան 100-ամյակի կապակցությամբ (ռեժիսոր՝ Ժ. Էլոյան), այնուհետև 1959 թ-ին՝ Աբովյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ (ռեժիսոր՝ Գ.Մկրտչյան):

1860-ական թվականներին, ըստ «Վերք Հայաստանի» վեպի, Պերճ Պռոշյանի գրած «Աղասի» բեմականացումը երկար տարիներ չի իջել բեմից: Այդ, ինչպես և հետագայում Ա. Սարդարյան-Արևշատյանի կողմից մի նոր բեմականացման ենթարկված «Վերք Հայաստանի» վեպի՝ այս անգամ «Ասլան-բալասի» անվան տակ, մի քանի տասնամյակ պահպանվել է հայ պրոֆեսիոնալ տարբեր թատերախմբերի խաղացանկերում: Երկու բեմականացման հիմքում էլ ընկած են Աղասու հայրենասիրական սխրագործությունները:

IMG     IMG_0004    IMG_0006  IMG_0005

Սովետահայ  թատրոնում բազմիցս բեմական մարմնավորում է ստացել նաև հայ մեծ լուսավորչի կերպարը: Առաջինն այդ քայլին դիմեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը (1948թ. սեպտեմբեր)՝ բեմ հանելով Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման (ռեժիսոր՝ Տ. Շամիրխանյան): Աբովյանի դերում հանդես է եկել Գ. Չալիկյանը:

IMG IMG_0004

IMG_0003 IMG_0005 Ա.Մռավյանի անվան թատրոնը նույնպես անդրադարձավ այդ պիեսի բեմադրությանը՝ 1948թ. նոյեմբերին (ռեժ. Ալ. Աբարյան): Հայ լուսավորչի բեմական կերպարը անձնավորել են Ա. Փաշայանը և Հ. Չախոյանը: Մյուս դերերում հանդես են եկել Ե. Դուրյան-Արմենյանը, Ց. Ամերիկյանը, Կ. Արծրունյանը, Ն. Բոխյանը, Ա. Հարությունյանը, Հ. Ղազարյանը, Վ. Վարդերեսյանը, Ա. Ռշտունին և ուրիշներ:

IMG_0001  IMG_0006

IMG_0002 IMG_0009   Դ. Գազազյանի պիեսը բեմադրել են նաև Թբիլիսիի հայկական, Ստեփանակերտի, Ստեփանավանի, Ալավերդու, Գորիսի, Դիլիջանի, Արտաշատի ու Էջմիածնի թատրոնները:

1955-ին Սունդուկյանի անվան թատրոնը բեմ է հանում Հ. Մուրադյանի «Հավերժության ուղևորը» («Խաչատուր Աբովյան») դրաման: Բեմադրությունն իրականացնում է ռեժիսոր Լ. Քալանթարյանը: Աբովյանի դերում հանդես է գալիս Գ. Հարությունյանը:

 Image0011 Image0012   Հայ մեծ լուսավորչի կերպարը 1960-ին բեմական մարմնավորում է ստացել նաև Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում (լիբրետոն՝ Գ. Արմենյանի և Ա. Պողոսյանի, ռեժիսոր՝ Հ. Ղափլանյան, նկարիչ՝ Ս. Արուտչյան, Աբովյանի դերում՝ Ս. Դանիելյան):

Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում Գևորգ Արմենյանի «Խաչատուր Աբովյան» օպերայի բեմադրությունը կայացավ 1960-ի նոյեմբերին: Հիշեցնենք նաև, որ մինչ այս 1948 թվականին Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյակի առթիվ կոմպոզիտոր Կարո Զաքարյանը սկսել էր գրել «Աղասի» օպերան՝ ըստ «Վերք Հայաստանի» վեպի:

Անվանի կոմպոզիտորը 50-ական թթ. ավարտում է օպերան  (լիբրետոյի հեղինակ՝ Վարդուհի Զաքարյան), բայց անհայտ պատճառներով այն բեմ չի բարձրանում:

Image0013 Բեմական կյանք չունեցավ նաև Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միավորման 150-ամյակին նվիրված (1978թ.) կոմպոզիտոր Յուրի Գևորգյանի «Վերք Հայաստանի» օպերան (լիբրետոյի հեղինակ՝ Վահագն Դավթյան): Ինչ-ինչ պատճառներով բեմադրությունը չի իրականացվում: Նշվածներից Արմենյանի օպերան էր, որ բեմական կյանք ունեցավ:

 

 

*****

Աբովյանական թեմային անդրադարձել են նաև կինոարվեստի ներկայացուցիչները: Սցենարիստ Վիկտոր Բալայանը, ռեժիսոր Սուրեն Առաքելյանը նկարահանել են Աբովյանին նվիրված կարճամետրաժ փաստագրական ֆիլմ:

«Հայֆիլմի» «Հյուսիսային ծիածան» ֆիլմում Աբովյանը ներկայացված է երկրորդ պլանի վրա, բայց շատերը ընկալում են այն որպես  ֆիլմ Աբովյանի մասին:

Անմասն չի մնացել նաև հայկական մուլտիպլիկացիան: 1977թ. Աբովյանի հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» մուլտֆիլմը:

 

ԱԲՈՎՅԱՆԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

     Իր ժամանակին հայ  իրականության առաջավոր գաղափարները մարմնավորող, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի բազմակողմանի գործունեության բնորոշ ու էական կողմերից մեկն էլ հանդիսանում են գեղեցիկ արվեստները: Բազմաթիվ հիշատակություններ գոյություն ունեն, որոնք վկայում են, որ նա իսկական կրթության, լուսավորության հասնելու հիմնական գործոնների շարքին է դասել գեղեցիկ արվեստները՝ բանաստեղծությունը, երաժշտությունը և նկարչությունը: Աբովյանը շատ բարձր էր գնահատում իսկական ժողովրդական արվեստի ներգործուն ուժը և իր հոգու ամբողջ էությամբ ձգտում էր հայրենի ժողովրդին մասնակից դարձնել գեղեցիկ արվեստին ու այն տարածել իր հայրենի երկրում:

Ըստ ամենայնի՝ Աբովյանին ամենից շատ զբաղեցրել է երաժշտական կուլտուրան, որին բուռն կերպով ձգտել է դեռևս պատանեկան շրջանից: Հայտնի է, որ Խաչատուր Աբովյանի օրագրերում գոյություն ունեն հիշատակություններ այն մասին, որ նա երգել է երգեցիկ խմբերում  ու երգեցողության կուլտուրան նրա ամենասիրած արվեստներից մեկն է եղել:

Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյակի կապակցությամբ Սովետական Հայաստանի կոմպոզիտորները ստեղծել են մի շարք երգեր, ռոմանսներ և խմբերգեր:

 Կոմպոզիտորների միության ստեղծագործական ընդլայնված նիստերից մեկում կատարվեցին սովետահայ կոմպոզիտորների՝ Խաչատուր Աբովյանին նվիրված լավագույն ստեղծագործությունները: Լսվեցին Կ. Զաքարյանի, Վ. Արարատյանի, Վ. Տիգրանյանի, Մ. Աղայանի և ուրիշների գործերը:

Նշվեց, որ կոմպոզիտոր Վ. Արարատյանի երգը՝ գրված Աբովյանի տեքստով («Աղասու սրտի տխրությունը»), աչքի է ընկնում իր տրամադրող և հուզական մեղեդայնությամբ: Երաժշտությունը բխում է բանաստեղծական տեքստի բովանդակությունից և ջերմ անմիջականությունից:

Image0008 Image0009 Հաջողված գործ է Վ. Տիգրանյանի «Աչքս ճամփիդ» երգը (ըստ Խ. Աբովյանի բայաթի-քառյակների): Կոմպոզիտորը ստեղծել է տեքստի հետ սերտորեն միաձուլված երաժշտություն, որը հուզում է ունկնդրին և տպավորվում է հիշողության մեջ:
 

Image0006 Image0007Կոմպոզիտոր Մ. Աղայանի գրած «Աղասու երգը» վառ է իր ժողովրդական մեղեդայնությամբ: Կոմպոզիտորն օգտագործել է Լոռիում տարածված ու երգվող ժողովրդական մեղեդին և մշակել այն:

Image0003

 

 

 

 

 

Խ. Աբովյանի տեքստերի վրա վոկալ ստեղծագործություններ են հորինել նաև կոմպոզիտորներ Ա. Մանուկյանը, Վ. Ումր-Շատը, Տ. Ավետիսյանը: Կոմպոզիտորներ Մ.Միրզոյանը և Ա. Տեր-Ղևոնդյանը իրենց երգերը գրել են  պոետներ Ս. Կապուտիկյանի և Մ. Կորյունի՝ Աբովյանին նվիրված բանաստեղծությունների հիման վրա: Հետագա տարիներին ստեղծվել են Աբովյանին նվիրված շատ երգեր, որոնց ցանկը լրացման կարիք ունի:

 

Image0004  Image0005 Դրանցից կարելի է հիշատակել կոմպոզիտոր Տելեմակ Տեր-Ավետիսյանի՝ Աբովյանի տեքստով գրված «Վայ էն ազգին» և Արամ Մերանգուլյանի՝ բանաստեղծ Սարմենի տեքստով գրված «Խաչատուր Աբովյան» երգերը, որոնք տարիներ շարունակ հնչել են ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի կատարմամբ:

 

ԱԲՈՎՅԱՆԸ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ

    Աբովյանի կերպարը նաև հայկական կերպարվեստի սիրված թեմաներից մեն է եղել:

47

 

Աբովյանի կերպարը կերտվել է դեռևս նրա կենդանության օրոք: Մեզ է հասել մի յուղանկար դիմանկար, ամուր թղթի վրա, որը Գրականության և արվեստի թանգարան են բերել մեծ հայրենասերի թոռները 1938թ-ին: Բազմաթիվ տվյալների և աղբյուրների համադրությամբ գրականագետ Պիոն Հակոբյանը եկավ այն համոզման, որ դիմանկարի հեղինակն է դորպատյան նկարիչ Լյուդվիգ վոն Մայդելը: Նա Աբովյանին նկարել է մոտավորապես 1831թ. աշնանը, երբ նա նոր էր Դորպատ մեկնել: Նկարչին հաջողվել է իր նկարում ճշմարտացիորեն արտացոլել հայրենի ժողովրդի սիրով այրվող բանաստեղծի խոհական, մտազբաղ ու մասամբ թախծոտ կերպարը:

 

 

1

Ա. Տեր-Մարուքյանը Խ. Աբովյանի արձանը կերտելիս, Փարիզ, 1913

 Աբովյանին արժանի հուշարձան կանգնեցնելու համար Բաքվի Հայ կուլտուրական ընկերությունը 1910 թվականին հայտարարում է մրցանակաբաշխություն, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ քանդակագործները, այդ թվում՝ Միքայել Միքայելյանը (Թբիլիսի), Անդրեաս Տեր-Մարուքյանը և Հակոբ Գյուրջյանը (Փարիզ), Հայկ Բադիկյանը (Բոստոն), Կարապետ Արաբյանը (Կ.Պոլիս) և վերջապես վիպասան Մուրացանի դուստր Ռուզան Մուրացանը (Բեռլին): Մրցանակաբաշխությանը ներկայացվում են ութ նախագիծ, որոնցից ժյուրին ընտրում է քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի ներկայացրած երկու նախագծերից մեկը: Երկու տարի աշխատելով Փարիզում՝ Անդրեաս Տեր-Մարուքյանը կերտում է Աբովյանի արձանը և 1913թ. հուլիսի  6-ին կանգնեցվում մեր հանրապետության մայրաքաղաք Երևանում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, պատվանդանի հեղինակ՝ Մարկ Գրիգորյան): Խաչատուր Աբովյանի բրոնզե արձանը հանդիսանում է այն լավագույն, թերևս միակ կերպարը, որ կարողացավ ստեղծել նախասովետական շրջանի հայ քանդակագործության արվեստը:

Հայ մեծ լուսավորչի և խոշոր գրողի կերպարը մեր օրերում նոր մեկնաբանություն գտավ նաև սովետական կերպարվեստի մեջ: Ժողովրդական նկարիչ Մ.Սարյանը 1941 թ-ին նկարում է Աբովյանի երկու դիմանկար՝ մեկը յուղանկար, որը ներկայացնում է Աբովյանին հայկական բնանկարի ֆոնի վրա, մյուսը՝ գրաֆիկական, որը ներկայացնում է մեր ժողովրդի դարավոր մշակույթն ընդգրկող առաջավոր մարդու կերպարը: Նույն ժամանակ նկարիչ Մ. Աբեղյանը նկարում է «Աբովյանը գյուղացիների միջավայրում» կոմպոզիցիան, որը ցույց է տալիս մի դրվագ Աբովյանի լուսավորչական գործունեությունից: Աբովյանի կյանքի հետաքրքրական անցքերը ստեղծագործության նյութ են դարձրել մի շարք նկարիչներ: Նրանցից Բաժբեուկ-Մելիքյանը նկարել է «Պարրոտը և Աբովյանը Արարատ սարը բարձրանալիս»: Այդպիսի թեմայով նկար է նկարել նաև Էդվարդ Իսաբեկյանը: Երիտասարդ նկարիչ Հրաչյա Ռուխիկյանը պատկերել է «Աբովյանի անհայտացումը» և վերջապես՝ Խորենյանը՝ «Հեռացող մարդը» խոհեր արթնացնող կտավը, որով էլ ավարտվում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի այդօրինակ նմուշների ցուցադրումը:

Աբովյանի կերպարը ստեղծագործության նյութ են դարձրել նաև սովետահայ քանդակագործները:

1946 թ. Աբովյանի տուն-թանգարանի տարածքում կանգնեցվել է արվեստի վաստակավոր գործիչ Արա Սարգսյանի կերտած հուշարձանը՝ մի կիսանդրի, որի մեջ քանդակագործը մարմնավորել է մեր մեծ գրողի ու հասարակական խոշոր գործչի ներքին ուժն ու կարողությունը:

 

*****

     1948 թվականին ավարտվեց  Խ.Աբովյանի լավագույն դիմանկարի և քանդակի համար հայտարարված հանրապետական մրցանակաբաշխությունը: Ներկայացված երեսունհինգ աշխատանքներից երկրորդ կարգի մրցանակ շնորհվեց երիտասարդ նկարիչ Հ. Զարդայանին՝ «Նախաշավիղ» նկարի համար, երրորդ կարգի մրցանակ՝  նկարիչներ Է. Իսաբեկյանին, Ա. Բեքարյանին և քանդակագործ Ն. Նիկողոսյանին, որոնք աշխատել են արվեստի մեջ նոր մեկնաբանություն տալ Աբովյանի կերպարին:

Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը դեռևս 1941թ. քանդակել էր Աբովյանի կիսանդրին: Հեղինակը չի ձգտել ճշգրտորեն պահպանել դիմանկարի արտաքին գծերը, այլ ջանացել է մարմնավորել գրողին ուժեղ և համարձակ խառնվածքով, հայացքը դեպի հեռուն… Հետագայում նույն հեղինակի կողմից ծնվեց Աբովյանի առավել ավարտուն ու վեհաշուք արձանը, որն էլ 1950 թվականի նոյեմբերին տեղադրվեց Աբովյանի անունը կրող փողոցի վերնամասի պուրակում: