Թանգարանի պատմությունը

Խաչատուր Աբովյանի տնակը հայության նվիրական սրբավայրերից է: Յուրաքանչյուր ոք, ով հաղորդակից է դառնում հանճարեղ գրողի ու մտածողի սրտի արյունով գրված ստեղծագործություններին և լուսավորական պատգամներին, ցան­կություն է ունենում այցի գնալու նրա ծննդավայրը՝ Քանաքեռ:  Անցյալում տնակը փակ էր: Պատմում են, որ ուխտավորներն իրենց այրվող սրտի խոսքն ու համբույրը երկյուղածությամբ դրոշմում էին նրա պատերին ու հետները մի ափ հող առած՝ վերադառնում:

Հայ ժողովրդի տասնամյակների բաղձանքը՝ թանգարանի վերածված տեսնելու իր հոգևոր մշակույթի մեծ երախտավորի ծնված խրճիթը, իրականացավ միայն 1939 թվականին: Այն   ժամանակ Աբովյանների տոհմական տան հյուրասենյակի պատերին հապճեպորեն ամրացվեցին մի քանի ցուցանմուշներ, որոնք պատմում էին մեծ լուսավորչի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեության մասին, իսկ կից մառանում ի ցույց դրվեցին տնային գործածության զանազան իրեր: 1948 թվականի սեպտեմբերին, Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանի առթիվ, թանգարանի ցուցանմուշները հարստացվեցին, իսկ հինգ տարի անց, 1953 թվականի գարնանը, վերափոխված հարևան շենքում բացվեցին նոր ցուցասրահներ: Աբովյանի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող նյութերը փոխադրվեցին այդտեղ խրճիթում թողնելով միայն կենցաղային գործածության իրեր: 1964 թվականի ապրիլի 20-ի որոշման մեջ միջթանգարանային խորհուրդը նշում է, որ տուն-թանգարանը պետք է հանդիսանա Աբովյանի` մեր ժողովրդին մատուցած մեծագույն ծառայությունները գնահատելու լավագույն արտահայտություն, Աբովյանի կյանքն ու գործունեությունը լայն մասսաներին ծառայեցնելու և պրոպագանդելու մի մշտաբորբոք օջախ, արդի թանգարանային սկզբունքով կառուցված ու կահավորված հաս­տատություն:

Երկար չսպասեցնելով՝ կուլտուրայի մինիստրությունն ու Հայաստանի գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտը, նախաձեռնում են նոր ցուցադրության աշխատանքները: Սեպտեմբերի 10-ին պատրաստ էր հիմնովին վերակառուցված և վերաստեղծված, համեմատաբար հարուստ բովանդակությամբ ցուցահանդեսը: Ստեղծվել էր մի ցուցադրություն, որտեղ այցելուն հնարավորություն ուներ ուսումնասիրելու Աբովյանի կյանքն ու գրական-մանկավարժական գործունեությունը: Տուն-թանգարանի ձևավորմանը զուգահեռ Երևանի քաղաքային սովետն իր հերթին բարեկարգման աշխատանքներ կատարեց: Քանաքեռ տեղափոխվեց Ա. Տեր-Մարուքյանի 1913 թվականին Փարիզում կերտած Խ. Աբովյանի արձանը և կանգնեցվեց մեծ գրողի հայրական տան դիմաց:

Չնայած այս ամենին, շենքային պայմանները թույլ չէին տալիս հարկ եղածին չափով ցուցադրել մեծ լուսավորչի կյանքն ու գործունեությունը իր ամբողջության մեջ:1974 թվականի մայիսի 24-ին ՙԳրական թերթում՚ լույս տեսավ մի նամակ-հոդված՝ «Հապաղելն անհանդուրժելի է» վերնագրով,  որի տակ ստորագրել էին գրականության, արվեստի և գիտության անվանի գործիչներ: Հոդվածն այսպես է ավարտվում «Հայոց հոգևոր մշակույթի զարգացման, հայ ժողովրդի քաղաքական կոմնորոշման ճշմարիտ ճանապարհը գտնելու գործում այնքան մեծ է Աբովյանի երախտիքը, որ աններելի թերացում կլիներ մոռացության մատնել այդ բոլորը»:

1978 թվականին կառուցվեց ցուցասրահների նոր շենքը, որի հեղինակներն են ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը և կոնստրուկտոր Իլյա Մանուչարյանը:

Տուն-թանգարանի ցուցասրահը բաղկացած էր հիմնական 10 բաժիններց, 500 քառակուսի մետր տարածքով: 2010 թվականին ցուցասրահը վերանորոգվեց, բաժինները համալրվեցին ևս երկուսով, ինչպես նաև նոր ու արժեքավոր նյութերով: