ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Աբովյանը թողել է հարուստ ու բազմաժանր գրական-գիտական-մանկավարժական ժառանգություն՝ վեպ, նովել, մանրապատում, պոեմ, բայաթի, քնարական հատվածներ ու բանաստեղծություններ, առակներ ու հանգավոր զրույցներ, օրագրեր ու ուղեգրական երկեր, պատմազգագրական ուսումնասիրություններ, ուսումնական ձեռնարկներ ու դասագրքեր, ժողովրդական բանահյուսության նմուշների գրառումներ, անտիկ, ռուս և եվրոպական գրողների արձակ և  չափաբերական գրվածքների թարգմանություններ, պաշտոնական գրություններ ու նախագծեր հայ և հարևան ժողովուրդների տնտեսական ու հոգևոր կյանքը վերափոխելու և կրթական գործը բարելավելու վերաբերյալ:  Սրանցից յուրաքանչյուրը երևույթ էր հայոց նոր գրականության և հասարակական մտքի պատմության մեջ: Աբովյանը սկիզբ դրեց գրական նոր դպրոցին՝ հայկական ռոմանտիզմին, հայ նոր մակավարժությանը, ազգագրությանը, բանագիտությանը, որոնք դարձան  նշված ուղղությունների առաջին դասական նմուշները մեր իրականության մեջ:

Աբովյանը գրականությունը դիտեց որպես ժողովրդի ազգային գիտակցության զարգացման ամենահզոր գաղափարական-հասարակական զենք: Եվ այդ ելակետից էլ նա իր ողջ եռանդը նվիրեց մի նպատակի՝ ստեղծել այնպիսի գրականություն, որի մեջ վերապրեր ժողովուրդն իր պատմությամբ, իր ներկայով, իր կենցաղով, իր հոգեբանությամբ ու բնավորությամբ և ազատագրական ձգտումներով, մի գրականություն, որը կդառնար ժողովրդի կենսական, քաղաքական-լուսավորական պահանջների արտահայտությունը: