Մինչև 19-դարի առաջին քառորդն Արարատի գագաթ բարձրանալը համարվում էր անիրականալի: 1829թ-ի ամռանը Դորպատի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆ. Պարրոտն իր արշավախմբով Հայաստան ժամանեց՝ Արարատի գագաթը բարձրանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Քանի որ Արարատը սուրբ լեռ էր, գագաթը բարձրանալու համար անհրաժեշտ էր կաթողիկոսի թույլտվությունը: Վերջինիս հանձնարարականով արշավախմբին միացավ վանքի միակ ռուսերեն լեզվին տիրապետող Խ. Աբովյանը՝ որպես ուղեկցող և թարգմանիչ: Սեպտեմբերի 9-ին խումբը դուրս եկավ Էջմիածնից: Արշավը սկսում են Ակոռի գյուղից: Վերելքի առաջին (սեպտեմբերի 12-14) և երկրորդ (սեպտեմբերի 18-20) փորձերը ձախողվում են:

Սեպտեմբերի 26-ին Պարրոտն օգտվելով խաղաղ և պայծառ եղանակից՝ ձեռնարկում է երրորդ փորձը: Սեպտեմբերի 26-ին, լույսը դեռ չբացված, արշավախումբը դուրս է գալիս ս. Հակոբի վանքից և երրորդ անգամ ուղղություն վերցնում դեպի լեռան գագաթը: Երրորդ վերելքին մասնակցում են Ֆ. Պարրոտը, Հ. Հեյնը, Խ. Աբովյանը, 6 շինական և 3 զինվոր: Վերելքն իրականացվում է լեռան արևմտյան, ավելի ստույգ՝ հյուսիս-արևմտյան կողմից: Ժամը 12-ին արշավախումբը հասնում է Քիփ-գյոլի հարթությանը, որտեղ մնում է 1,5 ժամ: Շուտով մարդիկ ստիպված են լինում բեռը վերցնել սեփական ուսերի վրա: Այստեղ մնում են 3 հոգի, մնացած  9 հոգին երեկոյան ժամը 5.30-ին կանգ են առնում գիշերելու, չհասած հավերժական ձյան սահմանին, ծովի մակարդակից 3910 մ բարձրության վրա:

Վերելքի փորձերը դեպի Արարատ

 Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 5.30-ին արշավախումբը սկսում է վերելքի վերջին փուլը և կես ժամ անց արդեն անցնում են հավերժական ձյան սահմանը: Երկրորդ վերելքի ժամանակ հանդիպած սառցադաշտով անցնում են անհամեմատ ավելի հեշտ, որովհետև սառցադաշտի վրա նստած ձյունն սկսել էր հալվել և առաջացած կիսահալ ծածկոցով մարդիկ քայլում էին ավելի ազատ: Սակայն արշավախումբը նոսրանում է. շինականներից մեկը գիշերը հիվանդացել էր և առավոտյան չէր կարողացել միանալ արշավախմբին, մնացած երկուսը, չդիմանալով դժվարություններին, ետ էին դարձել: Մնացել էին 6 հոգի: Նրանք իրենց վերջին ուժերը լարելով՝ շարունակել են վերելքը:

Վերջապես, հաղթահարելով մի քանի բլրակներ և սառցադաշտեր, ցերեկվա ժամը 3.15-ին արշավախումբը հասնում է լեռան գագաթը: Խ. Աբովյանը ձյան մեջ կանգնեցնում է իր ուսերի վրա բերած 1,5 մ բարձրություն ունեցող խաչը:

Խիզախները 6 հոգի էին՝ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովյանը, հայ շինականներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը և 41-րդ եգերական ջոկատի զինվորներ Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Չալպանովը: Արարատի գագաթին մնում են մոտավո­րա­պես կես ժամ: Աբովյանը որպես հիշատակ սառույցի մի կտոր է փաթաթում թաշկի­նա­կի մեջ և վերցնում իր հետ։

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան արշավախումբը շարունակում է վայրէջքը և բարեհաջող հասնում ս. Հակոբի վանք:

Հաղթականորեն ավարտված վերելքից հետո գիտարշավն անմիջապես չի հեռանում ս. Հակոբի վանքից: Նրա պլանների մեջ էր մտնում հետազոտել շրջակայքը և բարձրանալ նաև Փոքր Մասիսի գագաթը: Մեկ ամիս անց, հոկտեմբերի 27-ին նրանք բարձրացան Փոքր Մասիսի գա­գաթը։ Արարատյան վերելքի մասին տպավորությունները Աբովյանը հետագայում շարադրել է «Վերելք Արարատի գագաթը» ուղեգրական ակնարկում:

Ցավոք՝ կրոնավորները մեղադրանքների թիրախ դարձրեցին Արարատի գագաթը բարձրանալը և Պարրոտի հետ բարեկամությունը, անվանելով Աբովյանին հայրենատյաց, օրինազանց, ազգամոռաց, կրոնադրուժ:

Պարրոտի մեկնելուց հետո հարուցվեց դատական գործ և գիտարշավին ուղեկցած գյուղացիների ցուց­մունք­նե­րը սուտ համարվեցին։ Մինչդեռ վերելքը փաստ էր։ Այն հաս­տա­տեց 1834 թ. Պարրոտի Բեռլինում հրատարակված «Ի լյառն Արարատ» գիրքը:

Հոկտեմբերի 10-ից 23-ը ընկած ժամանակահատվածում Ֆ. Պարրոտի արշավախումբը երկրաբանական ուսումնասիրություններ է կատարում Գեղամա լեռներում, այնուհետև անցնում Գեղարդի վանքը և մտնում Երևան: Նրանց աշխատանքներին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում  Խ. Աբովյանը: Ուսումնասիրություններ են կատարվում նաև Արարատի ստորոտում գտնվող Սիրբաքան և Փռչո գյուղերի շրջակայքում, այնուհետև Արտաշատի հարավային լանջերում, որից հետո մտնում են Բայազետ քաղաքը և ծանոթանում հայկական հուշարձաններին:

Հոկտեմբերի 25-ին արշավախումբը սկսում է նախապատրաստվել Փոքր Մասիսի վերելքին:

Հոկտեմբերի 26-ին երեկոյան կողմ 9 հոգուց բաղկացած խումբը հասնում է Փոքր Մասիսի հյուսիսային լանջերը  և գիշերում փոքրիկ անտառում:

Հոկտեմբերի 27-ին սկսվում է Փոքր Արարատի վերելքը, որի համար ընտրվել էր լեռան արևմտյան լանջը: Մասնակիցներից մեկը չի դիմանում դժվարություններին և ետ վերադառնում: Մնացած 8 հոգին հերոսաբար մաքառելով կարողանում են ժամը 11-ին հասնել գագաթ: