Պահպանվել են բազմաթիվ հիշատակություններ, որոնք վկայում են, որ Խաչատուր Աբովյանը իսկական կրթության, լուսավորության հասնելու հիմնական գործոնների շարքին է դասել գեղեցիկ արվեստները՝ բանաստեղծությունը, երաժշտությունը և նկարչությունը: Նա շատ բարձր էր գնահատում իսկական ժողովրդական արվեստի ներգործուն ուժը և իր հոգու ամբողջ էությամբ ձգտում էր հայրենի ժողովրդին մասնակից դարձնել գեղեցիկ արվեստին ու այն տարածել իր հայրենի երկրում:

Ըստ ամենայնի՝ Աբովյանին ամենից շատ զբաղեցրել է երաժշտական կուլտուրան, որին բուռն կերպով ձգտել է դեռևս պատանեկան շրջանից: Հայտնի է, որ Խաչատուր Աբովյանի օրագրերում գոյություն ունեն հիշատակություններ այն մասին, որ նա երգել է երգեցիկ խմբերում  ու երգեցողության կուլտուրան նրա ամենասիրած արվեստներից մեկն է եղել:

Հայ ժողովուրդն իր երախտիքը Աբովյանին հայտնում է հավատարիմ մնալով նրա պատգամներին, ձոնելով բանաստեղծություններ, երգեր Մեծ լուսավորչի հիշատակին:

Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյակի կապակցությամբ Սովետական Հայաստանի կոմպոզիտորները ստեղծել են մի շարք երգերռոմանսներ և խմբերգեր:

  • Կոմպոզիտոր Մուշեղ Աղայանը գրեց «Աղասու երգը» (խոսք՝ Խ Աբովյանի): Ստեղծագործությունն աչքի է ընկնում իր վառ մեղեդայնությամբ: Երգի հիմքում լոռվա ժողովրդական երաժշտությունն է:
  • Ա. Մերանգուլյանը Սարմենի խոսքերով գրել է «Խաչատուր Աբովյան» վոկալ ստեղծագործությունը:
  • Խ. Աբովյանի անհետացման 100-ամյակին նվիրված Վահագն Արարատյանը Խ. Աբովյանի խոսքերով գրել է «Աղասու վիշտը» երգը:
  • Կարո Զաքարյանը 1954թ գրել է «Աղասի» օպերան (ըստ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»): Առավել հայտնի են օպերայի երեք հատվածները՝ «Նազլուի արիան», «Աղասու երգը» և «Աղասու արիան»:
    Հատուկ հանձնաժողվին ներկայացված հատվածները աչքի են ընկել բազմազան երաժշտական նյութով: Ցավոք «Աղասի» օպերան անհայտ պատճառներով երբևիցե չի բեմադրվել:
  • Գ. Արմենյանը «Խաչատուր Աբովյան» օպերան սկսեց գրել ուսանողական տարիներին, որից մի դրվագ ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք։

Լենինգրադում սովորելու տարիներին՝ 1953-58թթ., կոմպոզիտորն ավարտին հասցրեց «Խաչատուր Աբովյան» օպերան, որն աչքի է ընկնում ջերմ, հուզական մեղեդայնությամբ, իշխող վոկալ արտահայտչականությամբ:

1960 թվականին Երևանի օպերային թատրոնը բեմադրեց «Խաչատուր Աբովյան» օպերան (լիբրետո՝ Ե. Արմենյանի, Ա. Պողոսյանի, բեմադրություն՝ Հ. Ղափլանյանի)։

  • «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» հերոսական երգը Ա. Սպենդիարյանի վոկալ գործիքային ստեղծագործություններից է ՝ գրված տենորի և նվագախմբի համար, ըստ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի վերջաբանի: Այս ստեղծագործությունը ներկայացվում է նաև «Մոռացված գերեզման» և «Հայ զորականի երգը» խորագրերով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1911-1914թթ.), երբ կովկասյան ճակատում մարտնչում էին հայկական կամավորական ջոկատները, ռուսաստանաբնակ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանն անտարբեր չէր կարող մնալ նրանց ճակատագրին և որոշեց ինչ-որ կերպ օգտակար լինել հայ կամավորականներին, որոնք պետք է Սարդարապատի ճակատամարտը պսակեին հաղթանակով։ Սպենդիարյանն իր «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության տպագիր նոտաների վաճառքի ողջ հասույթը տրամադրեց հայ կամավորներին։ Նոտագրության շապիկն էլ նկարազարդեց Սպենդիարյանի մտերիմն ու ընկերը՝ Մարտիրոս Սարյանը։ Այս երգի ստեղծման ընթացքի, տպագրման կազմակերպչական աշխատանքների մասին կարող ենք կարդալ Մարինա Սպենդիարովայի «Ա. Ա. Սպենդիարովի կյանքի և գործունեության տարեգրություն» (“Летопись жизни и творчества А. А. Спендиарова”) գրքում:
  • ՎՏիգրանյանի «Աչքս ճամփիդ» երգը (ըստ ԽԱբովյանի բայաթիքառյակների): Կոմպոզիտորը ստեղծել է տեքստի հետ սերտորեն միաձուլված երաժշտությունորը հուզում է ունկնդրին և տպավորվում է հիշողության մեջ:
  • 1978թ-ին՝ Խ. Աբովյանի անհայտացման 130 ամյակին նվիրված, Յուրի Գևորգյանը գրում է «Վերք Հայաստանի» օպերան (Լիբրետո՝ Վահագն Դավթյան): Ինչ-ինչ պատճառներով օպերան այդպես էլ չբեմադրվեց:
  • «Վա՜յ էն ազգին» ստեղծագործությունը Կոմիտասի վաղ ժամանակների մշակումներից է: Կոմիտաս-կոմպոզիտորի՝ հայ աշուղական ոճին դիմելու սակավաթիվ փորձերից մեկը: Այս երկձայն, առանց նվագակցության երգը գրված է բարձր ձայն ունեցող երգիչների համար: Բնագիրը մատիտով սևագիր է, խոսքերը գրված չեն, բայց խոսքային լիգաները դրված են: «Անուշ» օպերայի համար ժողովրդական երաժշտական նյութեր ընտրելիս, Կոմիտասը մտադրվել է օգտագործել այս երգի մեղեդին («Անուշի» բնագրերից մեկում նշված է վերնագիրը և մեղեդու սկիզբը): Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի այս հատվածն ընդարձակ է, նոտաների տակ գրի է առնված տվյալ մեղեդիով կատարելու համար համեմատաբար հարմար տները:
  • Խ․ Աբովյանի «Վաթան» բանաստեղծության խոսքերով 2023թ․ կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանը գրում է «Հայրենիք-Վաթան» երգը։
  • 2023թ․ կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանի «Կանաչ կարմիր» երգը ստեղծվել է Խ․ Աբովյանի քառյակների խոսքերով։