Աբովյանը իր մանկավար­ժական աշխատություններում առաջադրել է մանկավարժական առաջադեմ դրույթներ, գրաճանաչության նոր մեթոդներ, բազմակողմանի դաստիարակության նոր սկզբունքներ:

  1. Նախաշավիղ կրթության ի պետս նորավարժից
  2. Պատմություն Տիգրանի
  3. Ամերիկու լիս քցիլը
  4. Պատմություն հին դարուց
  5. Նոր տեսական և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց
  6. Առաջին քերականական գիրք ընթերցանութեան ռուսաց նոր գիրք ընթեցանուեան ռուսաց վասն հայոց
  7. Վասն մտավարժություն մանկանց
  8. Դիտողություններ նոր հայերեն լեզվի տարրական գրքի նպատակների մասին
  9. Ընդհանուր դիտողություններ
  10. Краткие правила для словесного употребления языка тюрки (татарского)

 

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ
Նախաշավիղ կրթութեան ի պետս նորավարժից
Մաս առաջին

«Նախաշավիղ»ը նշանավորեց իսկական հեղաշրջում հայ գրականության մեջ.  «Յեթե նույնիսկ ուրիշ վոչինչ չստեղծեր Աբովյանը, հենց միայն «Նախաշավիղը» բավական կլիներ, վոր նրա անունը անմոռաց մնար հայ մանկավարժության պատմության մեջ»:

Այս դասագիրքը միակն է, որ տպագրվեց գրողի  կենդանության օրոք, սակայն  լույս աշխարհ չեկած՝ խավար ժամանակների զոհը դարձավ: Այդ ժամանակաշրջանում Աբովյանն առաջինն էր, որ խիզախեց երեխաների ձեռքից վերցնել ժամագրքերը, շարականներն ու կրոնական տաղերով լի գրաբարալեզու ձեռնարկները, փոխարենը նրանց տալ աշխարհիկ բովանդակությամբ ու ժողովրդական լեզվով գրված դասագիրք: «Նախաշավիղ» գրքում Աբովյանը պահանջում է ճանաչել մանկան հոգին, նրա միտքը չծանրաբեռնել ժամագրքի խրթին գրվածքներով, որոնք ինչպես ասում է, «միանգամայն օտար և անսովոր են դեռահաս մանուկների սովորական լեզվին, հոգեկան կարողությանը և բնական հետաքրքրությանը»:

«Նախաշավիղը» գրվել է 1838թ., սկզբում անվանվել է «Տարերք արդի հայերենի»: Մեծ լուսավորիչը գրել  է երկու «Նախաշավիղ» մեկը լույս է տեսել իր կենդանության օրոք, մյուսը՝ մահից հետո՝ 1862թ.: Այս գրքում  Աբովյանն արտահայտում է իր մանկավարժական հայացքները և գրաճանաչության մեթոդը: Տեր Թոդիկյան դպրոցին նա հակադրում է նորը, ժամանակակիցը, աշխարհիկը: Գլխավոր նորամուծությունն այն է, որ գրողը  գրաճանաչությունը դնում է նոր հիմքերի վրա, առաջադրում  սովորեցնելու հեշտ, արդյունավետ ու նոր սերնդին հասանելի  արդյունավետ եղանակներ:

Աբովյանը  «Նախաշավիղին» կցել է գերմանալեզու բացատրական, որի մեջ քննադատում է հոգևորականությանը, որովհետև նա գրաբարը դարձրել է իր սեփականությունը և սկսել «այդ լեզուն էգոիստորեն դարձնել եգիպտական գաղտնիք, որպեսզի ժողովրդի աչքում ավելի դիրք ու ակնածություն ունենա»։

Ինչպես հայտնի է, գրագիտության ուսուցման հնագույն և անվերապահ իշխող  մեթոդը եղել է տառահեգական մեթոդը, որը կիրառվելիս է եղել հին Հունաստանում և Հռոմում: Հայաստանում իշխող այս մեթոդը գործել է  ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը, իսկ որոշ վայրերում՝  մինչև 20-րդ դարը:

Տառահեգական մեթոդը հայերի մոտ ունի 1500 տարվա հնություն, կապված լինելով Մեսրոպ Մաշտոցի անվան հետ, որը, բացի հայ գրերի հեղինակը հանդիսանալուց, հանդիսանում է նաև առաջին այբբենարանի հեղինակը, հայոց լեզվի առաջին մեթոդիստը:

Այս մեթոդով  երեխաների գրագիտության ուսուցումը այսպես էր ընթանում.

ա/ այբուբենի բոլոր տառերի անունները անգիր սովորում էին,  սկզբում ուղիղ՝ այբբենական, ապա՝ հակադարձ հաջորդականությամբ (այբ, բեն, գիմ),

բ/ անցնում էին  տառերի անուններց կազմված վանկերի կամ միավանկ բառերի ուսուցմանը (օրինակ՝ բենայբ=բա, սեայբ=սա),

գ/ ամբողջ բառերի ընթերցանություն, սկզբում հեգելով, իսկ վերջում առանց հեգելու, երբ արդեն ամբողջովին տիրապետում էին ընթերցանության տեխնիկային: Հեգելով ահա այսպես էին կարդում. Կարապետ բառը. կենայբ= կա, րեայբ=րա=կարա, պեեչտյուն=պետ=Կարապետ:

Զարմանալի չէ, որ այս բարդ  ձևով գրագիտության ուսուցումը ոչ  բոլորին էր հաջողվում, իսկ եթե հաջողվում էլ էր, ապա անասելի տանջանքների, ճիպոտի, բռնության  գնով:

Աբովյանը 19-րդ դարի 30-ական թվականների վերջերին հենց այս նոր մեթոդով կազմեց իր առաջին գրիքը՝ «Նախաշավիղ կրթության ի պետս նորավարժից»ը, որով նա դարձավ հնչական մեթոդի կիրառողն ու քարոզողն  Անդրկովկասում:

ՙՆախաշավիղը՚ խոշոր նշանակություն է ունեցել հայ դպրոցական կյանքը վերափոխելու ուղղությամբ. կարելի է ասել, որ Աբովյանը այդ գրքում առաջադրած սկզբունքներով ու մեթոդով խոշոր շրջադարձ է կատարում, դաստիարակության ու կրթության գործում նոր փուլի  սկիզբ դնում: Աբովյանը մերժում է գրաճանաչություն սովորեցնելը տառերի անունները տալով՝  «դա, սե, ըթ» /դասը/: Այս սպանիչ մեթոդի փոխարեն նա առաջարկում էր իր մեթոդը՝ հնչականը՝   «դ,ա,ս,ը» /դասը/, «գ,ի,ր»/գիր/ և այլն:  «Նախաշավիղ»ը գրաբարի սրտի մեջ խրված մեխը եղավ:  «Գրաբարի խրթնաբանությունը պատճառ է, որ երեխաներին ուսումը սոսկալի պատիժ թվա, դպրոցը՝ տանջարան»:

«Նախաշավիղ»ի «Նախազդեցության» մեջ Աբովյանն առաջարկում է ուսումնասիրել իմաստուն դպրոցը՝ մեզ շրջապատող բնությունը, սովորական առարկաները, մարդու գործունեությունը: «Ընդհանուր դիտողություններում…» Աբովյանը  արդյունավետ ուսուցման գլխավոր նախապայմաններից մեկը համարում է զննականությունը,  «անցում հայտնիից  դեպի անհայտը, գործնականից դեպի տեսականը, կենդանի աշխարհից դեպի վերացականը…»:

 

Նախաշավիղ կրթութեան ի պետս նորավարժից
Մաս երկրորդ

  Զննականության սկզբունքն Աբովյանը կիրառում է ոչ միայն բնագիտության դասավանդման, այլ նաև լեզվի ու քերականության դասավանդման ընթացքում: Ըստ Աբովյանի՝ լեզվի դասավանդումը պետք է ընթանա  շրջակա առարկաների ուսումնասիրության հետ սերտորեն կապված:  Այդ սկզբունքով են կազմված  «Նախաշավիղը»,  «Նախաշավիղի» երկրորդ մասը (հայերենի քերականությունը) և մի շարք այլ գործեր: Այսպես, օրինակ, 1862թ. հրատարակված «Նախաշավիղ»ում  նախադասությունները բառերի, բառերը վանկերի բաժանելու վարժության համար որպես բնագիր Աբովյանը վերցնում է մի փոքրիկ  հոդված՝ «Դպրոց» վերնագրով, որտեղ զննականառարկայական սկզբունքով անդրադառնում է դպրոցի, դասարանի, դրանում եղած իրերի մասին: Հենց Աբովյանի բացատրությունն է. «Զոր օրինակ, ասելով՝ հաց, ջուր, հիվանդություն, ծիծաղիլ, և այլն, իսկույն մենք իմանում ենք և զգում, թե ինչա հացն, ջուրը, ծիծաղիլ, այսինքն՝ մեր մտքի միջումը կենդանանում ա իսկույն հացի համը, գույնը, ձևը և այլն»:

Աբովյանը, ուսուցչին մեթոդական ցուցմունքներ տալով լեզվի ուսուցման հարցերի մասին, նրան նախազգուշացնում է՝ լեզուն չուսուցանել կտրված շրջապատի առարկաներից, որոնց ծանոթությունը հսկայական նշանակություն ունի ոչ միայն լեզվի զարգացման, այլև մանկան մտքի ու դատողության զարգացման համար: Պետք է  «վարժել զնկատողական հոգիս երեխային առ ամենայն առարկայս՝ որք կան զնովաւ. ասել տալ զանուանս նոցա պարզ, զյատկութիւնս, զձևս, զգոյնս, զնիւթս, զօգուտս, զշինողն, զտեղի շինելոյն, զգործիս՝ որք հարկավոր եղեն առ այն և այլն…»: Գրողը օրինակներով է  ցույց տալիս երեխայի դիտողականությունը, մտածողությունն ու լեզուն զարգացնելու ճանապարհը.  «Եթե ունի փոքր ինչ հոգի՝ ապա կարէ ուսուցիչն այս օրինակ հարցմամբք այնպէս պարապեցուցանել զերեխայս՝ մինչև ինքեանք բոլորովին մոռանան, թէ են ի վարժատան Թէ ո՜րքան կրթի այսու լեզու և դատողութիւն մանկանցոչ կամիմ կրկին բացահայտել»:

Աբովյանը զննականության սկզբունքը լայն կերպով և վարպետորեն կիրառում է նաև իր պրակտիկ մանկավարժական գործունեության ընթացքում. դրա մասին վկայում են նրա նախկին աշակերտներից շատերը: Երևանի գավառական ուսումնարանի Աբովյանի նախկին աշակերտներից մեկը՝ Ն. Աթանասյանը պատմում է, որ Աբովյանը թվաբանության դասերին չորս գործողությունները բացատրում էր ընկույզների օգնությամբ: Եվս մեկ օրինակ՝ Գոյական անուն հասկացությունը Աբովյանը հետևյալ կերպ է բացատրում. «Մարդ աչք ածելիս՝ իսկույն հազար բան է ըկնում աչքովը, որոնց թե անունը, թե ձևը իրարից շատ զանազան են: Էս բաները կամ աստված է ստեղծել, կամ մարդ է շինել: Եվ էս կերպով են նրանք գոյացյալ: Բայց մարդը ամեն մեկին մեկ անուն է դրել՝ որ իրարից ջոկի, և էս անունը գոյական են ասում, այսինքն կամ գոյացած, էլած, թեև գոյացածն էն իրն ա: Ուրեմն ինչ որ դուք ձեր բոլորեշուրջը տեսնում եք, բոլորը գոյական են, զորօրինակ տուն, աթոռ, սեղան, և այլն»:

Դժվար, վերացական հասկացությունները բացատրելու համար  Աբովյանը հաճախ դիմում է համեմատությունների, հաճախ երեխաներին ծանոթ թեմաների միջոցով փորձում տեղ հասցեն ասելիքը:  Խոսքի մասերը Աբովյանը համեմատում է մարմնի մասերի. եթե չլինեին այդ բառերը /խոսքի մասերը/, մենք չէինք կարող մեր մտքերը հաղորդել ուրիշներին. «օրինակ՝ եթե գլուխը, ձեռքը, ոտքը չլինին, չի կարող լինել մարմին: Էնպես էլ եթե էս բառերը չլինին, չի կարող լինել բան: Ուրեմն բառերը բանի՝ կտորները կամ մասունքն են»:

Նա իր դասագրքերում, առաջին հերթին «Նախաշավիղ»ում մեծ տեղ է տալիս այնպիսի պատմվածքների,  առակների ու ասացվածքների, որոնցում հետաքրքիր, յուրօրինակ ձևով նկարագրում է խելամտությունը, սրամտությունը, հնարամտությունը:

Վանկի հասկացությունը բացատրելիս Աբովյանը ուսուցչին հանձնարարում է արտասանել միավանկ, երկվանկ, եռավանկ բառեր, միաժամանակ երեխաների ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե ամեն մի բառ  «քանի անգամ ա մարդու բերանից դուրս գալիս՚. երեխաների դիտողությունների ու տված պատասխանների հիման վրա ուսուցիչը տալիս է վանկ հասկացության սահմանումը. «Էսպես մեկ անգամ բերնից դուրս եկած ձայնին վանկ են ասում. զոր օրինակ, հաց, ջուր, քար և այլն»: Գոյականների հոլովումն ու հոլովներն անցնելիս Աբովյանը սկզբից չի տալիս պատրաստի կանոններ և սահմանումներ, այլ բերում է կոնկրետ օրինակներ, որոնցից արդեն հետագայում ծագում է սահմանումը.  «Զոր օրինակ, ասում ենք՝ երեխայն ծիծաղեցավ: Երեխայի հայրը հիվանդ ա: Երեխային ասացի: Երեխայիցն ստացա: Երեխային սիրում եմ: Երեխայովը էս բանն արի Տեսեք,  սիրելիք, թե երեխա բառս քանի՞ կերպ փոփոխվեցավ: Էս կերպ փոփոխությանն են հոլովումն ասում հոլովել նշանակե՝ պտուտ գալ, որպես թե բառը պտուտ է գալիս, երբ իր առաջին նշանակությունումը չի մնում»:

 

Պատմություն հին դարուց

  Աբովյանի պատմափիլիսոփայական հայացքները շարադրված են «Պատմություն հին դարուց»աշխատությունում: Սա  ավանդական ուսումանական գիրք չէ, այլ պատմություն թագավորների, զորավարների, եկեղեցական և քաղաքական գործիչների, պատերազմների, արշավանքների մասին և այլն:  Այստեղ հեղինակը ակնկալում է  քննադատական մոտեցում դեպի բանավոր ավանդությունները, առասպելաբանության վրա հիմնված անհիմն պատմությունները.  ՙՏարակուսելն է նմանապէս իմաստութիւն. և տարակուսելով բազում ինչ իմանամք, զորս այլազգ չէ՜ր կարելի իմանալ, և մնամք անձնազատ ի սնոտի և անօգուտ խնդրանաց: Գրողը վստահ է, պատմությունը պետք է կառուցել  վստահելի աղբյուրներից  վերցված, արժանահավատ, ստուգված փաստերի, տվյալների վրա: Պատմությունը չի կարող ուսումնասիրել ամեն տեսակ իրադարձություներ, երևույթներ, փաստեր, այլ միայն այնպիսիները, որոնք նշանակություն են ունեցել մարդկության հետագա ճակատագրի և զարգացումների համար: Դրանք, ըստ գրողի, նախ և առաջ գյուտերը, նորամուծություններն ու հայտնագործություններն են: Այստեղից է բխում այն, որ հեղինակը շատ քիչ ուշադրություն է դարձնում  ռազմաքաղաքական պատմությանը և, ընդհակառակը, շատ մեծ ուշադրություն՝ մշակույթի  պատմությանը, հանրային կյանքի տարբեր կողմերին. դա երևում է «Պատմության» ամբողջ բովանդակությունից. «Պատմութիւն»ն ըստ էության ոչ թե պատմության սովորական աշխատություն է, այլ ավելի շուտ՝ մշակույթի  պատմություն:

Մարդկանց և հանրության զարգացման ու փոփոխման գործում «Պատմության» հեղինակը ազդեցիկ  նշանակություն է տալիս աշխարհագրական միջավայրին, բնականկլիմայական պայմաներին, դրանցով բացատրելով ոչ միայն երկրորդական, արտաքին ռասայականազգային  հատկանիշները (մաշկի, մազերի  գույնի ), այլև ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավելի էական տարբերությունները: «Մարդն կերպաւորէ և լուսաւորէ զմարմին իւր և զհոգի հետ զհետէ և յատկութիւն օդոյ, միջոցք ապրուստի, արատաւոր կազմուած մարմնոյ (արմատակալեալ սովորութիւն), սնապաշտութեան տարժանակիր ճնշումն ու նեղսրակրութիւն պահեն զմարդն բազմիցս յերկար ժամանակս ի խորին տգիտութեան և բարբարոսութեան, որպես ընդհակառակն, զուարթարար օդ, վայելուչ կողմանք, առողջարար և թեթև ուտելիք, բարեմասն կազմուածք մարմնոյ, մեծամեծ երևույթք բնութեան, պատահական յայտնութիւնք, երևելի զգօնամիտ անձինք ոմանք, ազատ կացութիւն, զազգ ինչ փութով ստիպեն խորհել, զգիւտս հնարել և ստեղծանել»:

Աշխատությունն ունի շատ կարևոր մի շեշտադրում. դա փոփոխության, զարգացման գաղափարն է, այն որ մարդիկ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ են, և նրանց հատկությունները  անփոփոխ ու մշտական չեն, այլ  կոնկրետ պատմականհասարակականաշխարհագրական  պայմանների արդյունք, այդ պայմանների փոփոխմամբ՝ փոխվում են նաև այդ ազգային հատկանիշները. «Օդն, միջոցք ապրուստի, սովորութիւն պատճառեցին թէև փոփոխութիւնս  ինչ  ի մէջ մարդկան, այլ չիք ոք այնպէս, զոր այլ օդ, այլ սովորութիւն կրկին ո՜չ փոփոխեսցէ»:

«Պատմութիւն հին դարուց»ում Աբովյանը տալիս է բազմաթիվ փաստեր ու տեղեկություններ  տեխնիկայի, գյուտերի, սովորությունների, սնահավատությունների մասին: Այստեղ է պատմվում  նաև առանց ջրի ջրաղացի, ջրի ու քամու ուժի համատեղ օգտագործման, ժամացույցի նման, օրական մի անգամ լարվող ջրաղացի մասին: Խոսելով մետաղների գյուտի և դրանց հալման եղանակների մասին, Աբովյանը բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմվածքներ է բերում: Երբ Մագելանը ժամանում է Կարոլինյան կղզիները, տեղի  բնակիչները, առաջին անգամ տեսնելով կրակ, կարծում են թե բոցը  ծառից կախված ինչոր գազան է, որ կարող է իրենց կծել:  Այս շարքի պատմությունները բազմաթիվ են ու հետաքրքրաշարժ:

Ի հակադրություն  սահմանափակ ուսուցման  մեքենայական սերտողության, երեխայի ինքնուրույն մտածողության ճնշման՝  Աբովյանի  նոր մանկավարժությունը առաջ է քաշում ուսուցման գիտակցականության սկզբունքը, երեխայի ինքնուրույն մտածողության զարգացման պահանջը:

Երևանի գավառական ուսումնարանի հաշվետվության մեջ Աբովյանը նշում է, որ ուսուցիչներից շատերը հարկադրում են աշակերտներին լոկ մեքենայորեն սերտելու, առանց օժանդակելու նրանց մտածողության զարգացմանը. «գրքերը և մեռյալ տառերը միայն ծանրաբեռնում են ուսանողների հիշողությունը և միտքը»: «Պատմութիւն հին դարուց»ը կարդացվում է ոչ թե որպես ձանձրալի  դասագիրք, չոր ու ցամաք ուսումնական նյութով, այլ որպես հետաքրքիր, գրավիչ պատմվածք:

 

Ամերիկու լիս քցիլը

«Ամերիկու լիս քցիլը»   ստեղծագործությունը պատմաաշխարհագրական դասագիրք է: Աբովյանը այս դեպքում էլ առաջինն էր, որ  Ջորջ Գորդոն Բայրոնի օրինակով, բարձրացրեց իր ձայնը գաղութային ժողովուրդների ճնշման ու ստրկացման դեմ: «Ամերիկու լիս քցիլը»  ստեղծագործության մեջ դառնաշունչ ու սուր լեզվով քննադատում է  Ամերիկայի, Անգլիայի, Իսպանիայի և այլ երկրների գաղութային քաղաքականությունը՝ այդ երկրների թալանը, կողոպուտը, բռնությունները, «բնիկների ոչնչացումը, ստրկացումը և հանքերում կենդանի մարդկանց թաղումը»: Աբովյանը ոչ միայն մերկացնում է գաղութարարների բարբարոսությունները և հակամարդկային արարքները գաղութացված  երկրներում, այլև արտահայտում է իր կարեկցանքը, համակրանքը  այդ ճնշված ժողովուրդների նկատմամբ:

Հատուկ  կարեկցանքով է խոսում  սևամորթների  տևական ճնշման  մասին:  «Ամերիկու լիս քցիլը» աշխատության մեջ գրում է. «Ոսկու հասրաթը ամենի սիրտն էլ վառեց, ամենն ոտները բարձրացրին, նավ մտան, որ առաջ գնան Ամենն էլ ուզում էին էնպես աշխարհ գտնել, որ ոսկու գետ ունենար…»:

Ազատամիտ ու ժողովրդավար Աբովյանը անխնա քննադատության է ենթարկում «քաղաքակիրթ»   եվրոպացիներին. «որոնք անխղճորեն հարձակվում են իմ հայրենակիցների վրա, առանց նախ և առաջ խորհելու նրա մասին, թե ի՜նչ է կատարվում իրենց հայրենիքում: Նրանք իրենց պատկերացնում են արարածներ, որ միմիայն նրա համար են իջել երնքից, որպեսզի ուրիշների թերությունները քննադատեն»:

Մեծ գրողը բարձր գնահատելով արևմտաեվրոպական զարգացած ու բացառիկ մշակույթի, գիտության, գրականության և արվեստի գործիչների ստեղծած արժեքները, միաժամանակ Արևմուտքի գաղութարար քաղաքականության սուր քննադատն էր:  Այլ   ժողվուրդների ստրկացման, աննկարագրելի ճնշումների,  բռնության, մարդկային անբնական  իրավունքների ոտնահարման  պատկերն է տալիս Աբովյանը ՙԱմերիկու լիս քցիլը՚ իր աշխատության մեջ: «Բայց Սպանացիք, որովհետև իրանց ուզած ոսկու աշխարհը դեռ չէին գտել, անողոքաբար չարչարում, տանջում էին ողորմելի, անմեղ ազգերին, որ իրենց համար մշակություն անեն, վարեն ցանեն, որ նրանից էլ օգուտ ստանան Բայց խեղճ Ամերիկացիքը էն զորությունը ու սովորությունը չունեին, որ էս ջաֆին դիմանան ու սաղսաղ մաշվում, մեռնում էին չարչարանքի ձեռքիցը Ով որ Սպանիացոցը չէր ուզում հնազանդի, Աստված հեռու տանի, ինչ որ նրա գլխին էին բերում: Շները կատաղացնում, նրանց տկլոր ջանի վրա էին անում, որին թրով էին աղցան անում, որին թվանքով…»: Աբովյանը այդ տարիների համար բացառիկ շեշտադրումներ է արել նաև կանանց իրավունքների վերաբերյալ: Նա պայքարում է հանուն կանանց  արժանապատվության, հանուն նրանց ազատագրման: «Ամերիկու լիս քցիլը» աշխատության մեջ Աբովյանը վրդովմունքով է նկարագրում կանանց ստրկական վիճակը Հնդկաստանում, որտեղ նրանց հետ վարվում են ինչպես անբան անասունների հետ: Այս աշխատությունն ընդհանուր առմամբ՝ ուսումնական ձեռնարկ է, պատմվող թեմաները Ամերիկայի գյուտը, աշխարհամասեր, օվկիանոսներ ու բնության երևույթներ: Աբովյանը հաջողել է աշխարհագրական չոր փաստերը համեմել այդ շրջանի իրավիճակային դիտարկումներով, մտահոգություններով:

 Քերականությունն ըստ Տապպեի

   Աբովյանը հայկական դպրոցների ու առհասարակ ռուսաց լեզուն ուսումնասիրողների համար կազմել է նաև ռուսաց լեզվի շուրջ 400 էջանոց դասագիրք՝ «Նոր տեսական և գործնական քերականութիւն Ռուսաց վասն Հայոց»:

Քերականական հասկացությունները բացատրելու այս մեթոդական եղանակները մինչև օրս էլ  պահպանել են իրենց թարմությունը: Մերօրյա ռուսաց լեզվի դասավանդողներն  էլ շատ բան կարող են ուսանել այս ձեռնարկից, եթե ցանկանում են քերականության դասավանդումը դարձնել հետաքրքիր ու գրավիչ աշակերտների համար: Այստեղ էլ մեթոդն անփոփոխ է. աշակերտներն իրենք պետք է հանգեն ինքնուրույն եզրակացությունների և քերականական կանոնների ձևակերպմանը:

Աբովյանի ներդրումը անչափելի է ռուսաց լեզուն տարածելու գործում: Աբովյանն առաջարկում է. «Անդրկովկասյան երկրների բոլոր ուսումնական հաստատություների 1-ին և 2-րդ դասարաններում ռուսաց լեզուն ավանդել գործնականորեն և ոչ թե քերականությամբ, ինչպես այժմ արվում է 2-րդ դասարանում»: Ռուսաց լեզվի դասավանդման մեջ նույնպես Աբովյանը գործնական ուսուցման կողքին չի ժխտում, որ անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել ռուսաց լեզվի տարրական օրինաչափությունների և կանոնների հետ, այսինքն, փաստորեն քերականության հետ, բայց գտնում է, որ այդ բոլորը պետք է անել առանց որևէ քերականական տերմինոլոգիայի, առանց տրամաբանական սահմանումների ու սահմանափակումների: ՙՆոր տեսական և գործնական քերականություն՚ ձեռնարկում  Աբովյանը բավականին առատ բառապաշարի մինչքերականական նյութ է տալիս աշակերտներին: Դասերը   զրույցերկխոսություններ են, դրանց բովանդակությունը շրջապատի առօրյա, սովորական առարկաներն ու երևույթներն են:

Աբովյանը շոշափում է նաև մեթոդական տեսակետից շատ կարևոր և բարդ ու մինչև այժմ էլ քննարկվող  հարցը. ինչպես պետք է բացատրել ռուսերեն բառը ոչ ռուսին : Մեթոդները երեքն են.

ա/ առարկան կամ նրա պատկերումը ցույց տալ, այսինքն՝ զննական միջոցը,

բ/ անծանոթ բառը բացատրել հենց ռուսերեն լեզվով,

գ/ դա թարգմանել մայրենի լեզվով:

Աբովյանը այս  երեք մեթոդական  եղանակների համատեղման կողմնակիցն է: ՙՆոր տեսական և գործնական քերականության՚  դասերում, երբ աշակերտները նոր են սկսում ռուսաց լեզվի ուսումնասիրությունը և երբ նրանք դեռ չունեն ռուսերեն բառերի անհրաժեշտ պաշար, որի օգնությամբ կարելի լիներ բացատրել նոր ու անծանոթ բառերը, Աբովյանը գերազացապես կիրառում է թարգմանական մեթոդը, դիմելով նաև զննականության օգնության: Կարելի է ասել Աբովյանը դասն անց էր կացնում համապատասխան առարկաները կամ նրանց նկարները ցույց տալու միջոցով:

Աբովյանը պաշտպանում է նաև ռուսերեն և մայրենի լեզուների դասավանդման համեմատական մեթոդը, որի ժամանակ «ՙփորձված ուսուցիչը, ի մի բերելով երկու լեզուների միատեսակ կանոնները և ընդհանուր հատկությունները, կրկնակի հեշտացնում է իր աշակերտների աշխատանքը և նրանց  արագ քայլերով տանում դեպի երկու լեզուների ուսումնասիրությունը»։

Հենց այդ համեմատական մեթոդով է գրված «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց…»ը, որը կազմելիս Աբովյանը ղեկավարվել է Ա. Վ. Տապպեի աշխատությամբ: «Քերականությունն ըստ Տապպեի». սա մեծածավալ /764 էջ/,  բարդ մի աշխատություն է, որի  350 էջը քերականական մասն է կազմում: Այն քերականության սովորական դասագիրք չէ, այլ   քերականության համատեղումը  թարգմանությունների, բառարանի, խնդիրների, վարժությունների հետ միասին: Աբովյանն ինքն է ներկայացրել գրքի հետ իր աշխատանքը. ՙՍակայն ես ամեն բանում չէ, որ հետևել եմ հարգելի հեղինակին: Նկատի ունենալով բոլորովին այլ հասարակություն, ես անհրաժեշտ համարեցի փոփոխության ենթարկել որոշ տեղեր, մի դեպքում կրճատելով այն, ինչ ինձ ավելորդ է թվացել, մի այլ դեպքում՝ ավելացնել, հաշվի առնելով մեր լեզվի առանձնահատկությունները:    «Քերականության»     մեջ հիմնականում կիրառվում են նույն մեթոդական սկզբունքները, սակայն մի կարևոր վերապահումով. աշակերտների ինքնուրույնության սկզբունքը Տապպեի քերականության մեջ արտահայտված է շատ ավելի թույլ կերպով: