Աբովյանի պոեզիայի չափազանց ինքնատիպ մասն են կազմում բայաթիները (քառյակները), որոնք առաջին անգամ հայ գրականության մեջ աշխարհաբար լեզվով մշակել և Ժողովրդական երգերի ու խաղերի ոճով ու նմանությամբ ստեղծել է Խաչատուր Աբովյանը: Իր բայաթիների մասին Աբովյանն ասում է. «Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղն ու տաղը»: Այս խոսքերը ցույց են տալիս բայաթիների, այսպես ասած, գործնական-կիրառական կողմը: Սրանից բացի բայաթիները իրենց մեջ կրում են նաև գեղարվեստական որոշակի արժեք, որտեղ արտացոլված են կարոտի, չվայելած սիրո, թախծի ու տխրության ժողովրդական երանգները: Աբովյանի բայաթիները ստեղծված են գեղարվեստական ինքնատիպ պատկերներով: Հեղինակի գրչին են պատկանում թվով 80 բայաթիներ:
ԲԱՅԱԹԻՆԵՐ
Երկընքի կանաչ կարմիր,
Ա՜յ սիրուն կանաչ, կարմիր.
Լերդս ու թոքս չորացել են,
Սար ու ձոր կանաչ կարմիր։
Դաշտի ծաղկի ռանգեռանգ
Մեզ նման կարճ է օրն ու կյանք։
Ծաղիկն, որ հոտ չունենա,
էլ ինչ օգուտ, ռա՛նգ է, ռա՛նգ:
Ընկել եմ՝ ախ՝ սարեսար,
Դարման չունեմ, ոչ մեկ ճար։
Ուզում եմ, գամ քո ոտը,
Առաջս ծով ա սար է սար:
Տես էս ղշերի ա՜խ՝ դասթեն,
Մոտդ եկան, քեզ հասրաթ են,
Թռիր դրանց հետ ու արի՛,
Թուրն ինձ խփիր, քեզ դասթեն:
էնտուր համար եմ, էնտուր
էրվում, որ պրծնեմ ա՜խ՝ մեկ օր
Աշխարքն ինձ տաս, պետքը չի,
Թուրն ինձ խփի՛ր, քեզ դասթեն։
Սրտիս մի տար, որ էրես,
Ինձ փոթոթես, խորովես։
Հոգիս ուզիր, ես քեզ տամ.
Թող մեկ տեսնիմ քո երես։
Կանաչել են սար ու ձոր
Ձենս բարակ, սիրտս խոր։
Հոգիս էլ տամ, չես լսիլ,
Ի՞նչ ես ընկել սար ու ձոր։
Սիրտս կաթել ա՝ արին,
Քո մարմինն եմ, քո արին,
Ե՛դ արի, մեկ աչքովդ տե՛ս,
Թե սիրելուդ ի՞նչ արին։ —
էն տանը մեռնիմ, ախ էն տան,
Որ աչքդ բացիր՝ աննման։
Մեկ բուռը հողիդ եմ կարոտ,
Ասա՛, որ ինձ ախ՝ էն տան։
Ո՞վ ա լսել՝ սար սարի
Դիպչի մոտ գա ու կպչի
Քո սար գլխին ես ղուրբան,
Ինձ մի անիր սարսարի։
Դոշիս վրա քարքաշան
Արին, տարան քո նշանն։
Թե սաղ սաղ էլ հողը մտնեմ,
Ո՞վ կըլի իմ քար քաշանն։
Քեզ որ տեսա ջրի սաղին,
Խելքս թռավ էն հադաղին,
Հենց մարդ պետք է հոգին տա,
Որ չսպանես դու սաղին:
Ոչ ձենս ես դու իմանում,
Ո՛չ շունչս առնում, ինձ տեսնում,
էնքան դռնեդուռ ընկա,
Բեդնամ էլավ իմ անում։
Ի՞նչ ես տանջվում՝ ա՜յ նաչար,
Որ քեզ չկա մեկ հավար։
Մեկ սիրտ որ դարդ չիմանում,
Հալբաթ վատ է ու նա չար:
Ձին ա գալիս սարի գլխին,
Սարի դոշին քամակին.
Աչքս քցել եմ քո ճամփեդ,
Վայ տալիս՝ իմ չոր գլխին։
Քեզ ի՞նչ արի, որ կտրեցիր
Լեզուդ, ինձմեն քաշվեցիր.
Ի՞նչ ես սրել էդ թուրը,
Մեկ սիրտ ունիմ, կտրեցիր։
Սիրտս պատկեր չի, քաշեմ,
Քեզ տամ, ինձ էլ չմաշեմ,
Միս ա, թուր էլ խփում ես,
Ի՞նչ անեմ, ախ չի, քաշեմ։
էս տեղ շատ մարդիք կան, ե՛ս
Քեզ եմ կարոտ, քեզ՝ ա՜խ ես.
Որ գաս, տեսնես ինձ հողումն,
Երաբ վրես սո՞ւք կանես։
Գերեզմանդ մնացել բաց,
Տունն ընկել ա սուք ու լաց.
Դվորն գնում ես, ինձ էլ տար,
Բա՛ց երեսդ, աչքդ բա՛ց։
Լա՛ց իմ օրս, ա՛զիզ՝ լա՛ց,
Երբ գաս տեսնես ինձ մեռած։
Շատ էլ հասրաթդ քաշեցի,
Ինձ սպանեց սուքն ու լաց։
Նի ես էլել քյահլան ձին,
Քար եմ դառել քո կշտին։
Ի՞նչպես պետք է անցկենաս,
էն լեռ սարը, էն խոր ձին։
Ա՜խ ձեր բաշին ու ձեր տան
Կտրին, աչքերս քեզ տեսան։
Թո՛ղ հոգիս ես մեկ քեզ տամ,
Ում ուզենան, լաշըս տան։
Սիրտս սհաթ է, սհաթ.
Որ թե լարես՝ ա՜խ՝ բեվախտ,
Խարաբ կըլի: Թե թողաս,
Ու չտեսնես սհաթէսհաթ։
Ինձանից՝ դու ձեռք քաշիր,
Կուզես հոգիս ա՛ռ, քաշվիր,
Մահիս գիրը գրվել ա,
Դո՛ւ էլ արի՝ ձեռք քաշիր։
Գնացի՜ր, ախ ե՛դ արի,
Ես մեռնում եմ, ե՛ դ արի։
Դու իմ յարես կապեցիր,
էն էլ դարդու եդ արի։
Աչքս ճամփիդ ա, արի,
Արի՛ հոգիս ա՛ռ, արի՛.
Գյունահս երեսովս չտաս,
Փոշմանել եմ, ինչ արի։
Մի դարդ անիր, սի՛րտ արա,
Ի՞նչ ես կրվում, սիրտ արա.
էդքան տանջվիլ պետքը չի՛,
Ինչ ասում են՝ սիրտ արա։
Բարեկամիդ հետ մեկ տեղ
Թող քեզ սպանեն՝ ախ՝ մեկտեղ,
Անբարեկամ որ մեռնիս,
Հողն էլ չի՛ տալ քեզ մեկ տեղ։
Ախ սառն է սառն էս գետին
Ջիգյար չունի, մեր սրտին
Թուր է խփում, ու տանում,
Մեր թոզը տալիս է՛ս գետին։
Անի՛ , Անի՛, ա՜խ՝ Անի,
Քանդողիդ տունն քանդվի,
Քեզ որ ազգը չպահեց,
Մեկ լաց ընող ի՞նչ անի։
Ախ՝ իմ արևս մտավ մեր,
Մնացի անհեր, անախպեր.
Դու էիր կյանքս ու արևս
Դու էլ գնացիր՝ այ իմ մեր:
Մնացել եմ մէկ էրում,
Ախ քաշելով ինձ սպանում.
Թե չես դարդիս վրա հասնիլ,
էլ ո՞ւր ես՝ ախ՝ ինձ էրում:
Երեսդ բա՛ց, ե՛դ տար,
Երբ ուզենաս, հոգիս ա՛ռ,
Թող ես մեկ հողը՝ ախ՝ մտնեմ,
էն վախտը սերն էլ եդ տա՛ր։
Տար էդ հավին՝ այ ուրուր,
Աշխարքս դանակ ա ու սուր։
Զոռ մարդի թուրն ա կտրում,
Խեղճն ո՞ւր կորչի, ախ՝ ո՞ւր, ո՞ւր։
Ինձ էրեցիր տակետակ ,
Աշխարքիցս իմ հիշատակ
Կտրվել ա, փչացել,
Ես մնացել եմ ծովի տակ։
Դարդս ընկել բերան–բերան.
Գիշեր, ցերեկ սուք, շիվան
Հանս առել են, ինձ մաշում.
Ոչ լեզու մնաց, ոչ բերան։
Գլուխս քցել եմ քարեքար,
Ոչ տեր ունեմ ոչ հավար.
Ախ մեկ ցավիս հասնես,
Սիրտս մկամ քար է քար։
Թէ տաս էլ ինձ թրի բերնին,
էլ քո ղուլն եմ, քո գերին.
Հոգիս քեզ մոտ հո կըլի,
Մեռնեմ էդ քո սուրբ բերնին։
Քամու ձեռին տարուբեր
Սլում են ծառն ու ծաղկներ.
Սիրտս որ չի դինջանում,
Հա կաց գլուխդ տա՛խ ու բե՛ր։
Ձեն տաս, չի՛ լսիլ քեզ կարաս,
Թե լիքն ա մեջն, ձեռ չտաս.
Դարդակին դարդդ էլ ասես,
Նա չի իմանալ, ի՞նչ կարաս։
Երեսն կակող ա, երես,
Քար չի, որ թրի դեմ անես
Ինչ խոսք ունես, ինձ ասա,
Չանես ուրշին ինձ երես։
Վատաբախտ եմ, վատաբախտն
Ոչ օր ունի, ոչ մեկ բախտ.
Ի՞նչ ես ցավում աղքատի օրը
Սև ա, վատ ա թախտն:
Սևերես եմ, սևերես,
Տեղն ա, ինչ որ ինձ ասես,
Ո՞ւր քեզ իմ դարդն ասեցի,
Որ ինձ մաշես, սև՛ երես:
էսօր գնացինք թանջարի,
Ռաստ էկանք ջրի, սարի.
Դարդակ ման գալն պետքը չի,
Խելք ունես, մեկ բան ճարի:
Միրքիդ ղուրբան՝ այ տերտեր,
Բոյըդ բարդի, չալ բեղեր,
Խելքս տարան՝ բեմուրվաթ,
Քանի՞ կանչեմ՝ ախ տեր, տեր:
Չարի ձեռ ընկա, չարի,
Թե սպանի էլ, ինձ էրի,
Ո՞ւմ գնամ ասեմ իմ ցավս,
Ի՞նչ ասեցիր, ես չարի։
Դարդու ջանհան ես էլա,
Ումբրս մաշվել, փչացել ա,
Որ հող դառած, ես չըլիմ,
Մեկ ախ կքաշե՞ս դու էլա:
Վազն ա գինին տալիս, վազն,
Որ չորանա իմ մուրազն
Կմնա փորումս, չի դուս գալ,
Թե գաս հետս էլ վազեվազ։
Ման եմ գալիս մութնեմութ,
Քեզ չեմ գտնում ա՜յ անգութ.
Արեգակն էլ որ բացվի,
Իմ սիրտս հո մութն է մութ։
Տա՛ր իմ հոգիս, հետդ տա՛ր,
էս խոր ձորումն մի՛ թողար
Ինձ, որ էրվիմ, խորովիմ,
Ղարիբ երկրում մնամ օտար։
Կարկուտն դիպավ մեր պտղին,
Մեր հանդին, մեր ծաղկըներին.
Ախ՝ քո դարդն եմ միշտ քաշում,
Նրանք լիս չեն տալ իմ պտղին:
Ինձ ասեցիր քո անում,
էլ չես գալիս՝ իմ խանում.
էլ ինչպե՞ս սերդ իմանամ,
Որ էդպես ես ինձ անում։
Ոչ տուն ունիմ, ոչ աման,
Թե որ գան, ինձ գողանան.
Հացի կարոտ մնացել եմ,
Գիշերս վայ, օրս ամա՜ն։
Կուզեմ առաջիդ թռչիլ,
Ճամփեդ կապել ու փախչիլ.
Որ թե արին էլ դու լաս,
Ջուր չգտնես, աչքդ թռչիլ:
Ի՞նչ ես էրվում տանն ու դրանն։
Իմ աչքի լիս սիրեկան,
էդ դարդը քեզ տվողը
Հալբաթ կանի մեկ ճար դրան։
Մարդիս կյանքն է առուտուր,
Մեկ խեր կըգա, մեկ շառըշուռ:
Դու քո ճամփեդ մի ծռիր.
Թե պարտք ունես, ա՛ռ ու տո՛ւր։
Ջանս քեզ ղուրբան Աղա,
Թագավորի աչք Աղա,
Բաս չես գիտում՝ որ սերը
Խոցված սրտի հմար աղա:
Ինչ ցավ ունիս, վեր ածիր,
Քեզ կսպանեն, մի՛ մաշվիր.
Սազդ քոքիր, սիրտդ բա՛ց,
էդ ֆիքրդ թո՛ղ, վե՛ր ածիր։
Քանի հարուստ ու քոք ես,
Ամենի աչքի լիսն ես,
Զեռդ պակաս՝ ձեն չի տալ,
Սազդ հազար էլ որ քոքես։
Քո եսիրն եմ՝ խեղճ արի.
Թուրդ սրտիցս եդ քաշի՛.
Թող հողը մտնեմ էն վախտը,
Կանգնի վրես՝ խեղճ, արի։
Ջանս կտամ քո գնում
Թե ինձ սպանել չես ուզում
Քեզ ինչ արի, որ խռոված՝
Ինձ թողում ես, դու գնում։
Ինձ թողում են, քեզ տանում,
Դուռն երեսիս հետ անում.
Որ քո շվաքն էլ չեմ տեսնիլ,
էլ ի՞նչ անեմ էս տանում։
Ո՞վ կսպանի ինքն իրան
Մեկ սիրտ էլ ա, որ սիրի նրան,
Որ ինձանից քաշվում ես,
Թող` քանդվի ախ քյուլ իրան:
Փրփրում ես՝ այ փրփրում
Գետ սիրտս հետդ քրքրում,
Թող` արտասունքս մի հատնի.
Հետո մնամ էդ փրփրում:
Մեկ սիրտ ունեմ, քեզ համար
Միշտ մեռած միշտ ցավագար,
Դու էլ որ դեղ չես անում
Ո՞ւմ տամ ցավիս թիվն, համար։
Ախ՝ ի՞նչ ես էլ թուրդ սրում,
Հոգիս տալն ես եմ ուզում.
Ջանս որ հատավ, ինձ մեկ ա,
Կրակում ըլիմ, թե սրում։
Ո՞ւմ ասեմ դարդս՝ որ լսի,
Էլ ցավս ուրշի եդ չասի,
Թող սիրտս մենակ խավարի,
Հասրաթ մնա մեկ լսի:
Սիրտը հանիլ, ո՛չ քաշվիլ
Կըլի ու պտի միշտ մաշվիլ.
Ինչ արի որ ինձանից
Դու էլ սկսար ախ՝ քաշվիլ:
Հոգիս ընձի տուն տվեց,
Որ դու չես գալ. աչք տվեց
Աստված, որ լամ դառն օրս,
Հիմքս քանդեց, տուն տվեց։
Ա՞խ մեկ ձորում, չիմանում
Քեզ տեսնեի՝ իմ խանում.
Դու Էդ հոգիդ ինձ տայիր
Որ իմ դարդս չիմանում։
Ուզում ես ինձ ախ սիրտ տաս,
Վաղուց մեռավ իմ մուրազս
էրված ջիգարն ո՞ւմ ա պետք,
Որ հանես նրան՝ իմ սիրտ՝ տաս։
Սիրտս վառվել կրակվել էր,
Որ մնացի ախ անտեր
Թե եդ չես գալ գերեզմանս
էս էրը կըլի, ա՜խ էս էր:
Ջանս դուս էկավ, սիրտս մնաց,
Նա էլ արնով ա լցված
էդպես արիր, սիրեկան`
Որ քեզանից սիրտս մնաց։
Խոսքը սրտին որ դիպավ,
էլ սաղանալ չի բնավ.
էն թուրն ինչպես պտի կապես
Որ սիրելուդ սրտին դիպավ։
Թե վախտ ունես, արի ու տե՛ս
Հալըս, թե ինձ սիրում ես,
Ես որ գնացի, չես հասնիլ,
Ապրում ես, որ ինձ ուտես։
Ո՞վ հասցրեց քեզ չարի
Ինքը փոխ գնա քո դարի,
Ինձ էսքան ո՞ւր ես էրում,
Ի՞նչ ասեցիր, որ չարի։
Ծարավ աղբրի աղբրի ախ ակը.
Մեր կանաչ բաղի տակը
Միտքդ բեր ու ինձ հիշիր,
Խավարեց աչքիս ակը։
Դու իմ ձեռը կապեցիր,
Սրտիս յարեն կապեցիր,
Ինչ արի քեզ, որ էլ եդ
Սիրտս արին կապեցիր։
Աչքս տալիս ա սևին,
Վայ իմ գլխին, արևին.
Դու էլ հոգիս առել ես,
Տալիս ես դևին-սևին։
Ինչ որ ասեն, սիրտ մի մնար.
Ցավդ ներս արա, մի սքար.
Մեկ բարեկամ որ ճարես,
էլ էս լաշումն՝ սիրտ մի մնար։