ՐԱՖՖԻ

Մեր նոր շրջանի գրականության մեջ Աբովյանի «Վերք Հայաս­տանին» հրաբխային զորության առաջին ժայթքումն էր:

Այդ գիրքը՝ «Վերք Հայաստանին» թորում է ամեն մի հայի աչքերից արտասուք, երբեմն շարժում է նոցա ծիծաղը, իսկ շատ անգամ ուռեցնում է նոցա կուրծքերը մի վսեմ ազգասիրական ոգևորությամբ: Ինչո՞ւ…

— Որովհետև ազգի հոգին խոսում է այդ գրքի խորքից:

ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆ

Սրա ամեն մի բառը բանաստեղծություն է. ժողովրդի հոգուց էր խոսում, ապրել էր նրա ծոցում, կենդանի կերպով պատկերել էր տե­սածը, լսածը, զգացածը: Երանի լուսահոգի Խաչատուրին…

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ

Միակ անձնավորությունը, որ անմիջական ազդիչ մասնակցու­թյուն ունի իմ ամբողջ գրական աշխատասիրության մեջ, սկսած 60  թվի հունվարից լույս տեսած «Սոս և Վարդիթեր» անդրանիկ վիպա­սանությունից մինչև վերջին գրական երկս՝ եղել է, լինում է և լինե­լու է անմահ Խաչատուր Աբովյանը: Նրա «Վերք Հայաստանին» մտավոր խթան է հանդիսացել ինձ համար, նրա շկոլային եմ անձնահոժար ենթարկել ինձ, և այդ ուղղության մեջ սիրելի է ինձ թույլ գրչիս վերջին ճռվողյունը դադարեցնել:

ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ

Առաջին արտասուքը, որ մեր թմրության միջոցին ընկավ հայ վերքի վրա, էր Աբովյանի սքանչելի գործը՝ «Վերք Հայաստանի»:

… Հայոց ժողովուրդը առաջին անգամ լսեց յուր հարազատ ձայնը յուր ցավին ցավակից Աբովյանից:

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Այստեղ, որպես կախարդական հայելու մեջ, բարեխիղճ բանաստեղծը ցույց է տալիս հայոց ազգի ընտանեկան կյանքի անշուք և անմխիթար պատկերները, այնտեղ տեսնում ենք գյուղերի տանուտյարքը, ծանոթանում ենք նոցա հասկացության հետ: Մենք տեսնում ենք այդ  ապոլոնյան հայելու մեջ հայկական կյանքի մեռած պատկերը, տեսնում ենք, թե, ինչպես այդ մեռելային դաշտի զանազան կետերում խլրտում է առաքինությունը և հովվական կամ նահապետական ժամանակների հասկացությամբ ընդդեմ է զինվորվում այս կամ այն անիրավության, թե ինչպես հալածվում է այս առաքինությունը և պատճառ է լինում բյուր կաթիլներով արտասուքի: Տեսնում ենք այդ հայելու մեջ պարսիկների բարբարոս վարվեցողությունը մեր խեղճ ազգի հետ, մեր ազգի հարստահարված վիճակը…:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Նա երեխուց աչքը բաց արավ տեսավ, թե ինչ անասելի նեղություն էր քաշում մեր ազգը էն ժամանակվա պարսից տերության ձեռքին, ու ազգի էս ծանր վիճակը վերք դառավ, կպավ սրտին: Մեծացավ, օտար երկիր գնաց, ուսում առավ, իր սրտի վերքն էլ մեծացավ ու խորացավ: Ահա էս խոր վերքը, իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը, կռիվն ու քաջությունը հրեղեն լեզվով նա պատ­մեց մի գրքի մեջ՝ անունը դրեց «Վերք Հայաստանի»: Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանին»:

«Վերք Հայաստանին» և՛ հայրենասերի ողբ է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և՛ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և՛ բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններով։ Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ

«Դա մի տաղանդավոր գրողի արձան չէ, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձան է, որը կանգնելու է այնտեղ, Արարատի սրբազան դաշտում՝ սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն, թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ: Պետք է կանգնի հավիտյան, անլռելի պատմի աշխարհին հայի տանջանքն ու տենչանքը»:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» հայ նոր աշխարհաբար գրականության հիմքն է, նրա սկիզբը: Մեր գրական ամեն տեսակետների սկիզբն է, նա դյուցազնական է և լիրիկական, սատիրա, յումոր, ֆոլկլորային անբավ նյութ, խառնված միմյանց հետ, հան­ճարեղ հանգույց ռոմանտիզմի, ռեալիզմի, նատուրալիզմի…, ան­փոխարինելի պաթոս, որ լուսեղեն շանթի պես անցել է մեր գրակա­նության սկզբից՝ Խորենացուց, Փարպեցուց, Եղիշեից, Սեբեոսից, Չամչյանից, Գամառ — Քաթիբայից, Րաֆֆուց մինչև Հայաստանի ազատագրումը, մինչև Խորհրդային Հայաստանը»:

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐճՅԱՆ

«Վերք Հայաստանին» մի թանգարան է, ուր ամփոփված են հայ ժողովրդի բոլոր հոգեկան հաստությունները: Այս գրքի մեջ Աբովյնաը հանդես է գալիս իբրև գյուղացի, ժողովրդի մարդ:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Հայ ժողովուրդը պետք է ծներ իր դարավոր հերոսամարտը և ազատությունը երգող մի ահնճար, որը պետք է գանր Ռուսաստան իր թևերի թռիչքը ավելի հզոր և սավառնումը ավելի սլացիկ դարձնելու համար: Այդ հանճարը Խաչատուր Աբովյանն էր, որը գրեց հայ ժողովրդի հերոսական սիմֆոնիան՝ «Վերք Հայաստանին» և որն իր «սրտի սիրեկան ազգին» ամբողջությամբ նվիրաբերեց արվեստագետի իր լուսավոր հանճարը, գիտնականի խորաթափանց միտքը և մարտնչող լուսավորչի ողջ կյանքը մինչև այրան վերջին կաթիլը:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Քո պատվանդանը փոքր է չափազանց,

Բայց մե՞ծ էր արդյոք հերկը հայրենի,

Որի բարգավաճ գալիքին ընծա,

Դու հանճարը քո, և կյանքը բերիր:

ՖՐԻԴՐԻԽ ՊԱՐՐՈՏ

Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին, կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը: Նա վեհ է, ինչպես իրենց լեռները և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգորեն տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վարկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն…