Քանաքեռը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այստեղ 1805 թվականի հոկտեմբերին ծնվել է հայ մեծ լուսավորիչ-դեմոկրատ Խաչատուր Աբովյանը: Քանաքեռում է անցել նրա վաղ մանկությունը (1805-1814):
Քանաքեռը պատմական Հայաստանի հին ու նշանավոր գյուղերից է՝ փռված հրա¬բխային բարձրավանդակի վրա, բիբլիական Արարատի դեմ հանդիման։ Քանա-քեռի մա¬սին գրավոր առաջին հիշատակությունը պահպանվել է Հաղարծնի վանքի Սբ. Գրիգոր եկեղեցու 1206 թ. արձանագրության մեջ։ Վանքին կից գավթի արևմտյան դռան ճակա¬տին նշվում է, որ իշխանական Սմբատի որդի Խալթը գնում է Քանաքեռ գյուղում Սկա¬ն¬դարանց հողը և նվիրաբերում Հաղարծնի վանքին իր հոգու փրկու¬թյան համար…
- Քանաքեռի բազմադարյան պատմության մասին վկայող ամենահին հուշարձանը Խաչքար-մահարձանն է: Այն հայտնի է նաև Ամենափրկիչ անվամբ: Խաչքարը հիմնադրվել է 1265թ-ին: Դիմակայել է 1679թ․-ի ավերիչ երկրաշարժին, երբ հիմնահատակ ավերվել են գյուղի երկու եկեղեցիները, բոլոր տներն ու շինությունները, բայց այս մահարձանը մնացել է կանգուն ու անվնաս: Մահարձան-խաչքարը համարվում է փորագրական արվեստի լավագույն նմուշներից։ (Պետևանի մահարձանը /լուսանկար/)։
- Քանաքեռի սուրբ Հակոբ եկեղեցին նվիրված է Մծբնա ս. Հակոբ Հայրապետին: Կառուցվել է 1695թ-ին և վերանորոգման ենթարկվել 1793թ-ին: «Այս եկեղեցին ունի ճարտարապետական հիանալի կառուցում, պորտալն ու շրջանակները նրբորեն զարդարված են հին հայկական ոճի սքանչելի օրնամենտով»,- գրել է գերմանացի պրոֆեսոր Հերման Աբիխը: (ս․ Հակոբ եկեղեցի /լուսանկար/)
- Գյուղի հյուսիսային մասում, բլրակի վրա ս. Հակոբ եկեղեցուց դեպի հյուսիս, հասարակաց գերեզմանոցի կենտրոնում 1695թ-ին կառուցվել է ս. Աստվածածին եկեղեցին և վերանորոգվել 1875թ-ին: Ըստ Զաքարիա սարկավագի՝ այս եկեղեցին պատկանել է այնտեղի կուսակրոն միաբանությանը, այսինքն՝ Քանաքեռի վանքին: Միաբանությունն ունեցել է իր դպրոցը, որտեղ պատրաստվել են գյուղերի համար քահանաներ ու տիրացուներ: (Ս. Աստվածածին եկեղեցի /լուսանկար/)։
Աբովյանի նախնիները 17-րդ դարի 80-ական թվականներին գաղթել են Հյուսիսային Կովկասից: Չդիմակայելով կովկասյան լեռնաբնակների հարձակումներին և հարստահարություններին՝ մի քանի ընտանիքներով գալիս են Երևանի սարդարի մոտ և բնակության տեղ խնդրում Քանաքեռում: Սարդարն ընդունելով նրանց՝ հաստատում է մելիքության հատուկ պատվի և բնակության տեղ տալիս Քանաքեռի մեծ ու զուտ հայաբնակ գյուղում:
Խ. Աբովյանն իր նախնիների մասին գրել է. «Իմ հայրենական տունն այս երկրում ամենահայտնիներից և ամենից հարգվածներից է»:
Խ. Աբովյանի պապի՝ պարոն Աբովի մասին հարուստ տեղեկություններ են պահպանվել 18-րդ դարի 2-րդ կեսից: Այն ժամանակվա հարուստներից և ոչ մեկը Աբովյանների համբավն ու անունը չեն ունեցել: Աբովյանների ընտանիքը շատ աշխատասեր է եղել: Նրանք հիմնել են այգիներ, մշակել խոպան հողը և այդպես դարձել ունևոր: Պարոն Աբովը եղել է մարդկային բարձր առաքինությունների տեր մարդ, որի կյանքի նպատակն էր ամբողջությամբ նվիրվել հասարակությանը, օգնել կարիքավորներին, թշվառներին, բարձրացնել ընկածներին: Նրան խորթ էր ազգային խտրականությունը: Նրա դուռը հավասարապես բաց էր ամեն ցեղի ու ազգի մարդկանց առաջ: «Բարեհիշատակ այրն երևելի մեծապատիվ Աբով»,-այսպես է բնութագրում նրան շատ տարիներ հետո Ներսես Աշտարակեցին:
Ականատեսների պատմածով՝ պարոն Աբովը եղել է մի վիթխարի գեղեցիկ տղամարդ. հպարտ, բայց մեղմ ու սիրալիր բնավորությամբ, ամեն լավ գործի համար եռանդով լի, հարուստ, բայց վերին աստիճանի բարեգործ, կարեկցող ու հյուրասեր: Նա մեծ հեղինակություն էր վայելում հայերի ու թուրքերի և, մինչև իսկ, պարսիկ մեծամեծների մոտ: Երևանում նա ուներ արհեստանոցներ, ինչպես և խանութներ, որ վարձով էր տալիս, այնուհետև հողային աչքի ընկնող սեփականություն, ևս ուներ, մասնավորապես հրաշալի այգիներ, որոնցից մեկը գտնվում էր Երևանից Թիֆլիս տանող ճանապարհի վրա ու ձգվում էր համարյա մի ժամվա հեռավորություն: Այնտեղ կային ընկույզի, խնձորի, կեռասի, դեղձի, ծիրանի, թթի, փշատի շատ հարյուրների հասնող հսկա ծառեր, ինչպես նաև խաղողի հրաշալի տարածություններ՝ հատկացված բացառապես օտարականների վայելքի և օգտագործման համար: Կողքով անցնող ամեն մի անցորդ իրավունք ուներ ներս մտնել և ցանկացածի չափ ուտել ու իր հետն էլ վերցնել: Այս այգու ձմեռային մրգերը և գինին պահվում էին մի հատուկ մառանում, որտեղ ամեն մարդ նույնպես ազատ մուտք ուներ: Տունը միշտ լիքն էր հյուրերով. Էջմիածնի կաթողիկոսը, եպիսկոպոսները, հոգևորականներն ու աշխարհականները խառնիխուռն ներս էին մտնում ու դուրս գալիս:
Պարոն Աբովը ամեն տարի կնոջ և երեխաների՝ Հարությունի և Ավետիքի հետ ուխտ էր գնում Էջմիածին՝ իր հետ տանելով առատ նվերներ: Հոգևորականները նրան պատվով ընդունում և ճանապարհում էին: Նա ազատ մուտք ուներ կաթողիկոսի մոտ, որը նրան սիրով էր ընդունում:
Երևանի խանը պարոն Աբովին ու նրա ժառանգներին շնորհում է Քանաքեռի ժառանգական տանուտերության իրավունք՝ դասելով թարխանների (այսինքն՝ արտոնյալ ազնվական ընտանիքների) կարգը: Պարսից տիրակալության շրջանում թարխաններն ազատ էին հարկերից և օգտվում էին առանձնահատուկ արտոնություններից:
Ավելի քան երեք հարյուր տարի առաջ (XVII դարի 80-ական թվականներին) Աբովյանի նախնիները բնակություն են հաստատել պատմական Քանաքեռում, որն իր աշխարհագրական ու բնակլիմայական բարենպաստ պայմաններով դեռ վաղուց էր գրավել ինչպես իշխանավորների, այնպես էլ վանականների ուշադրությունը։
Պարոն Աբովը` Խաչատուր Աբովյանի պապը, ուներ երկու որդի՝ Հարությունն ու Ավետիքը, և չորս դուստր: Որդիներից կրտսերը՝ Ավետիքը, Խաչատուրի հայրն էր: Ավետիքը և քանաքեռցի Թադևոսյանների դուստր Թագուհին ամուսնանում են 1803 թվականին: 1804-05 թ. ծնվում է Խ. Աբովյանը: Գրողի ծննդյան թվականի մասին տարբեր կարծիքներ կան (1804, 1806, 1809): Ի սկզբանե ընդունվել է 1804-1805 թվականները, հիմք ընդունելով Աբովյանի ձեռքով գրված վավերականը, որը գերմաներենով նամակ է` ուղղված գերմանացի ընկերոջը, որտեղ Աբովյանը նշում է իր ծննդյան թվականը և նկարագրում ծննդավայրը. «Ես ծնուել եմ 1804-1805 թ. Քանաքեռ զուտ հայաբնակ գիւղում, Երևանից 5 վերստ հեռավորութեան վերայ դէպի հիւսիս…»