Հետաքրքիր փաստեր

Առաջին նոտագրողը

Խ. Աբովյանը երգի և երաժշտության մասին առաջին տպավորությունները ստացել է ժողովրդական շրջիկ գուսաններից, գեղջուկ բանասացներից. «Դեռ մանկությանս տարիներին ես ինքս երգում էի և նույնիսկ այժմ էլ հիշում եմ մի քանի հատված այդ երգից, որ հյուսել էին հայ գուսանները…»: Էջմիածնում սովորելիս՝ պատանին ծանոթանում է նաև հայկական հոգևոր երաժշտությանը: Դորպատում ուսանելու տարիներին նա արդեն ձեռք է բերում երաժշտական մասնագիտական կրթություն: Շնորհիվ համառ աշխատանքի, Աբովյանը օր-օրի առաջադիմում է երգեցողության մեջ: 1834 թ.-ի փետրվարի 13-ին, Դորպատի համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցած հռչակավոր կոմպոզիտոր  Հենդելի համերգին, երգչախմբի կազմում Աբովյանը կատարել է Հենդելի «Հանդէս Ալեքսանդրի կամ զորութիւն երաժշտության» ստեղծագործությունը: Իր աշխատասիրության  ու համառության շնորհիվ սովորել է նվագել կիթառ, շրթհարմոն, կլավիր (երգեհոն), ջութակ:

Երգ և երաժշտություն Աբովյանն իհարկե աննպատակ չէր ուսումնասիրում: Նրա ցանկությունն էր այդ արվեստը տարածել հայրենակիցների մեջ. «Ամենքը պետք է սովորեն երաժշտություն»: 1834թ.-ին, Աբովյանի կատարմամբ լսելով «Յայս յարկ նուիրանաց ուխտի տեառն տաճարի…» հոգևոր երգը՝ Էմիլ Հյորշելմանը այն նոտագրել է: Այստեղ կարևոր փաստն այն է, որ առաջին անգամ հայ դպիրի կողմից կատարված հայկական եկեղեցական երգը նոտագրել է եվրոպացի երաժիշտը: Աբովյանի արխիվում պահվող այս  նոտագրությունը բազմաձայն շարադրանքի համար գրված մեղեդի է: Սա առաջին փորձն էր հայկական եկեղեցական երգը միաձայնից բազմաձայնի փոխադրելու: Այս աշխատանքների հիման վրա Դորպատի գրադարանապետ Կարլ Մորգենշտեդի կողմից տպագրված՝ Խ. Աբովյանի ուսումնասիրությունը, 19-րդ դարի առաջին կեսի հայ երաժշտության պատմության մեջ և առայժմ միակը, որի մեջ հոգևոր երգերի հետ միաժամանակ հատուկ տեղ է հատկացվել հայ ժողովրդական և աշուղական երաժշտությանը: Աբովյանն ունեցել է իր սեփական ձեռագիր շարակնոցը, որը ի նշան երախտագիտության նվիրել է Դորպատի համալսարանի գրադարանին:

Հայ երաժշտության բնագավառում Աբովյանը ծրագրում էր այնպիսի աշխատանքներ, որոնք կարողացան իրականություն դառնալ 19-րդ դարի երկրորդ կեսից միայն, հայ պրոֆեսիոնալ երաժիշտների՝ Ք. Կարա-Մուրզայի, Մ. Եկմալյանի և Կոմիտաս Վարդապետի կողմից: