Դեռ մանկուց Աբովյանն առանձնահատուկ սեր էր տածում այգեգործության նկատմամբ: Վաղ գարնանից մինչև ուշ աշուն հոր հետ անցկացնում էր Ապով պապի տնկած վիթխարի այգում, մշակում ու խնամում էր նորատունկ ծառերն ու մարգերը: Իսկ ուսանողական տարիներին հափշտակությամբ լսում էր դասախոսություններ գործնական տնտեսագիտության, գյուղատնտեսության, երկրագործության վերաբերյալ: Ավելի ուշ Աբովյանը կազմում է Հայաստանի հոգևոր և տնտեսական կյանքի վերակառուցման հատուկ նախագիծ, վերջինիս մեջ հանգամանորեն քննում է նաև Հայկական մարզի գյուղատնտեսության վիճակը և վերակառուցման ուղիներ մատնանշում:
Երևանի գավառական ուսումնարանում աշխատելու տարիներին, պաշտոնական պարտականություններից դուրս, ազատ ժամանակ Աբովյանը հարմար պահեր էր կորզում հայրենիքի տնտեսական կյանքի աշխուժացման հարցերով զբաղվելու: Որպես առաջին քայլ՝ Աբովյանը հիմնադրում է դպրոցական պարտեզ՝ հիմնավորելով. «Այսպիսի տաք և այսքան արգավանդ երկրում, այս ձեռնարկումը կունենա շատ բարերար հետևանք, և պատանեկության առողջությունը տեղիս խորշակալից մահաբեր կլիմայի ազդեցությունից պահպանելու, և երեխաներին նրանց մանկական հասակից գեղեցիկ և շահեկան զբաղմունքի ընտելացնելու տեսակետից»: Աջակցություն չստանալով՝ Աբովյանը ստիպված էր անձամբ հոգ տանել ու աշակերտների հետ աստիճանաբար կարգի բերել «իր դժբախտ պարտեզիկը», ինչպես ինքն էր անվանում: Այն զբաղեցնում էր 1800 քառ. մետր տարածք, որտեղ աճեցնում էին Հայաստանի համար բնորոշ ծառատեսակներ, թփեր, մերձարևադարձային մշակաբույսեր: Աբովյանը աշակերտներին հանձնարարում էր հանդիպած բույսերից վերցնել և դպրոցի բակում տնկել: Աշակերտների յուրաքանչյուր խումբ ուներ իր առանձին մարգը, որը խնամում էին սեփական ուժերով: Սա արդեն նոր երևույթ էր, երբ դպրոցամերձ հողամասում երեխաների ձեռքով ստեղծվում էր յուրահատուկ հայրենագիտական բուսաբանական այգի:
Աբովյանը, որպես այգեգործ, մասնագետ լինելուց բացի, նաև այգեգործ-գեղագետ էր, հատուկ սկզբունքներով էր տնկում ու դասավորում ծառերն ու մարգերը, գցում ճեմուղիները՝ ելնելով եվրոպական այգեգործության մեջ իշխող տեսական և գեղագիտական հայեցողությունից, որը այլ կերպ կոչվում էր՝ այգիների պոետիկա: Օրինակ՝ դպրոցական պարտեզի մուտքի դուռը կառուցել էր գոթական ոճով: Պատահական չէ, որ անգամ Երևանում, ուր քիչ չէին հին ու փորձված այգեպանները, հարկ եղած դեպքում դիմում էին Աբովյանի խորհրդին ու օժանդակությանը: