Ազգային գրականության դասական ԽԱբովյանի գրական հարուստ ժառանգության   մեջ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նրա դրամատիկական երկերը: 19-րդ դարի առաջին կեսերին հայ իրականության մեջ առաջինը Աբովյանն էր, որ ոչ միայն գնահատեց թատրոնի դերը ժողովրդի լուսավորության, մտավոր զարգացման գործում, այլև իր ավանդը ներդրեց ազգային դրամատուրգիայի զարգացման մեջ:

Խ. Աբովյանը`որպես առաջադեմ մտածող, իր սուր հայացքով տեսնում է թատրոնի դաստիարակչական, կրթական մեծ դերը ժողովրդին լուսավորելու գործում:

Թատրոնի նկատմամբ Աբովյանի հրապուրանքն ու հետաքրքրությունը սկզբնավորվել է դեռևս վաղ երիտասարդական տարիներից: Առաջին թատերական  ներկայացումը նա դիտել է Պետերբուրգում: 1830թ. օգոստոսի 25-ին Դորպատ ուղևորվելիս Պետերբուրգում Աբովյանը հանդիպում է իր մանկության ընկերներից մեկին՝ Ստեփանոս Նազարյանին: Նրանք միասին այցելում  են թատրոն: Այդ մասին նա իր դորպատյան հիշատակարանում գրում է. «Սիրելի իմ Ստեփանոս տարաւ զիս նոյնպես ի թեատրոնն, մեծ ներգործութիւն ետ սրտի իմո տեսարանն»:  Թե ո՛ր թատրոնում է եղել, և ի´նչ ներկայացում է դիտել, հայտնի չէ: Պետերբուրգում տեսած ներկայացումը անկեղծ ոգևորություն և հիացմունք է առաջացրել:

Խ. Աբովյանը հանդես է եկել որպես թատերական արվեստի մեծ քարոզիչ, տարածել է աշխարհիկ թատրոնի առաջին սերմերը, հիմք է դրել հայ նոր դրամատուրգիային: Նրա գրական հարուստ ժառանգության մեջ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում դրամատիկական երկերը: Աբովյանը ժառանգություն է թողել երկու թատերական  ստեղծագործություն և մեկ թարգմանական  պիես` գրված Թիֆլիսում իր պանսիոնի աշակերտների համար: Ստեղծագործությունները առանձին արժեք են ներկայացնում` արծարծած գաղափարներով, գեղարվեստական բնույթով:

Դրամատիկական ժանրով նրա առաջին փորձը «Նախաշավիղում» աշակերտական կյանքից վերցրած «Խաղարկություն մանկանց» խորագրով երկն է,   որը «Գիժն ուսումնարանում» վերնագրով  մի քանի տասնամյակ շարունակ տեղ է գտել դպրոցական դասագրքերում: Այն նաև բեմադրվել է:

Ուշագրավ ստեղծագործություն է Աբովյանի «Ֆեոդորա կամ որդիական սեր» թատերախաղը` մեկ գործողությամբ դրաման, գրված Թիֆլիսում` 1841-ին: Աբովյանի աշակերտները հիշում են․ «1841 օրհնյալ թվի ամռանը հուլիս ամսին (Աբովյանը) մեր համար պիեսա էլ էր սարքել «Որդիական սեր» վերնագրով»:

Առաջին անգամ «Խաղարկություն մանկանց» և «Ֆեոդորա կամ որդիական սեր» երկերը բեմադրվել են 1841թվականին՝ Թիֆլիսում, նախ «Շերմազանյան դարպաս» թատրոնում, այնուհետև Աբովյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ մասնավոր ուսումնարան-պանսիոնում: Հետագայում արդեն 1880-ին «Ֆեոդորան» բեմադրվում է Շուշիի թատերասերների ուժերով:

«Ֆեոդորա» թատերագրության ինքնագիր անվանաթերթը:

(Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան)

Ֆէօտօրայ կամ որտիական սէրը:

Երգախաղ, մեկ անգամ տալու:

Խաչատուր Ապովէանց

       1841 յուլիսի 11

Աբովյանի դրամատիկական մյուս երկը «Ադելաիդա ֆոն Վուլֆինգեն կամ հիշատակարան բարբարոսության երեքտասներորդ դարու» թարգմանական դրաման է, որից մեզ են հասել առաջին գործողության չորս տեսիլները միայն:

1860-ականներին Պերճ Պռոշյանը Թիֆլիսում հայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից մեկը դարձավ: Նա խորապես ոգեշնչվելով  «Վերք Հայաստանի» պատմավեպով, հատկապես Աղասու կերպարով, դրամայի է վերածում  Աղասուն վերաբերող հատվածը:

1863թ. Պ․ Պռոշյանը գրում է «Աղասի» վերնագրով պիեսը և մեծ ոգևորությամբ խաղում Աղասու դերը: Հինգ արարած։

«Աղասի»-ի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց Թիֆլիսում, քաղաքային թատրոնի հայկական ներկայացումներին:

Հետագայում Ադամ Սարդարյան-Արևշատյանի կողմից մի նոր փոփոխության ենթարկված «Վերք Հայաստանին», արդեն «Ասլան Բալասի» անվան տակ, մի քանի տասնամյակ պահպանվում է հայ պրոֆեսիոնալ տարբեր թատերախմբերի խաղացանկում:

1895թ նոյեմբերի 30-ին, Թիֆլիսի Վրաց Ազնվականների թատրոնում հայ դերասանական ընկերությունը առաջին անգամ ներկայացնում է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից կազմած պիեսը՝ «Ասլան-Բալասի» վերնագրով։ Դրամա 4 գործողությամբ և 5 պատկերով: Ասլան-Բալասիի (Աղասիի) դերը կատարեց երիտասարդ դերասան Հ. Աբելյանը։

(Ազդագրի լուսանկարը)

1896թ հունվարի 14-ինԹիֆլիսի Վրաց Ազնվականների թատրոնում ներկայացվում է «Ասլան-Բալասի» դրաման՝ 4 գործողությամբ, ըստ՝ Ադամ Սարդարյան-Արևշատյանի: Ռեժիսոր՝  Յ. Աբելյան։

(Ազդագրի լուսանկարը)

1897թ հունիսի 21-ինԱլէքսանդրապոլում Ս. փրկչի դահլիճում՝ Հայ դերասանական ընկերությունը երկրորդ անգամ ժողովրդի խնդրանքով  ներկայացնում է «Ասլան Բալասի կամ Երևանի նվաճումը» դրաման: Պատմական իրողություն 4 գործողությամբ՝ Ա. Սարդարյանի: Նյութը վերցրած է Խ. Աբովեանի «Վերք Հայաստանի» գրուածքից:

(Ազդագրի լուսանկարը)

1898թ հուլիսի 11-ին, Շուշիում Պ.Ն.Ա. Խանդամիրյանի թատրոնում, Հայ-դրամատիկ դերասանական ընկերությունը ներկայացնում է «Ասլան Բալասի կամ Երևանի նվաճումը» դրաման՝ 4 գործողությամբ, թարգմանություն՝ պ. Ադամ Սարդարյանի:

(Ազդագրի լուսանկարը)

1901թ. օգոստոսի 12-ի Ալեքսանդրապոլում քաղաքային ձմեռնային ակումբի դահլիճում, Բագուայ հայ դերասանական ընկերության անդամ՝ Խաժակի և Սողոմոնյան ամուսինների բարեհաճ մասնակցությամբ տեղի հանդիսատեսին ներկայացվեց. «Ասլան Բալասի կամ Երեւանի նուաճումը» Խ. Աբովյանի երկերից, կազմեց՝ Ա. Սարդարյանը։

(Ծրագրի լուսանկարը)

1901թ դեկտեմբերի 9-ին, Ալեքսանդրապոլում քաղաքային ձմեռնային ակումբի դահլիճում, տեղի ունեցավ թատերասերների խմբի այս սեզոնի առաջին ներկայացումը: Սարդարյանի «Ասլան-Բալասի» դրաման՝ 4 գործողությամբ։

(Ծրագրի լուսանկարը)

1948թ. սեպտեմբերի 23-ին Ա. Ի. Միկոյանի անվան պատանի հանդիսատեսի պետական թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 արարածով hոբելյանական ներկայացում` նվիրված հայ Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի մահվան 100 — ամյակին: Բեմադրությունը՝ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր՝ Տ. Շամիրխանյանի, ռեժիսոր՝ Հ. Ղափլանյան, Խ․ Աբովյանի դերում՝ Գ․ Չալիկյան։

(Ազդագրի լուսանկարը)

1948թ սեպտեմբերի 8-ին Լենինականի Ասքանազ Մռավյանի (այժմ՝ Վարդան Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվում է «Ֆեոդորա» ներկայացումը, նվիրված Մեծ լուսավորչի անհետացման 100-ամյակին Ռեժիսոր՝ Ժ. Էլոյան)։

1948թ նոյեմբերի 6-ին, Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 արարածով: Խ. Աբովյանի դերում՝ վաստ. արտիստ Ա. Փաշայան։

(Ազդագրի լուսանկարը)

1948թ դեկտեմբերի 22-ին, Ստեփանավանի թատրոնում ներկայացվեց «Խաչատուր Աբովյան» դրաման։ Ռեժ. Վ. Թաշչյան, Աբովյանի դերում՝ Վ. Թաշչյան:

1949թ մարտի 25-ին Թբիլիսիի Հայ դրամայում ցուցադրվեց «Աղասի» պիեսը։ Ռեժ. Ֆ. Բժիկյան, Աղասու դերում՝ Ա. Լուսինյան :

1949թ մայիսի 4-ին Գորիսի Վաղարշյանի անվան թատրոնում ցուցադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Ս. Միրզոյան, Աբովյանի դերում՝ Վ. Խուրշուդյան, նաև Մ. Ղազարյան։

1949թ մայիսի 5-ին Ալավերդու թատրոնում ցուցադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Աշ — Մաթ. (Աշոտ Մաթևոսյան), Աբովյանի դերում՝ Վ. Գրիգորյան, նաև Լ. Ռշտունի։

1949թ նոյեմբերի 6-ին Դիլիջանի Կուլտուրայի տան թատերախումբը ներկայացրեց «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Հ. Չախոյան, Աբովյանի դերում՝ Հ. Չախոյան։

1949թ նոյեմբերի 22-30-ին Երևանի Միկոյանի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրությունների տասնօրյակ՝ նվիրված թատրոնի 20-ամյակին: Խաղացանկում ներկայացվում է նաև «Խաչատուր Աբովյան» դրաման։

1949թ դեկտեմբերի 17-ին Էջմիածի Ամո-Խարազյանի անվան թատրոնում ներկայացվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Հ. Մանվելյան, Աբովյանի դերում՝ Գ. Ջանոյան:

1950թ հունվարի 20-ին Արտաշատի թատրոնում բեմադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Ռ. Մինասյան, Աբովյանի դերում՝ Լ. Սարգսյան։

1951թ մարտ-ապրիլ ամիսներին Ստեփանակերտի Գորկու անվան թատրոնում բեմադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Կ. Ալվարյան, Աբովյանի դերում՝  Մ. Ղորղանյան։

1950-51թթ. թատերաշրջան: Ժող. արտիստուհի Հասմիկ Հակոբյանի անվան Դիլիջանի դրամատիկ թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 գործողությամբ, 5 պատկերով: Բեմադրությունը՝Հ. Չախոյանի։

(Ազդագրի լուսանկարը)

1955թ. մարտի 31-ին Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում առաջին անգամ բեմադրվում է Հր. Մուրադյանի «Հավերժության ուղևորը» պիեսի (1947թ․) հիման վրա գրված «Խաչատուր Աբովյան» դրաման՝ չորս գործողությամբ:

Մուրադյանի պիեսի առանցքը Մասիս սարը բարձրանալու պատմությունն է։  Թատերախումբը պիեսի վրա աշխատել է շուրջ 7 ամիս: Բեմադրությունը՝ ժողովրդական արտիստ Լևոն Քալանթարի, Աբովյանի դերում` Գեղամ Հարությունյան։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀՍՍՌ ժող. Արտիստ՝ Վարդան Աճեմյան:

(Ազդագրի լուսանկարը)

1955թ հոկտեմբեր 5-6-ին Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  բեմադրվում է «Ֆեոդորա կամ Որդիական սեր» ներկայացումը, նվիրված Խ. Աբովյանի ծննդյան 150-ամյակին: Ռեժ. Գ. Մկրտչյան:

1956թ մայիսի 20-ին  Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի խաղաշրջանի փակմանը   բեմադրվում է Հր. Մուրադյանի    «Խաչատուր Աբովյան» դրաման։

1957թ մարտի 16-ին Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնում ներկայացվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Ֆ. Բժիկյան, Աբովյանի դերում՝ Ա. Լուսինյան։

1957թ հուլիսի 11-20 Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնի հյուրախաղերը   Ախալցխայում։   Խաղացանկում նաև ներկայացվում է  «Խաչատուր Աբովյան» դրաման։

1959թ Լենինականի Ասքանազ Մռավյանի (այժմ՝ Վարդան Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում, Աբովյանի ծննդյան 150-ամյակի առթիվ բեմադրվում է «Ֆեոդորա» ներկայացումը։ Ռեժ․՝ Գ. Մկրտչյան:

1965-66թթ. թատերաշրջան: Արթիկի շրջանային ժողովրդական թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 5 արարածով։

Բեմադրությունը՝  հայկ. ՍՍՌ արվեստի վաստակավոր գործիչ՝ Ա.  Մաթևոսյանի։

(Ազդագրի լուսանկարը)

1968թ Շամշադինի շրջանի ժողովրդական թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 5 գործողությամբ, 6 պատկերով:

Ներկայացումը նվիրված է Մեծ Լուսավորչի անհետացման 120-ամյանկին:

Բեմադրությունը՝  հայկ. ՍՍՀ վաստակավոր արտիստ՝ Մ. Գալոյանի

(Ազդագրի լուսանկարը)

1978г Шамшадинский народный театр поставил спектакль (посвящен 150-летию вхождения Армении в состав России) Д. Газазяна «Хачатвур Абовян» драма`в 6-ти картинах. Режиссер заслуженный артист Арм. ССР А. Галоян

(Ազդագրի լուսանկարը)

Հանրապետության պրոֆեսիոնալ թատրոնների կողքին իրենց արժանի և հաստատուն տեղն են ունեցել ժողովրդական և ինքնագործ թատրոնները: Ժողովրդական թատրոնների մեջ աչքի է ընկել Շամշադինի թատրոնը, որը ելույթներ է ունեցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

1978թ, երբ հայ ժողովուրդը նշում էր Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակը, Շամշադինի ժողովրդական թատրոնը այդ պատմական իրադարձությունը նվիրեց Դավիթ Գազազյանի «Խաչատուր Աբովյան» պիեսի բեմադրությունը: Թատրոնը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում և Բուլղարիայում։

1978թ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում, Սովետական գիտության և մշակույթի տանը Սովետական Հայաստանի Շամշադինի շրջանի թատերախումբը ներկայացրեց Դ․ Գազազյանի «Խաչատուր Աբովյան» պիեսը: Բեմադրիչ, վաստակավոր դերասան՝ Մուսայել Գալոյան։

Հուլիսի 21-ին, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Զինվորական տան սրահում, Սովետական Հայաստանի Շամշադինի շրջանի թատերախումբը ներկայացրեց Դ․ Գազազյանի «Խաչատուր Աբովյան» պիեսը: Բեմադրիչ, վաստակավոր դերասան՝ Մուսայել Գալոյան։

(Հայտարարության և թատերախմբի լուսանկարները)

Երևանի Մահուդի գորածարանին կից դերասանական կոլեկտիվը բեմադրում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 գործողությամբ: Բեմադրություն՝ Մ. Գալոյանի։

(Ազդագրի լուսանկարը)

Հայաստանի Լեսելիձեի գյուղսովետի Իլյիչի անվան կոլտնտեսության բազային թատերախումբը բեմադրում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 գործողությամբ: Ռեժիսոր՝ գեղարվեստական ղեկավար՝  Ա. Մ. Խաչատրյան

Կոնսուլտանտ, ռեժիսոր՝   հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ՝ Մ. Ա. Գալոյան։

(Ազդագրի լուսանկարը)