Մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր 2016. «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» միջոցառման երկրորդ մասը կայացավ Խ.Աբովյանի պապենական օջախի՝ ՏՈՀՄԱՏԱՆ պատշգամբում: Դեռ 2015 թ-ի նոյեմբերին Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վ.Քոսակյանը և ՀԱՊՀ քոլեջի տնօրեն Մ.Գրիգորյանը որոշել էին համագործակցության հաջորդ քայլն իրականացնել հենց այս մտահղացմամբ: Այս անգամ Աբովյանների հյուրասեր օջախում հյուրընկալվել էին ՀԱՊՀ քոլեջի նվիրյալ-սաները: Միջոցառման կազմակերպիչն էր ՀԱՊՀ-ի հայոց լեզվի դասախոս Հասմիկ Մանուկյանը: ՀԱՊՀ քոլեջի և Խ.Աբովյանի տուն-թանգարանի համատեղ ջանքերով ներկայացվեց «XIX դարի Քանաքեռը. «Ազգագրություն» խորագրով միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց 19-րդ դարի Քանաքեռի, մասնավորապես, Աբովյան գերդաստանի ազգագրությունը՝ կենցաղը, ուտեստները, ընտանիքը, աշխատանքը և այլն: Ամեն մանրուք մտացված էր. թե հագուստները, թե դեկորները և թե տարազային դետալները: Պոլիտեխնիկ քոլեջի սաները դիմավորեցին Խ.Աբովյանի ներկայիս ժառանգներ՝ ծոռնուհի Սոֆյա Պեպլոզյանին և կոռնուհի ՝ Էլբիս Պեպլոզյանին:
Այնպիսի աբովյանական շունչ կար և Քանաքեռի այնպիսի համ ու հոտ, որ ներկաները մի պահ «տեղափոխվեցին » 19-րդ դար, Քանաքեռ, դարձան Աբովյանների գերդաստանի մի մասը, նրանց սովորույթների կրողը՝ համտեսելով փոխինդ, աղանձ, գաթա, կաթնահունց………….և էլի շատ ու շատ ուտեստներ: Տեղեկատվական խոսքին հաջորդում էին ազգային երգն ու պարը, այս ամենը համեմվում էր գերդաստանի աշխատանքային եռուզեռով: Թանգարանի ավագ գիտաշխատող Ս.Ավոյանը ներկայացրեց «19-րդ դարի հայ կենցաղը և Աբովյանի նորամուծությունները թեմայով» տեղեկատվական զեկույց:
«Թանգարանների գիշեր» 2016թ-ի միջոցառումների շարքը համալրեց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ամյակին նվիրված ՀԱՊՀ-ի դասախոս Հ. Մանուկյան «Հաղթանակի երաշխավորները» և
թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մ.Բաղդասարյանի «Անկախության ճանապարհին» թեմայով զեկույցները:
«Իմ հերոսը այսօր և հավետ հայ զինվորն է…. այն զինվորը, որի համար հայրենիքը բացարձակ արժեք է, հայրենիքի մասին խոսելիս ոտքի է կանգնում, իր երկրի խաղաղության համար զոհվում է առանց կասկածելու, հանուն հայրենիքի կռվի է գնում առանց հրամանի, ով հայրենիքում չէ, բայց շտապում է նրա փրկության գործին զինվորագրվելու և նա, ով հասկանում է, որ հայրենիքը կորցնելուց հետո այլևս ոչինչ չենք ունենա կորցնելու: Մեր հաղթանակների երաշխավորն է հայ զինվորը…., ով մեզ ավանդեց մի երկիր, որ գուցե դանդաղ, բայց իր քայլերն է անում ժողովրդավար, ազատ ու զարգացող պետություն դառնալու ճանապարհին….» …. հատված Հայոց բանակին ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ նվիրված «Հաղթանակի երաշխավորները» զեկույցից….այս տողերից հետո քոլեջի սաների շուրթերից հնչեց…………«Հայր մեր»-ը: Աղոթքի ուժով հայրենասիրական երգերի համպատրաստից կատարումները հաջորդում էին մեկը մյուսին: Միջոցառումն ավարտվեց լավ իմաստով «վարակիչ» շուրջպարով, որին մասնակից դարձան և օրվա հերոսները, և հյուրերը, և թանգարանի ու քոլեջի աշխատակիցները: