Events, Uncategorized

EVENT DEDICATED TO THE 26TH ANNIVERSARY OF RA INDEPENDENCE

ՇՈՒՆՉԴ ՏՈՒ՛Ր, ՀՈԳԻ՛Դ, ԲԱՅՑ ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ
ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ…

Սեպտեմբերի 23-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում «Խ. Աբովյանի երազած անկախ Հայաստանը» խորագրով: Պատահակ չէր ընտրված խորագիրը, քանի որ մեծ լուսավորչի ամբողջ կյանքի և կրթամշակութային գործունեության հիմնական նպատակն ու պայքարը եղել է Հայաստանը և հայ ժողովրդին տեսնել ազատ, անկախ, բարեկեցիկ և կրթված:

Միջոցառման հյուրերն էին Հ. 106 «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցի ուսմասվար Գոհար Բաղդագուլյանը, պատմ. ուսուցչուհի Լիլիթ Բաղդագուլյանը, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Անահիտ Բալոյանը և «Հայկազունք» դհոլային համույթի գեղ. ղեկավար Կարեն Գևորգյանը:

Միջոցառումը մեկնարկեց թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը: Իր խոսքում տնօրենը շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ անկախության 26-ամյակի կապացությամբ և ընդհանրական գծերով անդրադարձավ անկախության պատմությանը:
Այնուհետև թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը ներկայացրեց պատմական կարճ ակնարկ՝ «Անկախության ճանապարհը»:
Միջոցառման ընթացքում թանգարանի գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը և գիտաշխատող Ս. Ավոյանը հանդես եկան զեկույցներով «Խ. Աբովյանի երազած անկախ Հայաստանը» խորագրի ներքո:
Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով.
փայլուն ելույթներով հանդես եկան «Վարդանանց ասպետներ» Հ. 106 հիմնական դպրոցի սաները: Կյուրեղյան Հելենը ասմունքեց Հ. Շիրազի «Տիգրան Մեծի վրանները», «Միջազգային ասմունքի մրցույթ»-ի «Գրանդ պրի» մրցանակակիր Գյուլումյան Ժորան ներկայացրեց Սիլվա Կապուտիկյանի «Ոգեկոչություն» բանաստեղծությունը: Նույն դպրոցի սաների կողմից ներկայացվեցին նաև ազգագրական պարեր՝ «Փափուռի» և «Եռագույն»:
Ազդեցիկ էր միջոցառման վերջին համարը.
փայլուն և գերազանց կատարում «Հայկազունք» դհոլային համույթի կողմից: Նրանց կատարմամբ վայելեցինք «Մարտական» դհոլային կատարումը:

Միջոցառումը եզրափակվեց մեծն լուսավորչի խոսքերով՝ «Քանի բերնումս լեզու կա, փորումս սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ, էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՛ք ճանաչում»:

Միջոցառման ավարտին հանրահռչակման և ցուցադրությունների բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը տնօրենի անունից շնորհակալագրեր հանձնեց «Վարդանանց ասպետներ» հ. 106 հիմնական դպրոցի տնօրեն Մ. Վարդանյանին և «Հայկազունք» դհոլային համույթի գեղարվեստական ղեկավար Կ. Գևորգյանին՝ արդյունավետ և պատրաստակամ համագործակցության համար: Ինչպես նաև միջոցառման հյուրերին և մասնակիցներին թանգարանի կողմից հանձնվեցին նվերներ՝ աբովյանական հուշանվերների նոր շարքից՝ աբովյանական բլոկնոտներ, էջանիշներ, աբովյանական առակների և բայաթիների բացիկներ՝ նկարազարդումներով, հայերեն և անգլերեն լեզուներով:
Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում, որտեղ նրանք ծանոթացան մեծն լուսավորչի կյանքին, գործունեությանն ու ստեղծագործությանը:

Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման մասնակիցներին՝ «Վարդանանց ասպետներ» հ. 106 հիմնական դպրոցին, ի դեմս՝ տնօրեն Մ. Վարդանյանի և «Հայկազունք» դհոլային համույթին, ի դեմս՝ գեղարվեստական ղեկավար Կ. Գևորգյանի՝ թանգարանի միջոցառումներին պատրաստակամ, որակյալ և ակտիվ մասնակցության համար: