Խ. Աբովյանը Էջմիածնի վանքում
Էջմիածնի վանական դպրոցը, որի հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն էր, Հայաստանում հնագույն ուսումնական հաստատությունն էր։ Խ. Աբովյանի ծնողները երազում էին, որպեսզի իրենց որդին ուսյալ լինի, իսկ ապագայում դառնա ազդեցիկ հոգևորական: Նրանք հույսեր էին կապում Էջմիածնի վանքի ազդեցիկ հոգևորականներ՝ կաթողիկոս Եփրեմ Ձորագեղցու և Անտոն Մուղնեցի արքեպիսկոպոսի հետ, որոնք Աբովյանների հեռավոր ազգականներից էին։ Նրանց օգնությամբ Խաչատուրը դառնալու էր ուսյալ վանական։ 1814 թ. 9 տարեկան Խաչատուրն ընդունվում է Էջմիածնի հոգևոր դպրոցը։
Վանքը մի ինքնամփոփ աշխարհ էր՝ իր օրենքներով ու կանոններով։ Խաչատուրի խնամակալն արքեպիսկոպոս Անտոն Մուղնեցին էր, ով իր երեխայի նման սիրեց Խաչատուրին և ոչինչ չխնայեց նրան կրթելու ու դաստիարակելու համար։ Արտակարգ հիշողության և ընդունակությունների շնորհիվ, յուրացնելով ժամագիրքը, Շարականը և Նարեկը, կարճ ժամանակում Խաչատուրը դառնում է վարժարանի առաջավոր սաներից մեկը։ Այդուհանդերձ պատանին չէր կարողանում համակերպվել վանական դպրոցի խիստ ու հակամանկավարժական կանոններին և փախչելու մի քանի անհաջող փորձ է կատարում։ Չնայած այդ ամենին, Խ. Աբովյանը երախտագիտությամբ է հիշում իր ուսումնառության տարիները. «Էջմիածինը չէ՞ր միթե, որ ես իմ կյանքում առաջին անգամ ճանաչեցի աշխարհը, որ չնայած էությամբ միապաղաղ, բայց լի էր բազմազան տեսարաններով, զգայություններով և՛ սրտակեղեք և՛ հոգեպարար և՛ սարսափելի և՛ հաճելի իրադարձություններով, որ ես ապրել եմ ինը տարեկանից սկսած…»։ Էջմիածնում հինգ տարի ուսանելուց հետո Անտոն Մուղնեցու միջնորդությամբ, 1819 թ. Աբովյանը գնում է Հաղպատի վանք, իսկ երկու ամիս անց՝ տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ընդունվում է մանկավարժ Պողոս վարդապետի դպրոցը և սովորում երկու տարի։
Խ. Աբովյանը Ներսիսյան դպրոցում
Առաջին մարդը, ով լրջորեն զբաղվեց վիրահայոց լուսավորության գործով, Ներսես Աշտարակեցին էր, ում ջանքերով էլ 1824 թ. Թիֆլիսում հիմնադրվում է Ներսիսյան դպրոցը, որտեղ նույն թվականի դեկտեմբերի 1-ից իր ուսումն է շարունակում Խ. Աբովյանը£
Ներսես Աշտարակեցու հրավերով Մոսկվայի Լազարյան ճեմարանից Ներսիսյան դպրոց տեղափոխվեցին ժամանակի նշանավոր մանկավարժ ու հասարակական գործիչ Հարություն Ալամդարյանը և մի քանի փորձառու ուսուցիչներ։ Նրանց գալը նշանակալից իրադարձություն էր դպրոցի և մասնավորապես Աբովյանի կյանքում։ Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին Աբովյանը ապրել է Տափիթաղի նշանավոր վանքում։ Աբովյանը Ներսիսյան դպրոցի լավագույն և առաջադեմ աշակերտներից մեկն էր: Անտոն Մուղնեցուն գրած նամակում Ն. Աշտարակեցին Խաչատուրին անվանում է «աշակերտների պարագլուխ», իսկ որպես քաջալերանք նրա համար կարել են տալիս նոր չուխա։
Ներսիսյան դպրոցում կրոնագիտական առարկաներից բացի ուսանում էին հայերեն, պարսկերեն, ռուսերեն, աշխարհագրություն, պատմություն, ճարտասանություն, տրամաբանություն և այլ առարկաներ։ Խ. Աբովյանը ոչ միայն ուսուցիչների, այլև ընկերների սիրելին էր։ Հատկապես նկատելի էր նրա մտերմությունը Առաքել Արարատյանի, Հովհաննես Շերմազանի Վարդանյանցի և Ստեփանոս Եսայան Նազարյանցի հետ։ Ներսիսյան դպրոցում Աբովյանը սովորում է մինչև 1826 թվականը:
Ուսումը Մխիթարյան Միաբանությունում շարունակելու մտադրությամբ Աբովյանը գնում է Հաղպատ՝ կաթողիկոսից թույլտվություն ստանալու, սակայն նրա նպատակը չիրականացավ:
Աբովյանը Դորպատի համալսարանի ուսանող
Արարատյան վերելքը բեկումնային եղավ Աբովյանի կյանքում։ Արշավախմբի հետ անցկացրած օրերին Աբովյանը հայտնում է Պարրոտին իր ցանկությունը՝ սովորել եվրոպական որևէ առաջավոր համալսարանում: Պրոֆեսորը խոստանում է օգնել։ Ֆ. Պարրոտի աջակցությամբ և նրա հոր՝ Գեորգ Պարրոտի միջնորդությամբ Խ. Աբովյանը 1830-1836 թթ. սովորում է Դորպատի համալսարանում: Դասընթացները սկսելու համար Աբովյանը ձեռնամուխ եղավ գերմաներեն լեզվի ուսուցմանը: Հինգ ամիսների ընթացքում, Աբովյանը տիրապետելով գերմաներենին, որպես ազատ ունկնդիր հաճախում է համալսարան: Նա լսում է դասախոսություններ աշխարհագրությունից, հոգեբանությունից, համաշխարհային պատմությունից, եվրոպական գրականությունից, տրամաբանությունից, ուսումնասիրում է մարդաբանություն, բնագիտություն, բուսաբանություն, երկրագործություն, երկրաչափություն, տիեզերագիտություն, աստղագիտություն մաթեմատիկա, ֆիզիկա, վիրաբուժություն, հաճախում է երաժշտության դասերի, սովորում է նվագել շրթհարմոն, կլավիր, ջութակ, կիթառ, սովորում է մի շարք օտար լեզուներ՝ լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն: Դորպատից վերադառնալիս նա տիրապետում էր մոտ տասը օտար լեզուների (գերմաներեն, լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, ռուսերեն, պարսկերեն, քրդերեն, վրացերեն, թուրքերեն): Աբովյանին նախապատրաստելով հայության համար ուսուցչի ու դաստիարակի կոչման՝ Պարրոտը չէր սահմանափակվում միայն տեսական առարկաներով, համալսարանական դասախոսություններով: Նա պարտադիր էր համարում, որ իր սանը, ինչպես հարկն է, լրջորեն սովորի նաև անհրաժեշտ արհեստներ՝ դրա համար դիմելով քաղաքի առաջնակարգ վարպետների օգնությանը: Աբովյանը աստիճանաբար սովորել է ապակեգործություն, կազմարարություն, ասեղնագործություն, հացթուխություն, ճակնդեղից շաքար պատրաստելու եղանակը, վիմատպություն, ձեռագրերի պատճենահանման եղանակներ և այլն: Դորպատյան հինգ տարիների ընթացքում Աբովյանը յուրացրեց համակողմանի գիտելիքներ, ինչը նրա հումանիստական աշխարհայեցողության հիմքը դարձավ։ Դորպատում ծանոթացավ եվրոպական վարք ու բարքին, մշակույթին, շրջագայեց մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Մոսկվա և Պետերբուրգ քաղաքներում։ Շնորհիվ իր ջանասիրության, եռանդի և ընդունակությունների, Աբովյանը վայելում է պրոֆեսորների սերն ու համակրանքը։ Նա եղել է Դորպատի մտավորականության ցանկալի հյուրը: Նրան դիմում էին «Լիբեր Արմենիեր» /սիրելի հայ/ բառերով: Աբովյանը ստանալով մանկավարժի որակավորում, 1836թ-ի հունվարի կեսերին բռնում է հայրենիք վերադարձի ճանապարհը։ Դորպատյան ուսումնառության 5 տարիները Աբովյանի համար դարձավ հոգևոր վերածննդի ժամանակաշրջան: Այսպիսով, ավարտելով ուսումը, Աբովյանը հայրենիք է վերադառնում որպես առաջադեմ գաղափարների, եվրոպական մտքի տեր լուսավորիչ, գրող և մանկավարժ, ով իր գիտելիքները, փորձն ու հմտությունը պետք է ծառայեցներ հայրենի ժողովրդի լուսավորության, հոգևոր ու տնտեսական կյանքի վերափոխմանը գործադրելու, հայրենակիցների շրջանում ապրելու և աշխատելու համար: