Բարեծնունդ պարոն

իսկական պետական խորհրդական

Ա˜խ, ո˜րքան հաճախ մարդս ինքն իրեն պիտի հանդիմանե իր փոքրոգության մեջ: Ամենագետն աստուծո առաջնորդությունը ոչ ոքի չի թղնիլ այն վիճակում, որ մենք սարսափելի ենք համարում: Իմ այժմյան պաշտոնս արդեն ինձ ամսահման մխիթարություն է պատճառում, թեև դա որոշ դժվարությունների հետ է կապված, բայց դա ինձանից անբաժան լինելով, թանկագին է դարձել: Երկու հարյուրի չափ աշակերտ ամեն օր շրջապաոտւմ են ինձ. սրանց սերը, սրանց համակրությունը բարձրացնում է ինձ ամեն երկրայինից վեր: Մանկական աշխարհը վաղուց ի վեր բոլոր երկրային սրտահաճ բախտավորությունից ինձ համար ամենաբարձրն է եղել: Մանուկների կրթելն աշխարհիս երեսին ամեն բան է ինձ համար և դեռ ավելի, քան որ սրանց մեծագույն մասն իմ ազգակիցներից են, իսկ մյուսները, վրացի ու թաթար իմ երկրացիները:

Սակայն ինչ որ ինձ ամենից ավելի է խանգարում այս հաճույքը վայելելու, այդ այն անկատարելությունն է, որ կա ինչպես իմ մեջ, այնպես և պաշտոնակիցներիս մեջ, և ավելի ևս այն գրավոր կարգադրությունների մեջ, որ մեր ձեռքն է տրվում: Եթե այս բաները ժամանակին մի կողմ թողնվեն, ես այն ժամանակ է՛լ ավելի հմտությամբ ու փորձառությամբ գործի կկպչեմ, թերևս կարողանամ շատ բան փոփոխել. այսպես ես կկարողանամ իմ գավառական դպրոցով մրցել Եվրոպայի լավագույն դպրոցների հետ: Ցարդ մեզ ուղարկվել են այնպիսի հրահանգներ, որոնք Պետերբուրգի հանգամանքներից ելնելով են գրվել և ոչ այստեղի, որ ամենաբնականը կլիներ:

Սակայն հերիք է այս մասին, գուցե ես չափազանց շատ եմ ասում: Խնդրում եմ ձեզանից մի բարիք անեք և Պարրոտի մասին մի բան հաղորդեք ինձ: Նրա լռությունն  ինձ զարմացնում է: Ընդունեք իմ սրտագին հարգանքը ձեր թանկագին ընտանիքին և մի մոռանաք Ձեզ ջերմագինս օրհնողին:

Խ. Աբովյան

1838թ. 19 մայիսի, Թիֆլիս