Հետաքրքիր փաստեր

Առաջին օդերեվութաբանը

Հետաքրքրական է, որ առաջին անգամ Երևանում օդերևութաբանական դիտարկումներ կազմակերպել է Խաչատուր Աբովյանը:

Երևանի գավառական դպրոցում օդերևութաբանական դիտարկումներ կատարելու փաստը ինքնին նշանակալից երևույթ էր: Իր մանկավարժական գործունեության ընթացքում Աբովյանը, աշակերտների հետ հայրենագիտական, հետազոտական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, հայ իրականության մեջ առաջին անգամ կազմակերպել է օդերևութաբանական, ծանրաչափական, ջերմաչափական և խոնավաչափական դիտարկումներ՝ մասնագիտական գործիքներով: Երևանում 1844-45թթ. նրա ղեկավարությամբ իրականացվել են արտաքին օդի ջերմաստիճանի և ճնշման, քամու արագության, ուղղության, տեղումների և այլ պարամետրերի դիտարկումներ: Աբովյանը հավաքագրած տվյալները գիտականորեն մշակում է, ամփոփում դիտարկումների արդյունքները մեկ աշխատության մեջ և հրատարակելու նպատակով ուղարկում «Կովկաս» լրագրի խմբագրին: Սա Հայաստանում օդերևութաբանական մասնագիտական գործիքներով անցկացված դիտարկումների հիման վրա կառուցված, գիտականորեն հիմնավորված առաջին աշխատությունն էր, որը ցավոք մեզ չի հասել:

1844 թվականին Խաչատուր Աբովյանը ուղեկցել է Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հերման Աբիխին՝ Հայաստանում շրջագայությունների ժամանակ: Աբիխը կատարում էր ուսումնասիրություններ Անդրկովկասի և Պարսկաստանի երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ: Նրա խնդրանքով Խ. Աբովյանը Երևանի գավառական ուսումնարանում կատարել է նաև զուտ գիտական-գրական աշխատանքներ և ուսումնասիրություններ, որոնց արդյունքը նա ուղարկել է Աբիխին և «Կովկաս» լրագրի խմբագրություն՝ տպագրելու համար: Այսպիսով, վստահորեն կարելի է փաստել, որ Աբովյանի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ, իրագործվել է Հայաստանում առաջին օդերևութաբանական կայանի առաջին դիտարկումները: