Հետաքրքիր փաստեր

Առաջին հայ լեռնագնացը

Բնաշխարհիկ հայերը, նաև հարևան ազգերն ու ժողովուրդները, Հայկական բարձրավանդակ այցելած օտարազգի գիտնականներից ու ճանապարհորդներից շատերը, դարեր շարունակ հավատացել են, թե Արարատը սուրբ լեռ է, իսկ նրա ձյունապատ գագաթը՝ մահկանացուների համար անմատչելի: Եւ Նոյից հետո ոչ մի հողածին չի հանդգնել պղծել գագաթը, կատարված փորձերն էլ դատապարտվել են անհաջողության:

1829թ․-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը իր արշավախմբով ժամանում է Հայաստան, Արարատ լեռը բարձրանալու նպատակով: Կաթողիկոսի հանձնարարությամբ Խ. Աբովյանը միանում է արշավախմբին, որպես ուղեկցող և թարգմանիչ։ Սեպտեմբերի 12-ին և 18-ին ձեռնարկած վերելքի երկու փորձերը ձախողվում են։

Սեպտեմբերի 26-ին, լույսը դեռ չբացված, արշավախումբը դուրս է գալիս Ակոռի գյուղի ս. Հակոբի վանքից և երրորդ անգամ ուղղություն վերցնում դեպի լեռան գագաթը: Վերելքն իրականացվում է հյուսիս-արևմտյան կողմից: Չհասած հավերժական ձյան սահմանին, ծովի մակարդակից 3910 մ բարձրության վրա, խումբը կանգ է առնում գիշերելու:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 5․30-ին արշավախումբը սկսում է վերելքի վերջին փուլը և կես ժամ անց արդեն անցնում է հավերժական ձյան սահմանը: Հաղթահարելով ևս մի քանի բլուր և սառցադաշտ, ժամը 15.15-ին արշավախումբը հասնում է լեռան գագաթը: Խ. Աբովյանը ձյան մեջ կանգնեցնում է իր ուսերի վրա բերած 1,5  մ բարձրություն ունեցող խաչը:

Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտական արշավախումբը և Էջմիածնի երիտասարդ դպիր Խաչատուր Աբովյանը, համաշխարհային լեռնագնացության պատմության մեջ առաջին անգամ՝ հաղթահարելով հայոց սրբազան լեռան իրական վտանգները՝ երկօրյա դժվարին և տանջալից վերելքից հետո, ոտք դրեցին բիբլիական Մասիսի բարձրագույն գագաթին:

Արարատյան գիտարշավն ու վերելքը մեր գիտության ու մշակույթի համար բախտորոշ հետևանքներ ունեցան: Դրանով սկսվեց Արևելյան Հայաստանի ընդերքի ու բնական հարստությունների հետազոտությանը և ուսումնասիրույանը, կազմվեցին դրանց օգտագործման մասին առաջին ծրագրերը, որոնք երկրամասի տնտեսական կյանքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեին:

Մեկ ամիս անց արշավախումբը բարձրանում է նաև փոքր Մասիսի գագաթը՝ կատարելով բնապատմական, ֆիզիկա-աշխարհագրական, հնագիտական հետազոտական աշխատանքներ:

… Չնայած տևական ու չարամիտ զրպարտանքներին, որոնք ամեն գնով փորձում էին հերքել վերելքի հնարավոր լինելը, դա կատարված իրողություն էր և ճշմարտություն, որը ճանապարհ բացեց գալիք բոլոր լեռնագնացների և բնախույզ գիտնականների առջև: Մինչև դարավերջ՝ Արարատի գագաթ են բարձրացել բազմաթիվ այլ գիտնականներ ու ճանապարհորդներ, և բոլորն էլ հրապարակորեն երախտագիտությամբ առաջնության դափնիները թողնել են Պարրոտին և Աբովյանին:

Այս նշանավոր պատմական իրադարձությամբ սկիզբ դրվեց հայ լեռնագնացության պատմությանը, իսկ հոկտեմբերի 9-ը հռչակվեց Հայաստանի լեռների և լեռնագնացների օր։