Հետաքրքիր փաստեր

Առաջին հայրենագիտական թանգարանի հիմնադիրը

1846թ․-ին Աբովյանը իր ղեկավարած Երևանի գավառական դպրոցում, աշխարհագրության ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար, հիմնում է առանձնասենյակ, այսպես կոչված «հնությունների կաբինետ»: Այստեղ հիմնականում ցուցադրվում էին երկրաբանական և պատմական նմուշի հավաքածուներ: Աբովյանը անհրաժեշտ էր համարում կաբինետում տեղադրել նաև Արևելյան Հայաստանի ապարատեսակների, օգտակար հանածոների, բուսական ու կենդանական աշխարհի նմուշներ:

Հնությունների կաբինետում էր պահվում նաև բռնագրավված Բաշ-Գառնիի «Տրդատա թախտ» կոչվող հեթանոսկան տաճարից վերցված չորս հիանալի բեկորներ: Աբովյանի անհայտացումից հետո, հայտնի չէ, թե ինչ եղան կաբինետում գտնվող բնական նմուշները: Միայն անտիկ շրջանի քանդակազարդ չորս խոյակները բարեբախտաբար պահպանվեցին և 1970-ական թթ․-ի սկզբին, երբ անվանի ճարտարապետ Ալ. Սահինյանի ջանքերով սկսվեցին Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման աշխատանքները, Խ. Աբովյանի շնորհիվ փրկված չորս խոյակները տեղադրվեցին:

Կարևոր նշանակություն ունեցավ դպրոցում Աբովյանի ստեղծած կաբինետը: Նրա օրինակով հետագա տարիներին կազմակերպվեցին պատմության և երկրաբանության թանգարաններ: Այն հանդիսացավ նաև մեր օրերում հանրակրթական դպրոցներում գործող աշխարհագրության և պատմության առարկայական կաբինետների նախատիպը: