Հետաքրքիր փաստեր

Առաջին հայատառ գլոբուսի հեղինակը

Դորպատյան ուսումնառության տարիներին, Աբովյանի համար Ֆ. Պարրոտի կազմած կրթական ծրագրում աշխարհագրությունը կարևոր տեղ է զբաղեցրել: Նա ուսումնասիրում էր աշխարհագրությանը հարակից մի շարք առարկաներ ևս՝ աստղագիտություն, բուսաբանություն, ֆիզիկա, երկրագործություն: Օրագրերի գրառումները վկայում են նաև, որ առարկայի յուրացման ընթացքում բավական ժամանակ է հատկացվել գործնական աշխատանքներին: Եվ արդյունքում Աբովյանը իր ձեռքերով պատրաստել է առաջին հայագիր գլոբուսը և անվանել «արհեստական երկրագունդ»:

Խ. Աբովյանը իր ուսուցչի օգնությամբ ստվարաթղթի վրա կատարում է գլոբուսի չափագրումներ, հաշվարկներ, հետո գծագրում է սեգմենտի ձևանմուշը, ստանում հասարակածային առանցքը, գծագրում և կառուցում գլոբուսի փռվածքը,  զգուշորեն կտրատում մասերն առանձին-առանձին: Աշխատանքների հաջորդ փուլում պատրաստում է «կավե գունդ», որի միջով անցնում էր փայտե առանցքը, իսկ վերջում Աբովյանը տեղադրում  և ներկում է աշխարհամասերը, օվկիանոսները և այլ աշխարհագրական օբյեկտներ: Օրագրում ինքնաշեն գլոբուսի մասին վերջին գրառումը արվել է 1832  թ. հունվարի 20-ին. Աբովյանը գրել է. «Նա տեսեալ զգունդն իմ ի պատրաստեալ և հայերեն գրով գրեալ զանունս հողոց, ասէ զարմանայիշատակ բանս. «Ահա առաջին գունդն երկրի, գրեալ հայերէն տառիւ»: Իսկապես, Խ. Աբովյանի պատրաստած այս գլոբուսը հայկական գրերով առաջին ուսումնական գլոբուսն է եղել մեր իրականության մեջ:

Աբովյանի քարտեզագրական աշխատանքները վկայում են այն մասին, որ մեծ լուսավորիչը գիտեր աշխարհագրական սխեմատիկ քարտեզներ գծագրել և ուսումնական գլոբուսներ պատրաստել: Նա գծագրում է Արևելյան Հայաստանի և Հյուսիսային բարեխառն գոտու քարտեզները և ծառայեցնում դրանք աշակերտների կրթության ու դաստիարակության գործընթացին: