Հայկական դպրոցների իրականության մեջ ուսումնական նպատակներով էքսկուրսիաներ առաջին անգամ սկսեց անցկացնել Խ. Աբովյանը: Գործող ծրագրերում ուսուցիչների առջև դեռևս ոչ մի պահանջ չէր դրվում էքսկուրսիաներ կազմակերպելու վերաբերյալ: Աբովյանն անց էր կացնում սեփական նախաձեռնությամբ: Թիֆլիսում աշխատելու տարիներին էքսկուրսիաները կազմակերպում էր մասնավոր պանսիոնի աշակերտների հետ:
Առանձնապես մեծ արժեք են ներկայացնում նրա նախկին սաների հիշողությունները։ Ահա այդպիսի մի օրինակ Թիֆլիսի պանսիոնի նախկին աշակերտներից մեկի՝ Աքիմյան Գեորգիի (Եգորի) հուշերից. «Զբոսնելու համար, ճաշից հետո, աշակերտներիս տանում էր Սոլոլակի կողմերը, որտեղ այգիներ էին, վերևն էլ անտառով պատած էր։ Վարժապետս սիրում էր բնության մեջ բացօթյա դասախոսել, զրույցով բնության երևույթները բացատրել…»:
Խ. Աբովյանի կազմակերպած երկարատև էքսկուրսիայի մասին է պատմում Երևանի գավառական ուսումնարանի նախկին սան Հովհաննես Ղորղանյանը՝ ընդգծելով, որ Խ. Աբովյանը, իբրև եվրոպական կրթության տեր մարդ, լավ էր հասկանում էքսկուրսիաների դերն ու նշանակությոնը երեխաների կյանքում և հաճախ էր կազմակերպում։ Նրա նկարագրած էքսկուրսիան տեղի է ունեցել դեպի Գեղարդ և տևել է երկու օր։ Բոլոր երեխաները ձիերով են եղել. «…Չնայած մեծ բազմության, այնուամենայնիվ, բոլորի ծախսն ինքն է հոգում։ Խմբի մեջ բացի հայերից մտան և երկու պարսիկ աշակերտներ: Ճանապարհին շատ ուրախ էինք, ձի էինք քշում, քշելու ժամանակ Աբովյանը աշակերտից առաջ չէր անցնում, հաղթությունը միշտ աշակերտին էր թողնում։ Երեկոյան դեմ հասանք Գեղարդ, դեռ վանք չհասած կողքին բնական քարե մի դալդալըղ կար, մտանք այնտեղ, ձիանքը կապեցինք. ապա հրամայեց իսկույն կրակ անել։ Աշակերտներն իրենց խանչալներով փայտեր կոտորեցին և մի քանի րոպեում ահագին խարույկ պատրաստեցին։ Եղանակը մի քիչ ցուրտ լինելով, պատվիրել էր բոլորին տաք հագնվել և կրակից չհեռանալ։ Մի քիչ հանգստանալուց հետո, ըստ հին սովորության, սկսեցինք կրակով խաղալ, Աբովյանը աշակերտներին հրում էր դեպի կրակը, իսկ մենք էլ երբեմն իրեն կրակի մեջ էինք ձգում և ներողություն խնդրում. սակայն բոլորովին չէր նեղանում ասելով «խաղի ժամանակ մարդ կրակն էլ կընկնի — խաղանք, ոչինչ»։ Ընթրիքից հետո պառկեցինք քնելու, այդ ժամանակ էլ Աբովյանը զանազան պատմություններ արավ…»: Այնուհետև հեղինակը հիշում է, թե ինչպես ոչխար գնեցին, խորոված կերան ձորում և հաջորդ օրը տուն վերադարձան։ Նման երկարատև էքսկուրսիաներ Աբովյանը հաճախակի է կազմակերպել, որը պահանջում էր մանկավարժից ավելի շատ ժամանակ, ուժ, հմտություն և կարևորը աշխարհաճանաչողություն։
Պ. Պռոշյանը իր «Հուշիկներ»-ում պատմում է. «…Տեսուչ աղան մի ուրիշ նորություն ևս սահմանեց. նա զարմացավ, երբ մեզանից լսեց, որ զրկված ենք լողանալուց: Նա ինքը նույն երեկոյան պահուն մեզ տարավ գետը, «Ավազագյոլ» կոչված լճի մեջ լողացրեց, ինքն էլ մեզ հետ լողացավ: Հիանալի լողորդ է եղած աղան… Երեք օր անդադար գալիս էր Տեսուչը մեզ այցելություն, աչքով չտեսած ու ականջով չլսած նորություններն էր մտցնում խալիֆայական մահակի ու ռոզգու սովոր աշակերտներիս մեջ. նոր նոր խաղեր էր սովորեցնում. ինքը խաղում էր մեզ հետ և ստիպում վարժապետին հետևել իր օրինակին»:
Խ. Աբովյանը իրավամբ առաջին ուսուցիչն էր Արևելյան Հայաստանում, ով սկսեց դասարանական պարապմունքների հետ հավասար անցկացնել էքսկուրսիաներ դեպի շրջապատող բնությունը: Դրանք վերաբերում էին ոչ միայն աշխարհագրությանը, այլև պատմությանը և նույնիսկ գրականությանն ու լեզվին։